Nrnak.com. «Շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ, որոնք բողոքում են և ինչ-որ խնդիրների լուծում են պահանջում, նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները նրանց պատասխանում են հետևյալ կերպ' մենք ինչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի: Սա անթույլատրելի մոտեցում է, քանի որ մարդկանց ուղղորդում են, որ գան կառավարության դիմաց միտինգներ անեն: Կոմպետենտ չեն այդ միջին օղակի աշխատողները, թե հատուկ են դա անում, իրենց լիազորությունների շրջանակում հարցերի վերաբերյալ գոնե տան պարզաբանումներ, այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն»:- Մեջբերվածը մի հատված է երեկվա Կառավարության նիստին վարչապետի խոսքից, որի մասին կուզենայի մի քանի խոսք ասել:
Անշուշտ տեղին է վարչապետի դժգոհությունն ու զայրույթը կապված մեր պետական ապարատում աշխատող մանր ու միջին պաշտոնեության' հասարակության հանդեպ բռնած դիրքի հետ: Տեղին է այնքանով, որ վերջիններս նախ մոռացել են, որ իրենք պետական ծառայողներ են և գոնե կոչված են իրենց խնդրակուների հարցերին պատշաճ պարազաբնումներ տալու /դեռ մի կողմ թողնելով լուծումը/: Մյուս կողմից տեղին է նաև, որովհետև պետական ծառայողները սնվում են պետական բյուջեից, որը բոլորիս համար էլ պարզ է' գոյանում է մեր հարկերից. հետևաբար, որևէ մեկիս համար տհաճ է կերակրել մեկին, ով ուղղակի հավես չի անի իրեն ներկայացված խնդրին գոնե մարդավարի պարզաբանել և այդ տհաճությունը կուտակվելով ակամա քանակը որակ դառնալու սկզբունքի համեմատ բերում է ընդհանուր հակակրանքի ու անվստահության մեր պետական համակարգի նկատմամբ, մինչդեռ պետական իշխանության հանդեպ վստահությունն ու հարգանքը ձևավորում է փոքր աստիճանից արդեն և երբեք էլ միակողմանի չի, այլ փոխադարձության հարթակի վրա է:
Սակայն հասկանալով վարչապետին, չեմ կարող չասել, որ այս ամենի մեջ մեղքի բաժինն ունի եթե ոչ ինքը ուղղակիորեն, ապա նրանք, ովքեր նշանակված են ընտրելու պետական ծառայողներին և որոնց ինքն է վստահել այդ կարևոր պաշտոնը: Պետք է այս առումով լինել ավելի աչալուրջ և ավելի պատրաստված անձերի բերել պետական ծառայության ոլորտ, ովքեր կունենան այն գիտակցումը առնվազն, որ իրենք իշխանությունն են ներկայացնում հասարակության մեջ և իրենց' իբրև պետական ծառայողի բերանից ելած ամեն խոսքը պատասխանատվության առաջ է կանգնեցնում հանրապետության ողջ պետական իշխանությանը: Ամենքիչն անազնվություն է սեփական վերադաս մարմնի հանդեպ' ուղղակի ձեռքերը լվանալը և ամբողջ բեռը բարդելը վերադասի ուսերին այն դեպքում, երբ օրենքի ուժով արդեն քեզ տրված է լիազորությունների որոշակի շրջանակ այդ բեռը թեթևացնելու: Այս համատեքստի մեջ արդեն լիովին հասկանալի է մտածողության հեղափոխության մասին Տ. Սարգսյանի արտահայտած մտքերը. պետք է փոխել մարդու մտածողությունը և նրա մեջ վերարթնացնել տանտիրոջ հագոբանությունը: Միայն այս դեպքում թերևս հնարավոր կլինի բարձրացնել արդյունավետությունը պետական բոլոր օղակների աշխատանքի: