Երեկ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ' Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի կողմից նույն քաղաքի բնակիչ Լևիկ Մարյանին ծեծի ենթարկելու փաստով: Թերթի թղթակիցը հարցեր է ուղղել քաղաքապետ Գագիկ Սահակյանին, ով իր խոսքում մասնավորապես նշել է. «Եթե քրեական գործով ապացուցվի, որ ես մեղավոր եմ, իհարկե պատրաստ եմ պատասխան տալ: Եվ ցանկացած իմ արարաքի համար պատասխան պատրաստ եմ տալ: Բայց այնտեղ նման որևէ պատասխանատվության խնդիր չկա, ընդամենը հերյուրանքներ, բամբասանքներ և զրպարտանքներ են»: Քաղաքապետը նաև ներկայացրել է, որ «Ընդամենը խոսակցություն է եղել, հայհոյանքներ են եղել իր կողմից, հրավիրել ենք, ասել ենք գնա նստի մեքենան, թող գնա ստեղից: Շինարարական աշխատանքների հետևանքով փակվել է իր ջրելու առուն: Էդ մարդու բոստանը ջրել էր պետք, ջրի առուն ճանապարհի շինարարական աշխատանքների պատճառով փակվել էր, մեղավոր էին քաղաքապետարանի աշխատակիցները' քաղաքապետի գլխավորությամբ, որոնք, իր մեկնաբանությամբ, տականքներ, սրիկաներ են: Փոխանակ ես բողոքեմ, իր վիրավորանքների դեմ պատիվ պահանջեմ, ինքը գնաց բողոքեց»: Թղթակիցը զրուցել է նաև Լ.Մարյանի հետ, ով մասնավորապես ասել է, որ ինքը վկաներ ունի' հավելելով. «Անպայման պիտի նստի, հեչ որ չէ' զա խուլիգանստվո' երեք տարի: Կամ պիտի գա մասսայի առաջ ներողություն խնդրի, կամ էլ պիտի նստի 3 տարի: Էնքան ա տվել գլխիս, աչքերիս դեմը սևանում ա»: Իսկ քաղաքպետը թղթակցի այն հարցին, թե արդյոք գործը կհանգեցնի պաշտոնանկության, պատասխանել է, որ ինքը համոզված է, որ մեղքը չի ապացուցվի. «Հնարավոր եք համարում, որ անմեղ մարդուն պաշտոնանկ անե՞ն: Ես կարող եմ ապացուցել իմ անմեղությունը»,- եզրափակել է քաղաքապետ Գագիկ Սահակյանը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 11.07.2013թ. համարում: