Թուրքիայի իշխանությունները որոշել են փոփոխել բանակի կանոնադրությունը' զրկելով նրան պետական հեղաշրջումներ կազմակերպելու իրավունքից: Համապատասխան փոփոխությունները Թուրքիայի կառավարությունը հունիսի 27-ին ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը. գրում է Hurriyet Daily news-ը:

Փոփոխությունները սահմանափակում են զինվորականության ունեցած դերը երկրի ներքին քաղաքական կյանքում: Նրանց հիմնական խնդիրը Թուրքիայի արտաքին անվտանգության ապահովումն է: Օրինագիծը խորհրդարանը կքննարկի 2013թ. աշնանը:

Թուրքական բանակին հեղաշրջումներ կազմակերպելու իրավունքը տրվել էր 1960-ին: Դրանից հետո զինվորականները 4 անգամ պետական հեղաշրջում են կազմակերպել: Թուրքական կառավարությունն այս փոփոխությունները պատրաստել է զանգվածային բողոքի ցույցերի ֆոնի վրա, որոնք սկսվել էին մայիս ամսին: Ի սկզբանե ցուցարարները պահանջում էին դադարեցնել Ստամբուլի Ղեզի զբոսայգու ապամոնտաժման աշխատանքները: Արդյունքում ակտիվիստների մոտ առաջ եկան քաղաքական լոզունգներ, և նրանք սկսեցին պահանջել վարչապետ Էրդողանի հրաժարականը: