Ս.թ. հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել: Այդ առնչությամբ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը գրավոր հարցումով դիմեց քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե վերջին անգամ երբ են հիմնանորոգվել կամ վերանորոգվել Արշակունյաց և Բագրատունյաց պողոտաները, որ կազմակերպություններն են հաղթել այդ ժամանակ, որ կազմակերպությունների հետ է կնքվել պայմանագիր ներկայիս հիմնանորոգման համար, վերանորոգման կամ հիմնանորոգման համար պատասխանատվություն կրող կազմակերպությունները նախկինում կատարել են իրենց երաշխիքային պարտավորությունները, որ կազմակերպություններն են իրականացրել տվյալ պողոտաների ասֆալտապատման ծավալն ու որակը վերահսկելու գործընթացը, ինչ պարտավորություններ են ստանձնել նրանք: Ինչպես նշված է նամակում՝ հուլիսի 1-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հայտարել է, որ վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները նույնպես մրցույթով են ընտրվում:
Տիկին Բախշյանը խնդրել է տրամադրել նաև պողոտաների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթերը: