ՀՀԿ-ական ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով չափազանցված են այն լուրերը, թե իշխանության ներսում կա լարվածություն, մասնավորապես' վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ:
«Ես լարվածություն չեմ նկատում, կոնկրետ ձեր բարձրացրած հարցի հետ կապված' լարվածություն ընդհանրապես չկա: Կա Ազգային ժողով, կա Կառավարություն... և´ մեկը, և´ մյուսը իր բնականոն աշխատանքի մեջ է»,-շեշտեց Արդակ Դավթյանը:
ԳԱԼԱ-ի դիտարկմանը, թե խնդիրն այն է, որ լրջագույն մեղադրանքներ են հնչում' ուղղված վարչապետին, Հովիկ Աբրահամյանին, արդյոք Սերժ Սարգսյանը կպատժի՞ ձեր գործընկերներից որևէ մեկին, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Մեղադրանք ներկայացնում է Սահմանադրությամբ միայն մեկ մարմին: Դա դատախազության իրավասության շրջանակների մեջ է: Որևէ մեկ այլ մարմին մեղադրանք է ներկայացնում, ինչ է ասում, դա արդեն
օրենսդրական դաշտից դուրս է: Թե չէ' պատիժ ասելով ի՞նչ եք հասկանում: Քրեաիրավական հարթության ինչ-ինչ հարցեր պետք է լինեն, որոնք, ըստ էության, արդարադատության համակարգում պետք է լուծում գտնեն: Կարծում եմ, որ միանշանակ, եթե կա արարք քրեորեն պատժելի, ապա այդ արարքը անպայման պիտի պատժի արժանանա»:
Իսկ եթե չի արժանանո՞ւմ պատժի, եթե դատախազական մարմինները կոծկո՞ւմ են քրեաիրավական հարթության հերթական դեպքը, որովհետեւ պրակտիկան ցույց է տալիս, որ ձեր մատնանշած դատախազական մարմինները անկախ չեն հարցին Դավթյանը արձագանքեց. «Գիտեք, հիմա որ դուք ասում եք' շատ դեպքերում այսպես-այնպես, ինչ կլինի, եկեք ո´չ դուք, ո´չ ես որոշակի մարմինների փոխարեն չխոսենք: Ես կարծում եմ՝ ամեն ինչ շարունակական զարգացման մեջ է: Մի փոքր որ համբերություն ունենանք, բոլոր հարցերի պատասխանները կստանանք»:
Ա. Վարդանյան