ԳԱԼԱ. ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը դրական է վերաբերվում ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: Նշենք, որ ԱԱԾ-ում ավագ սպայակազմի համար ծառայության առավելագույն տարիքը 65-ն է, որը բացառիկ դեպքերում կարող է երկարացվել 5 տարով։ Իսկ առաջարկվող նախագծով ծառայությունը կարող է երկարացվել 10 տարով։
«Մենք երկրում չունենք բարձրագույն մասնագիտական կրթության հնարավորություն մեր պատանիների համար: Դրսում են որպես կանոն կրթությունը ստանում, դա էլ կախված է ծախսերի և շատ ուրիշ նրբությունների հետ: Միջին կարգի օպեր են դառնում առաջին հինգ տարվա ընթացքում: Այստեղ արդեն հասակն առած օպերատիվ աշխատողների գործառույթները հույժ կարևոր են երիտասարդ սերնդի համար: 60-ն անց անվտանգության սպայական անձնակազմին ձեռք տալ չի կարելի, եթե նրանք ինքնակամ չեն գնում թոշակի: Հայաստանը սպեցիֆիկ աշխարհագրություն ունի՝ արևելքից և արևմուտքից, մենք պարտավոր ենք մեր օպերատիվ աշխատողների գինն իմանալ: Վերջերս Ռուսաստանում մի շատ հետաքրքիր անալիտիկ տեղեկանք տպագրվեց, թե ինչու չկա ծանր հանցագործությունների բացահայտումներ: Հիմնական շեշտը անալիտիկները դրել էին, որ ժամանակին անխնա կոտորածի են ենթարկել օպերատիվ աշխատողներին: Եվ այժմ նույն Ռուսաստանում օպերատիվ աշխատողներին խնդրելով ետ են բերում աշխատանքի: Իսկ եթե մի քիչ լավ մտածեն, հին աշխատակիցներից խումբ կհավաքեն, որը մեթոդիկ դասընթացներ կանցկացնի երիտասարդների հետ»,- ասել է Գուրգեն Եղիազարյանը:
Ինչ վերաբերվում է ԱԱԾ պետ 67-ամյա Գորիկ Հակոբյանին թոշակի չուղարկելուն, Գուրգեն Եղիազարյանն ասել է, որ այդտեղ շատ նրբություններ կան:
«Հոկտեմբերի 27, Մարտի 1 և գաղտնալսումներ: Հիմա մենք ձեզ հետ զրուցում ենք, հինգ րոպե հետո ձայնագրությունը դրված կլինի Գորիկի սեղանին: Տառապանքս փորձ ունի, ինձ արդեն տասնհինգ տարի և ավելի է' գաղտնալսում են: Մի շատ կարևոր հանգամանք կա, որ կպահի Գորիկ Հակոբյանին, եթե Սերժ Սարգսյանը, իհարկե, մնա նախագահի աթոռին, դա այն է, որ Գորիկ Հակոբյանը ոչ մեկի հետ (այստեղ պետք է ասել ի պատիվ իրեն), մաֆիայի մնացած անդամների հետ ոչ մի հարաբերություններ չի պահպանում: Սերժ Սարգսյանի համար գաղտնիք չէ՝ ինչ է լինում նախագահականում, երբ անվտանգության ղեկավարը գործարքների մեջ է մտնում այլ ուժայինների հետ: Այդ ճանապարհը նա մեկ անգամ արդեն անցել է: Լևոն Տեր-Պետրոսյանը նրան դարձրեց հզորագույն նախարար և այս պարագայում նա շատ հանգիստ Լևոն Տեր-Պետրոսյանի ոտքի տակ փորեց: Նա անձնական փորձից այդ տեսությանը ծանոթ է, թե ինչ է լինում, երբ որ անվտանգությունը սկսում է սերտաճել մնացած ուժայինների հետ: Այնպես որ, որքան կմնա Սերժ Սարգսյանը նախագահ, այնքան էլ Գորիկը կմնա ԱԱԾ պետ: Ավելի ձեռնտու ԱԱԾ ղեկավար Սերժը գտնել չի կարող»,- ասել է Գուրգեն Եղիազարյանը:
Այնուհետև Գուրգեն Եղիազարյանը, խոսելով Մարտի մեկի զոհերից Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների մասին, նշել է, որ իր կարծիքով նա մահացել էր թունավոր գնդակից, և որի մայրը որդու դին չէր ճանաչել, քանի որ այն այտուցված էր եղել:
«Նման այտուցվածություն լինում է թունավոր գնդակի հետևանքով, իսկ թունավոր գնդակներ կային միայն ԱԱԾ-ում, այնպես որ շատ հետաքրքիր բաներ կան այդ առումով, որոնք դեռ ուղղակի բացահայտված չեն: Ես էդ ժամանակ բանտախցում եմ եղել և դրա մասին տեղեկացել եմ մամուլից»,- նշել է Գուրգեն Եղիազարյանը:
Այս օրենքի նախագծի մասին մենք զրուցել ենք նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի հետ:
Վերջինս լուրջ չի վերաբերվում և չի կարող հիմնավոր համարել նման փաստարկները, թե ԱԱԾ-ի պետին կամ համանման պաշտոնյային չեն փոխարինում, որովհետև կադրեր չունեն:
«Համակարգում կան բազմաթիվ կադրեր, և ես կարծում եմ' կարելի է գտնել արժանավորին նշանակելու համար, և երկրորդը' ուղղակի անթույլատրելի եմ համարում, որ եթե օրենքը պահանջում է, որպեսզի պաշտոնյաները իրենց տարիքը լրանալուց հետո լքեն իրենց աշխատանքը, ապա դա իրենք պետք է անեն անհապաղ, որովհետև չի կարելի խտրական վերաբերմունք դնել քաղաքացիների հանդեպ և պաշտոնյաների հանդեպ, պաշտոնյաները ոչնչով առավել չեն քաղաքացիներից: Եվ եթե օրենքը պահանջում է, որ նրանք դուրս գան իրենց զբաղեցրած պաշտոնից՝ թոշակի անցնելու պատճառով, ապա պետք է դա արվի, և դա վերաբերվում է նաև Գորիկ Հակոբյանին»,- ասել է Սաֆարյանը:
Նրա խոսքով' ցանկացած հիմնարկում իրականացվող կադրային քաղաքականությունը միայն կադրերի անձնական թղթապանակներ ունենալը չէ: Կադրային քաղաքականությունը կամ աշխատակազմի ղեկավարումը նաև պոտենցիալ կադրերին աճեցնելն է, որպեսզի նրանք փոխարինելու գան թեպետ փորձառու, բայց արդեն կենսաթոշակի անցած մասնագետներին, և եթե Հայաստանի որևէ գերատեսչություն կամ ղեկավար ուղղակի բառացիորեն ասում է, որ իբր թե այլընտրանքներ չկան, սա նշանակում է, որ այդ հիմնարկում ինչ-որ մի բան այն չէ, և կադրեր չեն աճեցրել:
Այս օրենքի նախագծի հետ կապված մենք մեկնաբանություն խնդրեցինք նաև ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանից, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այս հարցի վերաբերյալ:
Լիլիթ Թադևոսյան