«Վարչապետն այնպես կառչած է իր աթոռին, որ եթե իրեն չպարտադրեն, նա միանշանակ հրաժարական չի տա»,- Irakan.info-ին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ ադրադառնալով օֆշորային սկանդալում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներգրավված լինելուն և վերջին բացահայտումներին: «Եթե նա պատվախնդիր մարդ լիներ, ապա նա արդեն մեկ ամիս առաջ պետք է այդ հրաժարականը տար»,- նշեց նա:
Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ վարչապետը խուսափում է պատասխանատվությունից, քանի որ մի խայտառակ պատմության մեջ է մտել, որի իրավունքը որպես վարչապետ չուներ: Իսկ հիմա, երբ հանրությունը հետաքրքրված է պատմության բացահայտմամբ, և հայ ժողովուրդը, ըստ պատգամավորի, երբևիցե չէր երազել ունենալ նման վարչապետ, բնականաբար, նա շատ խոցելի է: «Այդ ամենի հանդեպ հետաքրքրությունը շարունակվելու է շատ ավելի երկար ժամանակ, բացի այդ՝ նոր բացահայտումներ են ի հայտ գալիս»,- հավելեց Լ. Սարգսյանը:
Ի՞նչ է մնում Տիգրան Սարգսյանին՝ հրաժարվե՞լ, թե՞ շարունակել հայտարարել, որ լրատվամիջոցները թացը չորից չեն զանազանում, հեքիաթներ են հորինում… Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ նրա հրաժարականը միայն մեկ մարդ կարող է պահանջել: «Այս պարագայում մնում է մի բան, որ Սերժ Սարգսյանը պահանջի նրա հրաժարականը: Այլ բան ես պարզապես չեմ տեսնում»,- ասաց ՀԱԿ պատգամավորը և հավելեց, որ իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին պետք է զբաղվեն օֆշորային պատմության բացահայտմամբ:
Բայց արդյոք ՀԱԿ պատգամավորը հավատո՞ւմ է իրավապահ մարմինների օբյեկտիվությանը, եթե հաշվի առնենք այն, որ նա միշտ քննադատել է հատկապես դատական համակարգը: Հիշենք թեկուզ ՍԴՀԿ-ի հետ կապված Լ.Սարգսյանի ելույթն ԱԺ-ում, ըստ որի՝ քաղաքական պատվեր է իջեցված եղել, որի պատվիրատուն Տիգրան Սարգսյանն է:
«Ես երբևիցե չեմ հավատացել իրավապահ մարմինների օբյեկտիվությանը, միշտ էլ ասել եմ, որ նրանք քաղաքական պատվեր են միայն իրականացնում, իսկ օֆշորի դեպքում կարող է զուգահեռ գնա քաղաքական պատվերը: Այսինքն հույս ունեմ, որ Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունը խոցել է իշխանություններին, և այստեղ կարող է համընկնել նաև իրավապահների վճիռը, որը, ըստ իս՝ այս անգամ գոնե արդար կլինի»,- հուսով է Լյուդմիլա Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՍԴՀԿ-ին, ապա ՀԱԿ պատգամավորը միակ մեղավորը վարչապետին է համարում: Փաստորեն, այստեղ ևս Տիգրան Սարգսյանի բիզնես շահն է առկա: «ՍԴՀԿ-ի հետ կապված կրկին պետք է փաստել, որ այստեղ ևս առկա է նրա բիզնես շահը, ինչպես նաև գործարքը Սեդրակ Աճեմյանի հետ, որը Արտավազդ գյուղում հանգստյան տուն (պանսիոնատ) ունի, որի մեջ շահագրգիռ է նաև Տիգրան Սարգսյանը»,-ասաց նա և ավելացրեց, որ այս պահին ՍԴՀԿ-ի հետ կապված միակ նորություն այն է, որ իրենք դիմել են Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ վերջերս Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն բավարարեց Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի և մերժեց Լյուդմիլա Սարգսյանի հակընդդեմ հայցը: Այս գործով Լյուդմիլա Սարգսյանը պետք է կուսակցության դրոշը, գրանցման վկայականը, գույքը, կնիքը, փաստաթղթերը, արխիվը նոր ատենապետին հանձնի: