Ինչպես ԳԱԼԱ-ն տեղեկացրել էր' երեկ Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հանրահավաքից հետո ոստիկանության բաժին բերման են ենթարկել «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանին: Նրան տարել են Կենտրոնի ոստիկանության բաժանմունք, պահել շուրջ 3 ժամ, ապա բաց են թողել՝ տալով մի թուղթ, որտեղ գրված է, որ նա ինչ-որ խախտում է կատարել: Կազմվել է նաև արձանագրություն և տեղեկացրել են, որ Գարեգին Չուգասզյանի վիճակը վարչական իրավախախտում կատարած անձի վիճակ է, ինչի տակ սակայն Նախախորհրդարանի համակարգողը չի ստորագրել, որոշել է բողոքարկել:

Գարեգին Չուգազսյանը այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց երեկ գիշերվա տեղի ունեցածի մանրամասները:

«Հանրահավաքի վերջում՝ Սաշուր Քալաշյանի ելույթից հետո, երբ որ ինքը ներկայացրեց Փակ շուկայի հետ կապված խնդիրը, ես իմ խոսքի մեջ նշեցի, որ այն բարբարոսությունը, որը կատարվում է Երևանի կենտրոնում, անհրաժեշտություն է ստեղծում, որ մենք շտապ հավաք անենք հենց Փակ շուկայի առջև՝ կանգնեցնելու և ուշադրություն գրավելու բարբարոսության առջև: Կոչ արեցի, որ ժողովուրդը կազմակերպված գնա և կարճատև շտապ հավաք անցկացնի Փակ շուկայի առջև, որից հետո հանրահավաքը ավարտվեց Ազատության հրապարակում, և ժողովուրդը շատ հանգիստ և կազմակերպված ձևով սկսեց իջնել դեպի Փակ շուկա: Թումանյան-Մաշտոցի խաչմերուկում մեր առջև ոստիկանական պատ ստեղծեցին և հենց այդ պահին ինձ բերման ենթարկեցին ոստիկանները Կենտրոնի ոստիկանական բաժին, որտեղ իմ կարգավիճակը վարչական իրավախախտում կատարող անձի վիճակ էր և ասացին, որ իրենք պետք է ինչ-որ արձանագրություն կազմեն, որը բնականաբար, ես չեմ ստորագրել, որևէ ձևով չեմ ընդունում իրենց մեղադրանքը... և վերջապես շուրջ երեք ժամ պահելուց հետո ոստիկանական բաժնում բաց թողեցին՝ տալով ինչ-որ թուղթ, որտեղ գրված էր, որ ես ինչ-որ խախտում էի արել: Փաստաբանի հետ մենք կքննարկենք սա և բնականաբար կբողոքարկենք»:

Ինչպես հայտնի է' Մաշտոցի պողոտայում գտնվող ճարտարապետական հուշարձան համարվող Փակ շուկայի տարածքում Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվում են շինարարական աշխատանքներ:

«Իրականում այստեղ կա հստակորեն արտահայտված միտում՝ հերթական անգամ ապօրինությունը չնկատելու. քաղաքի կենտրոնում բոլորի աչքի առաջ տեղի ունեցող ապօրինի, բարբարոս շինարարությունը, որով հուշարձանը վնասվում է, և որը տեղի է ունենում բոլորի աչքի առաջ, դատախազությունը հանցակազմ չի գտնում և բերման են ենթարկում ինձ...մինչդեռ մշակույթի նախարարությունը, քաղաքապետարանը որոշում են կայացրել, որ սա ապօրինի շինարարություն է և պետք է վերացնել: Սակայն նկատվում է անզորություն՝ իշխանության երևացող օղակների կողմից երկիրը զավթած օլիգարխիայի նկատմամբ, ինչը հստակորեն երևում է:

Բայց ասեմ, որ հստակորեն մենք մեր առաջ թիրախ ենք դրել, որ Փակ շուկան պետք է «ազատվի», ապօրինությունը դադարեցվի և վերադարձվի իր նախնական տեսքին: Մեր հաղթանակների առաջին հանգրվաններից մեկը լինելու է հենց Փակ շուկան և նաև կուզեի ասել, որ շուկայականի և նվիրականի հարաբերության խախտումները մենք վերականգնելու ենք հանրապետությունում և այդ ամենը լինելու է «Փակ շուկա» անվան տակ»,-ասաց Գ. Չուգասզյանը:

Քրիստինա Մկրտչյան