Lragir.am-ի զրուցակիցն է Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, դոկտոր Արա Սանջյանը
Պարոն Սանջյան, մեկնարկեց Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 96 երիտասարդ աշխարհի 10 երկրից: Մի կողմից'արտագաղթի տեմպերն են մեծանում, մյուս կողմից' նմանատիպ ծրագրերը կարծես կենսունակ չեն, և հայրենադարձության նպատակ չեն հետապնդում: Ինչո՞ւ։
Սփյուռքի նախարարության հովանավորած «Արի տուն» ծրագիրը հետապնդում է շատ հստակ, բայց սահմանափակ նպատակ'Հայաստանից դուրս'Սփյուռքի մեջ բնակվող հայազգի երիտասարդներին ծանոթացնել Հայաստանի հետ։ Սա 1960-ական թթ. խորհրդահայ կառավարության ձեռնարկած սփյուռքահայ աշակերտներին Հայաստանի ամառնային պիոներական ճամբարներ հրավիրելու ծրագրի բարեփոխված տարբերակն է։ «Արի տուն» ծրագրի արդյունավետությունը հնարավոր կլինի ստուգել միայն տարիներ անց, երբ այս պատանիները մտնեն կյանքի ասպարեզ: Տեսնենք այդ ժամանակ նրանք ինչքանո՞վ կառչած կլինեն Հայաստանից և պատրաստ' նրան օգտակար լինելու, համեմատած այս ծրագրին չմասնակցած իրենց սերնդակիցներին։ Հայաստանի մամուլում կամ սոցիալական ցանցերում շատ եմ հանդիպում «Արի տուն» ծրագրի նկատմամբ քննադատական, նույնիսկ հեգնական արտահայտությունների։ Հնարավոր է, որ ծրագրի անունը ճիշտ չի ընտրված, ինչի համար էլ ներկա կառավարության ընդդիմադիրներն այս անունը հեշտությամբ հակադրում են ներկայիս տագնապալի չափերի հասած Հայաստանից արտագաղթին։ Մինչդեռ, որքան հասկանում եմ, «Արի տուն» ծրագիրն անմիջական ներգաղթ կամ հայրենադարձություն ապահովելու նպատակ չի հետապնդում, և նրան այդ չափանիշով պետք չի դատել։
Կասկած չկա, որ շարունակվող արտագաղթն այսօր Հայաստանի ամենամեծ մարտահրավերն է։ Նրա առաջն առնելուց ավելի կարևոր բան չի կարող լինել։ Բնականաբար, գործադիր իշխանությունն ու նրան պաշտպանող խորհրդարանական մեծամասնությունը գլխավոր (թեև ոչ միակ) պատասխանատուն են այս ողբերգության։ Իրենք են ստանձնել պետության ղեկը, իշխանության գլուխ մնալու համար ամեն միջոցի դիմում են, և իրենք էլ պարտավոր են լուծումներ առաջարկել ու դրանք կենսագործել։ Բայց գործադիր իշխանության կառույցից ներս պետք չէ անհարկի գերարժևորել Սփյուռքի նախարարությունն ու «Արի տուն» ծրագիրը։
Ի՞նչն այսօր սփյուռքին կարող է կապել հայրենիքի հետ:
Խորհրդային Միության տրոհումից հետո և վերջին տարիներին Հայաստանից արտագաղթի մեծ չափերի հետևանքով, «սփյուռք» հասկացությունն այսօր տարբեր իմաստներ ունի, քան երբ այդ եզրը քաղաքացիություն ստացավ խորհրդային ժամանակահատվածում։ Այսօրվա Սփյուռքը շատ բազմազան է: Քիչ ընդհանուր բան կա 1 կամ 2 տարի առաջ «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստանի տափաստաններ փոխադրված հայաստանցի մի գյուղացու և արդեն իսկ սփյուռքահայ չորրորդ սերունդ համարվող, Հայաստան երբեք չայցելած իսպանախոս հայի միջև, որն ապրում է Բուենոս Այրեսում կամ Մոնտեվիդեոյում։ Տարբեր տիպի սփյուռքահայեր տարբեր ակնկալիքներ ունեն Հայաստանից։ Տարբեր են նաև Հայաստանի կառավարության և ոչ կառավարական շրջանակների ակնկալիքները Սփյուռքից։ Կարելի է ուսումնասիրել ու դասակարգել առկա տարբեր ակնկալիքներն ու պահանջները և Հայաստանի, և Սփյուռքի մեջ։ Բայց այդ տարաբնույթ ակնկալիքներն անհնար է լինելու բավարարել մեկ կամ երկու կենտրոններից։ Փոխարենը նախընտրելի է մտածել այնպիսի իրավիճակ ստեղծելու մասին, ուր Հայաստանի և արտասահմանի մեջ անհատներ կամ կազմակերպություններ կարողանան իրենց նախընտրություններին ու պահանջներին համապատասխան գործընկերներ գտնել։
Պարոն Սանջյան, որպես կառույց, ինչո՞ւ այդպես էլ Սփյուռքի նախարարությունը չկարողացավ դուրս գալ միջոցառումներ կազմակերպելու հոգեբանությունից և իրական գործեր անել: Մենք տեսնում ենք, որ սիրիահայերն էլ իրենց տեղը չեն գտնում Հայաստանում:
Ես, իհարկե, շատ քիչ բան գիտեմ Սփյուռքի նախարարության ներքին կառույցի և այնտեղ կատարվող երկարաժամկետ աշխատանքների մասին, եթե այդպիսիք կան, քանի որ զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունն այդ գործունեության վրա չի կենտրոնացած։ Մինչև 2011 թվականի վերջը, իբրև Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճյուղի Հայագիտական Հետազոտությունների Կենտրոնի վարիչ, հաճախ նախարարությունից ստանում էի նամակներ, գրականություն, բայց վերջին մեկուկես տարվա մեջ, ինձ անհայտ պատճառով, այդ կապը դադարել է։ Գիտեմ, որ վերջին տարիներին նախարարության ցածրաստիճան պաշտոնյաներ մի քանի շաբաթով և ավելի քան մեկ անգամ այցելել են Լիբանան' տեղում ծանոթանալու հայ համայնքին։ Բայց յոթ տարի է գտնվում եմ Դիտրոյտում, որը ԱՄՆ չորրորդ ամենամեծ հայ գաղութն ունի, և այնտեղ, ինչքան գիտեմ, նախարարության որևէ պաշտոնյա ոտք չի դրել հիմնադրման պահից։ Ճիշտ է ձեր մատնանշումը, թե այսօր արտասահմանի մեջ նախարարության դիմագիծը (իմիջ) առավելապես առնչվում է մեծ հավաքների, ինչպես նաև' մեդալների ու պատվոգրերի «տեղատարափի» հետ։ Հավաքների պարագային էլ, հետագայում երբեք չենք իմանում դրանց շարունակական, դրական արդյունքների մասին։ Չմոռանանք, սակայն, որ նախարարությունը միաժամանակ ունի արդեն իսկ հաստատված ծրագրեր, որոնք հետևողականորեն իրականացվում են ամեն տարի։ Այսուհանդերձ, նախարարությունը պետք է գիտակցի, որ արտասահմանում ունի «իմիջի» պրոբլեմ, և պետք է աշխատի բարելավել այդ «իմիջը»' իր հետագա նպատակներն ավելի արդյունավետ իրագործելու համար։
Սիրիահայության հոսքը Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում չպլանավորված իրադրություն էր, որին, սակայն, պետք է պատրաստ լինի որևէ պետություն կամ հասարակություն։ Ես երբեք չեմ թերագնահատել այն ամենը, ինչ Հայաստանի կառավարությունն արեց և անում է Հայաստան փոխադրված սիրիահայության համար այս վերջին մեկ տարվա ընթացքում։ Պատկերացրեք՝ ինչքան ավելին հնարավոր կլիներ իրագործել, եթե Հայաստանն առհասարակ ունենար ավելի կենսունակ տնտեսություն և իրենց կոչումին հարազատ մնացած հարկային, իրավապահ և դատական համակարգեր։ Սիրիահայերի փորձը պետք է Հայաստանի կառավարությանն ու առհասարակ հանրությանը մղեն ավելի խորը ու համակողմանի ուսումնասիրելու լայնածավալ հայրենադարձության հնարավոր բոլոր խոչընդոտներն ու ծրագրավորելու դրանց հաղթահարումը։ Իսկ Սփյուռքի վերնախավի համար էլ Հայաստանում ապաստանած սիրիահայերի դեպքը պետք է խթան հանդիսանա, որ Հայաստանի պետական կառույցների հետ իրենց ամենօրյա շփումների ժամանակ նրանք ավելի հետևողական ու պահանջկոտ լինեն Հայաստանում իրավական պետություն ունենալու ուղղությամբ, և իրենք ևս ավելի շատ մասնակից դառնան այդ գործընթացին։
Ի՞նչ եք կարծում, սփյուռքի նախարարություն որպես այդպիսին, արդյոք պե՞տք է:
Սփյուռքի նախարարությունն, ինչքան գիտեմ, բավական փոքր բյուջե ունի։ Շատ ավելի մեծ խնայողություններ կարելի է անել այլ ոլորտներում փտածությունը (կոռուպցիա), մսխումները և այսպես կոչված «ատկատները» վերահսկելով։ Ես չեմ կարծում, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այսօր ավելի վատ վիճակում են, քան մինչև այս նախարարության ստեղծումը։ Թեև վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում չեմ եղել, բայց ինձ հասած տեղեկությունների համաձայն, նախարարությունն այս ընթացքում սիրիահայերի խնդիրները դիմագրավելու ուղղությամբ համադրող շտաբի դեր է կատարում։ Գուցե սա առաջին քայլը լինի հետագայում այն պաշտոնապես Սփյուռքի և հայրենադարձության նախարարության վերածելու։ Սա իհարկե չի նշանակում, թե յուրաքանչյուր նախարարություն չպետք է ձգտի, և այն էլ'անընդհատ, ավելի արդյունավետ գործող մարմին դառնալու։
Դուք վերջերս անդրադարձաք արևմտահայերենի կամ իրանահայերի առոգանությանը, որը Հայաստանում ոմանք գեղջկական բարբառի համազոր են դասում և հեգնում: Այս հարցը ի՞նչ լուծում է պահանջում:
Այդ երևույթին ականատես եղա էլեկտրոնային մամուլում ընթերցողների մեկնաբանությունների մեջ, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ընդ որում' ասպիրանտների և համալսարանական երիտասարդ դասախոսների գրառումների մեջ։ Ակնհայտ է, որ Երևանի, Գյումրիի և թերևս այլ մեծ քաղաքների մտավորական խավի ներսում այսօր կան մարդիկ, որոնք հայերեն ասելով միայն գրական արևելահայերենը և Հայաստանի դպրոցներում դասավանդվող արևելահայերենի առոգանությունն են հասկանում։ Սա հայ ժողովրդի բազմադարյան մշակույթի կարևոր մեկ մասի անտեսումն է։ Մեկն անտրամաբանական էր համարում, որ Երևանի ամերիկյան դեսպանատան հեռախոսի պատասխանող սարքը ձայնագրված է իրանահայերի առոգանությամբ, իսկ ուրիշ մեկն էլ հեգնում էր Երևանի մեջ արևմտահայերենով ուսուցանող դպրոց բանալու առաջարկը, թե «վաղն էլ մի դպրոց բացենք Շամշադինի բարբառով…»։ Ի դեպ, Շամշադինի բարբառն էլ, ինչպես բոլոր բարբառները, պետք է գուրգուրանքի առարկա լինի, բայց այս դեպքում արևմտահայերենի հանդեպ արհամարհական շեշտն ակնհայտ է։
Այս երևույթի արծարծումը կարևոր է երկու հարթության վրա։ Առաջինը' հայրենադարձության կոչերն են, որ անընդհատ լսում ենք Հայաստանից։ Հայրենադարձության հրավիրողը պետք է հարգալից լինի նաև արևմտահայերենի ու իրանահայերի արևելահայերեն առոգանության հանդեպ։ Այս հարցը շատ տարողունակ է։ Նշեմ, որ երբ ի վերջո մի օր քննարկման դրվի «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծը, որի մասին արդեն քանի՜ տարի է խոսում են, լեզվական խնդիրներն էլ այստեղ տեղ պետք է գտնեն։ Ես անգլերեն եմ սովորել Լիբանանում' նախքան Անգլիա ուսումնառության համար մեկնելս։ Անգլերենի առոգանությունս ոչ անգլիական է և ոչ էլ ամերիկյան։ Բայց դա արգելք չեղավ, որ 2005-ին դասախոսական աշխատանքի ընդունվեմ Ամերիկայում։ Իսկ եթե մի օր ցանկանամ Հայաստանում հաստատվել ու դասախոսական աշխատանքի անցնել որևէ բուհում, ի՞նչ վերաբերմունքի պիտի հանդիպեն իմ արևմտահայերեն լեզուն և առոգանությունը։
Արևմտահայերին նեղացնում է նաև իրենց անուն-ազգանունների ըստ արևելահայ հնչյունաբանության տառադարձումը հայաստանյան պետական փաստաթղթերում, ինչպես օրինակ' Անդրանիկ-Անտրանիգ, Կարապետ-Գարաբեդ, Աւետիքեան-Ավեդիկյան, Պօղոսեան-Բոգհոսսյան և այլ «չնաշխարհիկ» տառադարձություններ։ Նույն սկզբունքը եթե հակառակ ուղղությամբ կիրարկենք արևմտահայ մամուլում, ձեր ազգանունը պետք է գրենք այսպես' «Փափեան»։ Հաճելի՞ է։
Երկրորդ հարթությունն առհասարակ արևմտահայ լեզվի, գրականության ու մշակույթի (ներառյալ 1991-ից առաջ գոյացած սփյուռքի պատմության ու ներքին կյանքի) վերաբերյալ անբավարար հետաքրքրությունն է Հայաստանի կրթական ծրագրերի մեջ, զանգվածային լրատվամիջոցների մոտ, ներառյալ'Հանրային հեռուստատեսության արտասահմանի համար հաղորդումներում։ Այստեղ էլ էլեկտրոնային լրատվամիջոցի հարցազրույցի սահմանները նեղ են հարցը լիարժեք քննարկելու համար։ Բայց այս թեման շուտով իր հրատապությունը չի կորցնի, և դրան թերևս վերստին ու վերստին պետք է անդրադառնալ' մինչև իրավիճակի բարելավումը։  

Սիրանույշ Պապյան