N-idea.am. Մանկական հոգեբան, մանկավարժ Բենջամին Սփոկին մի կին հարցնում է, թե երբ է պետք սկսել երեխայի դաստիարակությունը: Իմանալով, որ երեխան արդեն մի քանի օրական է, մանկավարժը պատասխանում է. «Տիկին, Դուք արդեն շատ եք ուշացրել...»։ Սա՝ ի պատասխան օրենսդիր մարմինների այն մեկնաբանմանը, թե բանտախցում երեխան մինչև երեք տարեկան մնալով, միևնույն է, ոչինչ չի հիշելու, հետևաբար՝ նրա հոգեկանի վրա դա ազդեցություն ունենալ չի կարող: Սա հենց այնպես, իմիջիայլոց...

Այժմ՝ գլխավորի մասին: Աբովյանի քրեակատարողական հիմնարկի բակում միշտ կարելի է հանդիպել վազվզող փոքրիկների։ Նրանցից ոմանք գալիս են մորը տեսակցելու, իսկ երկուսն այդտեղի «բնակիչ» են' մոր հետ հավասար ճաղերի ներսում կրում են պատիժը (մեկն էլ նորածին է): Այս երևույթը մտածելու լուրջ տեղիք է տալիս, թե որքանով են մեր երկրում կանանց հանդեպ կիրառվող պատժամիջոցներն ադեկվատ, և արդյո՞ք անհրաժեշտություն կա անցնելու եվրոպական այլընտրանքային (պրոբացիա) համակարգին: Դիտարկենք:

Վերջին տասնամյակում եվրոպական մի շարք երկրներում հանցագործությունների թվի աճման միտումը, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունն ու հասարակության անվտանգության երաշխիքների նվազումը հանգեցրել են արդարադատության համակարգի նկատմամբ դժգոհության: Հենց այս հանգամանքն է, որ կարևորում է այլընտրանքային և հակազդեցության նոր միջոցների կիրառման անհրաժեշտությունը: Հայաստանն էլ, ինչպես հայտնի է, արտաքին քաղաքականությունում որպես գերակայություն ընտրել է եվրոպական ինտեգրումը' ակամա ստանձնելով մի շարք պարտավորություններ, որոնց, իհարկե, արդյունավետ իրականացմամբ էլ պայմանավորված է մեր երկրի հետագա զարգացումը: Ներկայումս, որպես այլընտրանք (պրոբացիա), եվրոպական մի շարք երկրներում դիտարկվում է անցումը վերականգնողական արդարադատությանը, քանի որ այն ապահովում է առավել ճկուն հակազդում հանցագործությանը և ենթադրում է հանցագործությունների նվազում՝ վերահսկելով, ուղղորդելով ու աջակցելով հանցանք կատարած անձանց և նպաստելով նրանց արդյունավետ վերասոցիալականացմանը, հասարակության անվտանգությանը և արդարադատության իրականացմանը: Ընդհանրապես, այլընտրանքային պատժատեսակները քրեագետների կողմից ներդրվել են, որպեսզի որոշ ոչ ծանր հանցագործությունների դեպքերում հնարավոր լինի իրավախախտներին պաշտպանել ազատազրկման բացասական հետևանքներից' պահելով նրանց ընտանիքում և համայնքում, միաժամանակ փոխհատուցելով հանրությանը պատճառված վնասը:

Այսպիսով, Աբովյան քրեակատարողական հիմնարկի 140 կին դատապարտյալների մեծ մասն այստեղ է հայտնվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով (խարդախության մեղադրանք կամ, ինչպես իրենք են ձևակերպում' գումարը նշված ժամկետում չվերադարձնելու համար): Կախված կնոջ կատարած հանցանքի չափից (իհարկե, խոսքը կրկնահանցանքի մասին չէ)՝ կարելի է նրա հանդեպ կիրառել այլընտրանքային նույն այդ պրոբացիոն համակարգը, ըստ որի (պրոբացիոն համակարգը վաղուց կիրառվում է եվրոպական երկրների մեծ մասում)՝ փոքր չափի խարդախության համար դատապարտված հղի կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կինն ազատազրկման փոխարեն, աշխատելով պետության հսկողության տակ, մարում է պարտքը:

Այստեղ առաջնայինը երեխայի գործոնն է. չնայած երեխա ունեցող կանանց տրամադրվում են առանձին պատժախուց, ազատ ռեժիմ, ամեն դեպքում՝ ծննդկանի և նորածնի կամ, առհասարակ, երեխայի դաստիարակման համար դրանք բավարար պայմաններ չեն, քանզի, ինչպես իր խոսքում նշեց դատապարտյալներից մեկը, նման պայմանները, նույնիսկ եթե կենցաղային առումով բավարար են, երեխայի հոգեկանի վրա ունենում ռն ահռելի ազդեցություն. «Ես դատապարտվել եմ խարդախության համար, իհարկե՝ ոչ մտածված, ուղղակի պարտքն ուշացրի: Չորս ամսական հղի էի: Նույնիսկ այդ դեպքում որևէ մեղմացուցիչ հանգամանք չկիրառվեց: Եվ հետո, մեր երկրում դատական գործընթացի սառեցումը չի գործում: Օրենքով իմ դեպքում պետք է երեք տարի սառեցնեին պատժամիջոցը: Երեխան դառնար երեք տարեկան, նոր պատիժը կիրառվեր: Բայց ոչ էդ կիրառվեց, ոչ էլ մի ուրիշ բան: Հետո էլ, էդ ընթացքում ես իմ հարցերը կլուծեի ու էրեխուս հետ չէի հայտնվի ճաղերի հետևում»,- ասում է Նունե Ղազարյանը, որը դատապարտված է չորս տարի ազատազրկման, մեկ տարին ներվել է համաներմամբ, նրան մնացել է 11 ամիս: Իսկ բանտում ծնված նրա երեխան' Էդմոնը, արդեն մեկ տարեկանն անց է: Հաշվի առնենք, որ երեխան բանտախցում մոր հետ մնալու իրավունք ունի մինչև երեք տարեկանը, որից հետո օրենքն արգելում է' երեխային մորից կտրում են, ու նա ևս մեկ անգամ եթարկվում է սթրեսի, այս անգամ' մեկ այլ գաղութում, որբանոցում:

Սակայն մի կարևոր փաստարկ կա, որը պետք է ստիպի Հայաստանի իշխանությանը ժամ առաջ վերանայել իր դիրքորոշումը դատապարտված կանանց հանդեպ, եթե, իհարկե, արդարադատության նախարարն «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» խաղալուց բացի՝ իր գործերով զբաղվելու ժամանակ ունի:

Բանն այն է, որ դատապարտված կանանց հանդեպ պետության վերաբերմունքն ադեկվատ չէ նաև նրանով, որ հենց պետությունն է նրանց կատարած հանցանքների հրահրիչն ու, ինչու ոչ, անուղղակի մասնակիցը: Ի՞նչ ասել է' կանայք դատապարտվում են խարդախության հոդվածով: Դա այն է, երբ օրվա հացի խնդիր ունեցող կինը, չունենալով ամուսին, որն իրենից (մեծ մասամբ) հեռանում է մեկ այլ երկիր' լուծելու ընտանիքի օրվա հացի խնդիը և որն անհաջողության է մատնվում այդ երկրում, կամ ուղղակի լքում է ընտանիքը, դիմում է քայլերի իր (կամ իր և երեխաների) գոյատևումն ապահովելու համար, ձեռք է բերում նոր խնդիրներ' այս անգամ քրեական օրենսգրքի հետ, և ի վերջո հայտնվում բանտախցում: Այսինքն՝ 140 դատապարտված կանանց քրեական գործերի վերլուծությունը պետք է հանգեցնի այն մտքին, որ այս կանայք, այսպես ասենք, սոցիալական իրավախախտներ են, օրենքի շրջանակներից դուրս են եկել զուտ սոցիալական խնդիրներ ունենալու պատճառով. նրանց մեջ չկան շահիդուհիներ, ահաբեկիչներ, կողոպտիչներ, գողեր և հանրության համար ծանր վտանգ ներկայացնող այլ հանցագործներ (կան մի քանի մարմնավաճառներ և կավատներ, բայց դա արտառոց բան չէ): Եվ, հետևաբար, պետությունը չպետք է ձեռքերը լվանա և ասի, թե՝ ինչ անենք, օրենքն օրենք է մնում, թող չխախտեին ու չպատժվեին:

Կարծում ենք, կանանց պատժամիջոցներն ու ձևերը վերանայելու համար շատ բան պետք չէ իշխանությանը, պետք են ընդամենը պրոբլեմի գիտակցում և կամք: Մանավանդ որ այդ վերանայումը կմոտեցնի Հայաստանը կառավարության «երկնագույն» երազանքին' Եվրամիությանը, որի հետ ձուլվելը դարձել է Տիգրան Սարգսյանի կյանքի երկրորդ իմաստն ու նպատակը (առաջինն, ինչպես հայտնի է, օֆշորային յուրահատուկ գործարքներն են): Ի վերջո, եթե երկրի էլիտան իրեն իրավունք է վերապահում գործել օֆշորներում, ապա թող թույլ տան, որ գոնե կանայք էլ իրենց պատիժը կրեն օֆշորներում' ճաղերից դուրս, հասարակության շարքերում, իրենց երեխաների ու ծնողների կողքին: Օֆշորային այսպիսի գաղափարը Եվրոպան միայն կողջունի…

Զառա ՂԱԶԱՐՅԱՆ