Հայաստանից, Արցախից և Սփյուռքից հայազգի մի խումբ երիտասարդներ եզրափակիչ մրցմամբ որոշեցին «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարներին մասնակցած լավագույն հրաձիգներին: 100 հնարավորից 93 միավոր արդյունքով լավագույնը ճանաչվեց հայաստանցի Գևորգ Բաղդասարյանը, 2-րդ տեղը 92 միավոր զբաղեցրեց Վահե Սմբատյանը, 91 միավոր, և երրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի Միլենա Բազինյանը:

Lurer.com-ի փոխանցմամբ՝ հրաձգության սույն մրցաշարը նվիրվում է «Սասնա ծռեր» ջոկատի հերոս, հրամանատար, մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սամվել Գրիգորյանի հիշատակին։

Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիան և Ճամբարային հավաքների կազմակերպիչ զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը 1 ամիս շարունակ ուսումնական դասընթացներ են անցկացրել, որի ընթացքում լավագույն արդյունք արձանագրած 25 երիտասարդ հնարավորություն են ստացել ցույց տալու զենքի ճիշտ օգտագործման և դիպուկ կրակելու իրենց հմտությունները։

Նշենք, որ Դիլիջանում հունիսի 6-ից 30-ը կայացած քառօրյա երիտասարդական ճամբարներին մասնակցել է 16-22 տարեկան 350 երիտասարդ՝ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից: Ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են եկել պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական պաշտոնյաներ, նպատակ են ունեցել բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով' ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, Արցախյան պատերազմը և հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները:

Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայում անցկացվող եզրափակիչ փուլին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արտյոմ Գրիգորյանը և այլք:

Առավել մանրամասն առաջարկում ենք դիտել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում.