2009 թվականի նոյեմբերի 10-ին Սիսիանի Նորավան գյուղում տեղակայված զորամասում մահացած' պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած զինծառայող Սերգեյ Մանուկյանի մայրը դիմել է Եվրադատարան և պահանջում է, որպեսզի բացահայտվեն իր որդու մահվան իրական պատճառները: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Սերգեյ Մանուկյանի մայրը' Լամարա Մանուկյանը:
«Գործը իրանք իրանց վարկածով փակեցին, չնայած որ հազար ձևի փաստեր ունեինք: Վերաքննիչ դատարանը դասակի հրամանատարին հարցրեց, թե՝ դու ինչի ես տվել գործը Վերաքննիչ դատարան, ըսեց՝ որովհետև ես չեմ սպանել Մանուկյան Սերգեյին, գործը Ավետիսյանը (նկատի ունի զորամասի հրամանատարին. Փ.Ֆ ) շուռ տվեց ուրիշ ուղղությամբ, ես էլ այդ պահին չմիջամտեցի, որովհետև դրանից առաջ ինձ ասեցին, որ եթե մի հատ էլ միջամտեք, դուրս կենենք դատարանի դահլիճից, իսկ ինձ ձեռնտու չէր, որ դատարանի դահլիճից դուրս գայի: Իրա համածառայակից ընկերներից մեկը եկավ մեր տուն, ըսեցի՝ տեսա՞ր, որ Ավետիսյանն է սպանել Սերգեյիս, ինքը ըսեց՝ հա: Փաստորեն իրանք կսպանեն և կենեն ինքնասպան, ըդպես կորակավորեն ու չեն էլ ուզե բացահայտեն: Երկու դատարանն անցնելուց հետո մտանք Եվրոպական դատարան, այնտեղից էլ պատասխանն եկավ, թե՝ հեռախոսներով ոչ մի տեղ չխոսաք, որովհետև գործը ընդունել ենք, սպասեք պատասխանի, հմի ես կսպասեմ»,- մեզ հետ զրույցում պատմել է մահացած զինվորի մայրը:
Նա հայտնել է, որ իր պահանջով հանդիպել է նաև ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հետ: «Սեյրան Օհանյանի մոտ ես ընդունելություն պահանջեցի, կանչեց մեզի, գնացինք մոտը, ես իրան ըսեցի, որ դուք ինչ գործ որ քննել եք, սաղ սուտ է, հեչ բանը իրականությանը չի համապատասխանե, իմ էրեխուս սպանել են: Երբ որ Վերաքննիչ դատարանից հետո հաստատվավ վճիռը, դատարանի հայաթում ինձ հրամանատարի կնիկը մատը թափ տվեց ու ասեց՝ մենք լավ ենք արել քո տղային: Ես էլ ըսեցի՝ լավ ես արել, իմս աչքերիցս հեռու, քուկդ էլ աչքերիդ առաջ, թող երկուսիդ էնեն: Իրանք փաստորեն կըսեն, որ մենք ենք սպանել, պետությունը, դատարանը չի ընդունե: Ինչըղ պիտի էս ամեն ինչը ապացուցվի, ես չգիտեմ: Թողել եմ Աստծուն, թող Աստծուց գտնին Սեյրանն էլ, Սերժն էլ, սաղ էս բանակի հրամանատարական կազմը»:
Սերգեյ Մանուկյանը բանակ զորակոչվել էր 2008 թվականին, իսկ մեկ տարի անց՝ 2009 թվականին, նրան գտնում են մահացած վիճակում: «Ծառայում էր Սիսիանի Նորավան գյուղում: Էլ արդեն չի տեղավորվի ուղեղիս մեջ՝ էս ի՞նչ պետություն է, որտեղ մենք կապրինք, ես չիդեմ, այդքան պայքարելս անտեղի անցավ: Իրանք դատաստանը Աստծուց ստանան»,- նշեց Լամարա Մանուկյանը:
«Երեխայիս սպանել են պահակակետում, տարել են պահեստների արանքը քցել, ոչ կրակոցի հետքը կա, ոչ արյան: Սպանել են, կրակել են մարդու վրա, ոչ մի արյան հետք պատերի վրա չկա, էդ ամեն ինչը տարել ենք, բայց մե բանըմ չկա, որ իրանք կատարել են արդարացի դատավճիռ»:
Լամարա Մանուկյանը նշում է, որ Եվրոպական դատարանի հետ էլ հույսեր չի կապում՝ հայտարարելով, որ քանի դեռ զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնում է Գագիկ Կոստանյանը, ոչ մի գործ չի բացահայտվի:
Վերջում Լամարա Մանուկյանը նշեց. «Էսօր Վարդավառ է՝ իմ տղայիս ամենասիրելի տոնը, ինչի՞ պիտի իմ տղես կյանքը չվայելեր…»:
Փայլակ Ֆահրադյան