Lragir.am. Հայաստանում շարունակվում է Ոսկե ծիրան կինոփառատոնը, որի խորհրդանիշը ծիրանն է, որը հայերը համարում են ազգային բրենդ: Փառատոնի բացմանը հոգեւորականները օրհնում են ծիրանով զամբյուղը:
Թե իրականում հայերն ինչպես են վերաբերվում իրենց բրենդին, կարելի է տեսնել Արմավիրի մարզի Նոյան գործարանի ճանապարհին: Գյուղացիների 5 կիլոմետրանոց հերթը, որոնք փորձում են հանձնել ծիրանը թեկուզ 50 դրամով, ծանր տպավորություն է թողնում: Լրագրողները, ովքեր նկարահանել են հերթը, արտասվում էին այդ տեսարանից, երբ խեղճ մարդիկ օրերով արեւի տակ սպասում են իրենց հերթին, 20 հազար դրամի ծիրան վաճառելու համար:
Արտահանողները սկզբում գնել են որոշակի քանակ: Մնացած բերքը պարզվել է ոչ մեկին պետք չէ: Թեեւ գյուղնախարարության հաստիքային հոգեւորականը երեւի օրհնել էր նաեւ գյուղացիների ծիրանի բերքը:
Իր նախագահության սկզբում Սերժ Սարգսյանը խոսում էր ազգային բրենդներ ստեղծելու անհրաժեշտության մասին: Այն ժամանակ, 2008-ին մեծ ծրագրեր էին առաջ քաշվում՝ Թուրքիայի հետ հարաբերություն էին կարգավորում, Հայաստանը վերածում ֆինանսական, կրթական կենտրոնների, այծի պանրից ու ծիծակից փորձում բրենդ կերտել:
Այդ ծրագրերից առայժմ բան դուրս չի եկել, փոխարենը վաղուց կայացած ազգային բրենդին՝ ծիրանին, մահ է սպառնում: Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ պետական պաշտոնյաները խորհուրդ են տալիս արմատախիլ անել ծիրանենիները եւ փոխարենն ավելի «շահավետ» բան ցանել:
Գյուղատնտեսության զարգացմանը պետական մասնակցությունը հանգել է նրան, որ էկոնոմիկայի նախարարը գործարանների տնօրեններին «խնդրում է» մթերել բերքը, նրանք էլ հրաժարվում են, որովհետեւ առավել էժան տարբերակ է ծիրանի փոշի ներկրելը: Իսկ նախարարն էլ արդարանում է, թե տնօրենները պետական մտածողություն չունեն:
Ընդ որում, կառավարությունը չի ընդունում ակտեր, որոնք կարող էին կարգավորել այս հարցը. օրինակ, մթերումն առավել ձեռնտու լիներ, քան քիմիական կիսաֆաբրիկատների ներկրումը: Կառավարությունը չի կարողանում էկոլոգիապես մաքուր հայկական արտադրանքից ազգային բրենդ ստեղծել: Կամ էլ չի ցանկանում, բրենդի վերածելով ծիրանի մուլյաժը փառատոնի ժամանակ: 

 

Նաիրա Հայրումյան