Գազի թանկացում, օֆշորային սկանդալ, ՎՊ-ի բացահայտումներ. արդեն ավելի քան 2-3 ամիս հասարակության մեջ լայն քննարկման արժանացած այս թեմաների շուրջ քաղաքական ուժերը հստակ դիքորոշում չեն արտահայտել: Եվ ահա, երբ գազի գնի թանկացման որոշումն արդեն ուժի մեջ է մտել, երբ օֆշորային կրքերն արդեն իրավապահների ուսումնասիրության դաշտում են, իսկ ՎՊ բացահայտումների շուրջ պետական մարմինները սկսել են հերքումներ տալ, ընդդիմադիր բավական ազդեցին համարվող ուժերից մեկը նոր միայն որոշել է անդրադառնալ հանրության համար այս խիստ կարևոր հարցերին:
Քաղաքական ուժը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին կայացած Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստում ընդունվել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում Հայաստանում բացահայտվեցին պետական բյուջեի թալանման և պետական բարձրագույն ղեկավարների կոռուպցիոն գործարքների խայտառակ փաստեր, որոնք իրենց քաղաքական կշռով մի քանի անգամ բավարար են կառավարության, երկրի բարձրագույն իշխանության հրաժարականի, ընդհանրապես ամբողջական իշխանափոխության համար»:
Անդրադառնալով գազի գնի շուրջ արդեն կայացված և ուժի մեջ մտած որոշմանը, ՀԱԿ-ը հայտարարում է. «Վարչախումբը հերթական անգամ ամենաբարձր մակարդակով դրսևորեց իր ստախոսությունը։ Ապրիլի 1-ից սկսած գազի գնի բարձրացման մասին Կոնգրեսի հրապարակած տեղեկությունները նա կտրականապես հերքում էր 2012թ. հոկտեմբերից մինչև վերջերս,մինչդեռ պարզվեց, որ համապատասխան գործարքները իրականացվել կամ պայմանավորվածությունները ձեռք են բերվել հենց այդ շրջանում»:
Անդրադառնալով օֆշորային սկանդալին, քաղաքական ուժը նշում է. «Անհերքելի փաստերով բացահայտվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական ներգրավվածությունը օֆշորային խայտառակ գործարքներում»։
ՀԱԿ-ը միաժամանակ փաստում է, որ նշված երեք ավելի քան սկանդալային փաստերից որևէ մեկի առիթով իշխանությունը որևէ հիմնավոր բացատրություն չի տվել, և հավելում. «Սերժ Սարգսյանն ընդարձակ ելույթով իր դիրքորոշումն է արտահայտել միայն ՎՊ-ի հաշվետվության հետ կապված, որը սակայն ոչ թե տվյալ խնդրի հետ կապված բանական ինչ-որ բացատրությունն է, այլ հերթական նոր մի սկանդալ. նա գերազանցում է Սահմանադրությամբ իր զբաղեցրած պաշտոնին ամրագրված լիազորությունները՝ ապօրինաբար ճնշում գործադրելով Սահամանադրության 83.4 հոդվածով անկախության երաշխիքներ ստացած Վերահսկիչ պալատի ինչպես նաև օրենքով անկախ համարվող քննչական մարմինների վրա, ինչը ըստ էության այլ բան չէ, քան արդարադատության խոչընդոտում»։
Հայտարարության ավարտին ՀԱԿ-ը վստահեցնում է, որ «շարունակելու է հետամուտ լինել վարչախմբի հանցավոր էության և գործելակերպի բացահայտմանը՝ ստեղծելու համար հասարակական ու քաղաքական այն մթնոլորտը, որը կբերի Սերժ Սարգսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը»։