Irakan.info. Որքան էլ այս օրերին փորձում են տարատեսակ ինֆորմացիոն առիթներով շեղել մարդկանց ուշադրությունը վարչապետի անվան շուրջ հասունացած սկանդալից, այնուամենայնիվ, օֆշորային պատմությունը դեռ շարունակում է «թոփ» լուրն ու քննարկվող թեման լինել:

Վստահաբար, այս պատմությանը դեռ շատ ջուր կքաշի: Իսկ ջուրը կքաշի, քանի որ առանց կրակ ծուխ չի լինում, իսկ այս դեպքում ծուխը հո ծուխ չէ՜. փաստեր, փաստեր ու էլի փաստեր... Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ Տ. Սարգսյանը ոչ միայն էյֆորիկ տրամադրությունների գերին է, այլեւ ունի մի յուրահատկություն. նա իր թշնամիների ականջներն է տեսնում ամենուր: Թերեւս նույնիսկ հայելում: Այնպես է ստացվել, որ եթե ինչ-որ մեկն ինչ-որ բան է գրում նրա դեմ, կանգնում, հայտարարում է, թե պատվեր են անում իր դեմ:

Հարգելի Տ. Սարգսյան, կրկին հիշեցնում ենք, որ Ձեր դեմ առանց փողի էլ են գրում, որովհետեւի այս երկրում միակ մարդը Դուք եք, ում դեմ չեն գրում բացառապես նրանք, ովքեր օգտվում են հենց Ձեր պատվերներից: Այսինքն բոլորը, համատարած բոլորը գրում են Ձեր դեմ, ու այս մասով Ձեր հակառակորդները թերեւս բավականին խնայում են, ի տարբերություն Ձեզ: Այսօր վարչապտին սպասարկու մամուլը որքան էլ գրի,թե մի ամբողջ բանակ է աշխատում Տ. Սարգսյանի դեմ, թե նա ընդամենը հանգամանքների ու ոխերիմ ախոյանների զոհն է, փաստը մնում է փաստ. այս պահին բացահայտվել է խոշոր հանցագործություն, որում ներքաշված է անձամբ վարչապետը, եւ դրան հակադարձող փաստարկները ոչ միայն համոզիչ չեն, այլեւ հակասող են, էլ չենք ասում, որ հսկայական միջոցներ են տրամադրվում նրան, որ «մաքրվի» Տ. Սարգսյանի անունը:

Մենք չենք ասում, թե Տ.Սարգսյանի հակառակորդներից, օրինակ, օդիոզ դեմքերից մեկը՝ Հ. Աբրահամյանը, ինչ-որ իմաստով զիջում է նրան, չենք ասում, թե Գագիկ Ծառուկյանը, Կարեն Կարապետյանն ու մնացած բոլորը, ովքեր հայտնի են վարչապետի քաղաքական հակառակորդներ լինելով, ինչ-որ տոկոսով զիջում են Տ. Սարգսյանին, սակայն այս պահին խոսքը հենց նրա մասին է: Եվ սա՝ այս օֆշորային պատմությունը, բոլորովին այլ պատմություն է՝ դուրս շարքային հրապարակում լինելուց, սա պետական մակարդակի սկանդալ է, որն ուղղակի չէր կարող պատվեր լինել, ընդ որում՝ մի քանի պատճառներով:

1. Սկսած ինտելեկտուալ, վերջացրած բարեպաշտ վարչապետի կերպարների բացարձակ ձախողում (ի վերջո մեռելոցասեր ու բարեպաշտ անձը պետք է որ հասկանար՝ մի գողացիրը նաեւ օֆշորին է վերաբերում):

2. Օֆշորային պատմության հետ կապված Տ. Սարգսյանի բերած բոլոր հակափաստարկներն իրենց պրիմիտիվությամբ ոչ մի կերպ չեն տեղավորվում անգամ մեծ երեեւակայության շրջանակներում: Դրանք համոզիչ չեն, թույլ են:

3. Նախկին հինգ տարիների ընթացքում Տ. Սարգսյանը չի կարողացել վաստակել ՀՀ քաղաքացու վստահությոնը, ավելին, նա հռչակվել է տնտեսության ամենայն հայոց գերեզմանափոր, իսկ նրա կառավարման օրոք Հայաստանում արտագաղթի նոր ռեկորդներ են գրանցվել, տնտեսական ցուցանիշները բացասական միտում են արձանագրել:

4. Ի տարբերություն կառավարության ղեկավարի ու նրա թիմի, hetq.am-ին վստահում են մարդիկ: Այն ունի կայուն լսարան՝ պրոֆեսիոնալ աշխատանքի միջոցով վաստակած: Առայսօր չի եղել դեպք, որ այս պարբերականում հրապարակվեն չհաստատված տեղեկություններ: Ու հիմա որքան էլ Տ. Սարգսյանը փորձի «փչացնել» պաարբերականին, չի ստացվի, ջրի երես նորանոր փաստեր են դուրս գալու: Ի դեպ, այս մասով, դեռ հասկանալի է, որ Տ. Սարգսյանի խորհրդականն իր տնօրինած կայքում կարող էր փաստազերծ ու լղոզված ինչ-որ նյութ դնել Հետք-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ու Փայլակ Հայրապետյանի հանդիպման մասով, բայց անհասկանալի է, որ երբ մի լրատվամիջոց, որ նշաձողն է վերցնում պրոֆեսիոնալիզմն ու ամեն պատեհ առիթի խոսում այդ մասին, նյութեր հրապարակելիս հղում է անում անանուն աղբյուրների: Եթե կան կոնկրետ փաստեր, թեկուզ, օրինակ, որ Տ. Սարգսյանի դեմ օֆշորային պատմության մասով հոդված հրապարակել 100.000 $-ի դիմաց, ապա ավելի լավ է՝ փաստերով խոսեք, ինչպես օֆշորային պատմության հոդվածում էր: Թե չէ այդպես ամեն մեկն էլ մի բան կարող է ասել: Բա ձեր պրոֆեսիոնալիզմը...

5. Փորձը ցույց է տալիս, որ Տ.Սարգսյանն իր վրայից իր մեղքերը «ցրելու» մեծ շնորհք ունի: Չթվարկելով նախորդ դեպքերը՝ միայն այս ամենահայտնի դեպքն օրինակ բերենք: Փաստորեն օֆշորային պատմության մեջ բոլորը մեղավոր են, բոլորը, բայց ոչ ինքը: Տ. Սարգսյանը կրկին հատնվել է էյֆորիայի մեջ: Բանն այն է, որ Վերահսկիչ պալատի վերաբերյալ Ս. Սարգսյանի կողմից հնչեցրած բավականին կոշտ հայտարարությունները թույլ են տվել վարչապետին սպասարկու մամուլին, ու թերեւս նաեւ անձամբ վարչապետին միամտություն ունենալ՝ հավատալու, թե Ս. Սարգսյանն այսպես ասած «գցեց» Ի. Զաքարյանին, փոխարենը «բռնեց» Տ. Սարգսյանին:

Այնինչ բոլորս էլ հասկանում ենք, որ օֆշորային պատմությունը բոլորովին առանձին պատմություն է, այն կապ չունի ՎՊ-ի հետ: Եվ համարել, թե մեկով մաքրվեց մյուսը, առնվազն ծիծաղելի է, քանի որ նույնիսկ Ի. Զաքարյանի՝ անհեթեթության հասնող հայտարարությունները ի վիճակի չեն շղարշելու հասարակական մեծ պահանջը՝ ազատել Տ. Սարգսյանին վարչապետի պաշտոնից: Մեծ մոլորության մեջ է վարչապետի թիմը, եթե կարծում է, թե Տ. Սարգսյանը «պլստաց», ուղղակի բոլորս էլ գիտենք՝ նա տեղ չունի փախչելու, ավելին, օրեցօր թուլանում են Տ. Սարգսյանի դիրքերը, կորցնում քաղաքական կշիռը, չնայած, եթե մի բան չունես, չես էլ կարող կորցնել:

Ասենք ավելին, այնպես չէ, որ Ս. Սարգսյանի լռությունը օֆշորի մասով վարչապետի օգտին է խոսում: Նշանակում է՝ Ս. Սարգսյանն անտեսում է նրան, ինքն է անձամբ ասում նախարարներին՝ ինչ, ոնց եւ երբ անեն: Իսկ եթե մի ինչ-որ տեղ էլ Տ. Սարգսյանն ունի Ս. Սարգսյանի աջակցությունը, ապա միայն նրա համար, որ իր համար ոչ մի տեսակի վտանգ չի ներկայացնում այս տեսակ վարչապետը: