«Հայաստանում սոցիալական բունտ չի կարող առաջանալ, քանի որ հայ մարդը խելոք է ու հասկանում է, որ այդ ապրանքը մերը չի», Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով հուլիսի 7-ից գազի գնի բարձրացմանը և դրա հետևանքով տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման հարցերին:

Նա ընդգծեց, որ Հայաստանի դեպքում ևս Ռուսաստանը ցանկանում է իր գազն իրացնել միջազգային գներով:

«Բնականաբար, հայ մարդը այնքան խելք ունի, որ հասկանա, որ կա՛մ պետք է իրեն զսպի և հնարավորինս մինիմալ օգտագործի գազը, կա՛մ ընդհանրապես չօգտագործի: Եթե մենք գնում ենք բունտի, անհանդուրժողականության, պետք է նախ հասկանանք, որ դա ուրիշինն է, այդ ուրիշը կարող է իր ապրանքը իրացնել այնպես, ինչպես ամբողջ աշխարհում: Սա այն դեպքը չէ, որ ասենք՝ մեր սեփական ռեսուրսն է, ու այն մեզ վրա իրացվում է թանկ գնով»,- ասաց նա:

Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ մենք ընդհանրապես նման իրավիճակների համար պետք է պատրաստ լինենք:

Դիտարկմանը, թե հայ մարդը, իհարկե, կարող է գազը քիչ օգտագործել կամ չօգտագործել, բայց ի՞նչ անի նա, երբ թանկանում են նաև մյուս ապրանքները, նա պատասխանեց՝ ասելով, որ դա շղթայական մի գործընթաց է, որ համամասնորեն բերում է ամեն ինչի թանկացման:

«Մենք պետք է մեր գոտիները ձգենք, ավելի ռացիոնալ մոտեցում ունենանք՝ նոր աղբյուրներ ման գալու կտրվածքով: Մարդկությունը իր պատմության ընթացքում անելանելի իրավիճակներ երբևիցե չի արձանագրել: Միշտ մարդը դուրս է եկել այդ իրավիճակներից, պարզապես անհրաժեշտ է կամք, որ մարդիկ գտնեն այլ միջոցներ»,- ասաց նա:

Անդրադառնալով գազի վարձավճարները չմուծելու մասին հասարակական տարբեր խմբերի կողմից հնչող կոչերին՝ Վարդան Բոստանջյանը նշեց, որ դրանց տրամաբանությունը ինքը չի կարողանում հասկանալ:

«Իհարկե, կառավարությունը նման դեպքերում պետք է փնտրի ելքեր, բայց կառավարությունը սահմանափակ թվով մարդիկ են: Նրանք էլ մեզ նման են: Ես հակված չեմ կառավարությանը կամ նրա որևէ անդամին պաշտպանելուն, բայց մենք պետք է ընկալենք, որ մենք մեծ երկիր չենք, չունենք ստրատեգիական բնույթի ռեսուրսներ: Ես էլ եմ ուզում, որ մեր հասարակությունը ունենա մեծ եկամուտներ, կարողանա իր կենցաղային խնդիրները լուծել»,- ասաց նա:

Իրավիճակից դուրս գալու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը առաջարկում է հրաժարվել գազի սպառումից և օգտվել բնական միջոցներից:

«Դանիել Դեֆոյի Ռոբինզոնը, բացի արկածային հետաքրքիր ստեղծագործություն լինելուց, ասում է այն մասին, որ մարդ պետք է գտնի, որոնի իր գոյությունը պաշտպանող միջոցներ: Եթե այսպես է ստացվել, մենք ի՞նչ կարող ենք անել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ժամանակին հենց Վարդան Բոստանջյանը շրջանառության մեջ մտցրեց թանկացող գազի փոխարեն «աթար վառելու» թեզը: