Օրերս Դավթաշենի 4-րդ թաղամասի 46 շենքի բակում արմատախիլ էին արել վեց պտղատու ծառ, որպեսզի այդ տարածքում կառուցապատում իրականացնեն: Նշենք, որ հենց շենքի դիմաց կառուցվում է երեք հարկանի մի շինություն, որն, ինչպես ասել են բնակիչներին, մանկական սրճարան է լինելու, սակայն այդ շինությունը փակում է շենքի բնակարանների արևի լույսը, բացի դրանից, այդ կառույցի պատճառով ոչնչացվում է կանաչ տարածք, որը ստեղծել են մարդիկ տարիներ շարունակ: Այսօր այդ շենքի բնակիչները դարձյալ ահազանգել էին խնդրի մասին:

Վերոնշյալ շենքի բնակչուհի Անահիտ Ավագումյանը, ով շենքի առաջին բնակիչներից է, ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմել է, որ այդ տարածքը սկզբում եղել է քարակույտերի մեջ, և շենքի բնակիչները իրենց ուժերով մաքրել են տարածքը, ամեն մի ծառը, թուփը տնկել են, մշակել են ու փայփայել և ծառերը բերքատու են դարձրել, իսկ հիմա եկել են ինչ-որ մարդիկ ու իրենց ծառերը հանում են: Նշենք, որ բնակիչների հավաստմամբ այդ տարածքի շինությունը կապվում է Դավթաշենի թաղապետարանի ինչ-որ աշխատակցի հետ:

«Ես տեսա երկու օր առաջ, որ մրգատու ծառը պոկեցին, մենք նորից տնկեցինք, հաջորդ օրը նորից պոկեցին տարան: Մենք թույլ չենք տալու, որ գան ու քանդեն մեր մշակած հողը, և բացի դրանից, կարծես մեր աչքի դեմը փակեն, մենք թթվածին չունենք շնչելու: Մենք ծառերը դրել ենք, որ մեր երեխաները, մենք իջնենք բակ ու օդ շնչենք: Ասում են՝ կառուցում ենք մանկական սրճարան, չորս պատը կանգնեցրել են, բայց ոչինչ չեն անում: Ինձ հետաքրքիր է, հնարավոր չէ՞ր սա փողոցի մյուս մայթին կառուցեին, մեզ պետք չեն շինություններ: Երբ որ մենք ուզում էինք ավտոտնակներ կառուցել, չէին թույլատրում, իսկ հիմա բերել են երեք հարկանի շինություններ են սարքել, լույսն են կտրել մարդկանց, հիմա էլ թթվածինն են ուզում կտրեն: Պայքարելու ենք, եթե գան քանդելու, ես անձամբ թույլ չեմ տալու, և մենք թույլ չենք տալու, որ այստեղ որևէ բան սարքեն»,- ասել է Անահիտ Ավագումյանը:

Խնդրին ահազանգել էին նաև «Բարև Երևան» դաշինքի ավագանու անդամները: Նրանցից բնակիչների հետ հանդիպման էին եկել Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Բաղդասարյանը, Դավիթ Սանասարյանը:

Մեզ հետ զրույցում Դավիթ Սանասարյանն ասել է, որ այդ շենքի բնակիչներից մեկը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր այդ մասին, և ինքը տեղեկանալով այդ ամենի մասին՝ տեղում նամակ էր պատրաստել Տարոն Մարգարյանին՝ որպես ավագանու անդամ, ու բարձրացրել այդ խնդիրը, սակայն դեռևս պատասխան չի ստացել:

«Իրենք նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ-մեծ, ժողովրդական լեզվով ասած՝ ճոռոմ-ճոռոմ խոսք էին տալիս, որ մեկ ծառ անգամ թույլ չեն տալու, որ հատվի, բայց այս օրվա ընթացքում արդեն երկրորդ բակն ենք գալիս, որտեղ կանաչ են

ոչնչացնում: Երբ ծառերը տարել են, ասել են՝ տանում ենք ուրիշ տեղ: Իմ կարծիքով կարող են ուրիշ տեղ աճեցնեն, տանեն ուրիշ տեղ, բայց այդ շենքի բնակիչները աճեցրել են հենց այդ շենքի բակի համար, թթվածինը ստեղծելու համար, և դա ուրիշ տեղի համար չեն արել: Դա որևէ հիմնավորում չունի: Ու հետո գալիս է ինչ-որ մի հաստավիզ ու ասում է՝ ինչ ուզենք անելու ենք»,- նշել է Սանասարյանը: Վերջինս տեղեկացրել է, որ այդ տարածքում ոչ թե մանկական սրճարան են կառուցում, այլ ավտոսպասարկման կետ է կառուցվում:

«Եթե այդ մանուկները իրենք են, ու ավտոսպասարկման կետը մանուկների սրճարանն է, ապա ես ասելիք չունեմ: Անգամ եթե սարքում են մանկական սրճարան, դա սարքում են առանց ծառեր հանելու»,- ասել է Դավիթ Սանասարյանը:

Նա նաև ասել է, որ այս տարածքը իբրև թե աճուրդով են ձեռք բերել, բայց այստեղ էլ, ավագանու անդամի խոսքով, աճուրդի մասին օրենսդրությունն է խախտվել, քանի որ օրենքի համաձայն՝ աճուրդի մասին առաջինը պետք է իմանան այդ տարածքի բնակիչները, իսկ նրանք տեղյակ չեն դրա մասին:

Սանասարյանը նաև ասել է, որ իրենք բնակիչներին տեղեկացրել են, որ եկել են իրենց քաջալերելու և ասելու, որ անգամ եթե տեխնիկա մտցնեն, իրենք այդ տեխնիկայի առաջ կանգնելու են:

Ի դեպ, երբ Երևանի ավագանու անդամները բակում զրուցում էին քաղաքացիների հետ, այնտեղ էին քիչ թվով բնակիչներ, իսկ շենքը բազմաբնակարան է, և շատերը զրույցին հետևում էին ընդամենը պատուհաններից: Եվ այն, որ բոլոր բնակիչները ակտիվություն չեն դրսևորում ստեղծված խնդրի լուծման համար, այդ մասին բարձրաձայնեց նաև Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, որ միայն միահամուռ կերպով այդ հարցը կլուծվի:

 

Լիլիթ Թադևոսյան

Լուսանկարները՝ ներքեւում