Lragir.am. Կիրակնօրյա նոթեր
Եթե լսես էս իշխանություններին, Ցեղասպանության ճանաչումից բացի ուրիշ հոգս չունեն: Ու մեկ-մեկ ուզում ես մի տեսակ ասես՝ հալալ է ձեզ, որ «ատկատների», «օֆշորների», քաղաքացիների հետ հաշվեհարդար տեսնելու արանքում հայոց հարցը մոռացության չեք տալիս... «Հալա՞լ է», թե «ջհանդամը, թե՞»... մի խոսքով:
Էդ «հոգածության» մի առարկան պետք է գեղարվեստական ֆիլմերը լինեին, որոնք Ցեղասպանության 100-ամյակին աշխարհին պատմելու էին ճշմարտությունը: Պարզ է, հրեաների օրինակով. միայն 2000-ականներին Հոլոքոսթին նվիրված հիսունից ավելի ֆիլմ է նկարվել, որոնցից առնվազն Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» («Արմավենու ոսկե ճյուղ» Կաննում), Փիթեր Կասովիցի «Ստախոս Հակոբը», Սթիվեն Դոլդրիի «Ընթերցողը» բարձրարվեստ, հուզիչ գործեր են, իսկ 90-ականների գլուխգործոցներից էլ Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակն» ու Ռոբերտո Բենինիի «Կյանքը հրաշալի է» ֆիլմերը «Օսկար» են ստացել՝ դրանից բխող համաշխարհային համբավով:
2011-ին Հայաստանում ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով է ստեղծվել: Որի կազմում են երկու հայկական հանրապետությունների նախագահները, երկու կաթողիկոս, ուրիշ հայ եկեղեցիների երկու ղեկավար, Արթուր Բաղդասարյանը, Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանուշ Հակոբյանը, Հասմիկ Պողոսյանը, նախարարներ, Դաշնակցությունը՝ երկու ներկայացուցչով, երևի պատմական իր առանձնահատուկ դերի համար, մյուս ավանդական կուսակցությունների մեկական ղեկավար... ու մշակույթի ոչ մի ներկայացուցիչ: Մի քիչ մտածեցի ու տարօրինակ բան չգտա՝ անցկացվելու են ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ:
2011-ի մեծ մասը ես արտասահմանում էի, բայց էնտեղ էլ ականջիս հասավ, որ էս մեծ հանձնաժողովը ստեղծելու է կինոյի հանձնաժողով, որի մեջ ընդգրկվելու են ասպարեզի տաղանդավոր մասնագետներ, որպեսզի սցենարներ նախապատրաստեն ու Ցեղասպանության թեմաներով ֆիլմերի արտադրությունը կազմակերպեն: Այսինքն, մենակ միջոցառումներ չէին, գործ էլ էր արվելու, կինոներ էին նկարվելու… Մեկ էլ երկար ընդմիջումից հետո մի քանի օր առաջ իմացա, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում Ցեղասպանության թեմաներով հայտերի քննարկում է եղել:
Նախ «Ոսկե ծիրանի» մասին ասեմ, քանի որ իր շաբաթն էր: Ամեն ինչ լավ էր մտածված: Բացում-փակումը՝ Օպերայում, որպեսզի բարձր պաշտոնյաները, թավշյա կարմիր աթոռներին ընկղմվելով, ուշք չդարձնեն, որ էկրանի պատկերը վատորակ է, որպեսզի «ուղերձներ» կարդացվեն, պարգևներ հանձնվեն, ճառեր հնչեն՝ ինչը որ շատ են սիրում չինովնիկները: (Ճիշտ է, փառատոնի բացման օրը մեծարվող Ազնավուրը բեմ չբարձրացավ՝ հոգնածությունից կամ «բրեժնևյան» թատրոնին մասնակցել չցանկանալով, բայց նա գնալական է, չինովնիկները՝ մնալական): Ամեն օր բանկետ, որտեղ կինոյի ու մերձկինոյական մարդիկ շփվում են հյուրերի հետ: Եվ իսկական տոնը՝ բազմաթիվ հիանալի ֆիլմեր կինոյի իսկական սիրահարների ու սիրահար զույգերի համար, մուտքը՝ չճարվող-ճարվող հրավիրատոմսերով, անվճար կամ էժան տոմսերով, հանդիպումներ լավագույն ժամանակակից բեմադրիչների ու կենդանի դասականների հետ՝ Ուլրիխ Զայդլ, Իշտվան Սաբո, Յոս Ստելինգ, Մարգարեթե ֆոն Տրոտա:
Վերադառնամ Ցեղասպանության թեմաներով հայտերին՝ ի՞նչ էր կատարվել: «Ոսկե ծիրանը» իր «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի համար hայ մասնակիցներից ստացել էր Ցեղասպանության թեմայով միջազգային չափանիշներին համապատասխան փաթեթավորված 4-5 հայտ ու առաջարկել Մշակույթի նախարարությանը զբաղվել դրանցով, քանի որ նախագծի հնարավորությունները փոքր են: Թյուրիմացությունների մի մեծ շարքից հետո էդ հայտերին գումարվել են Կինոկենտրոնից բերած մի քանի տասնյակ ուրիշներ ու ներկայացվել են լեհ հայտնի բեմադրիչ Կշիշտոֆ Զանուսիին, Ատոմ Էգոյանին, Արսինե Խանջյանին, որպեսզի նրանք գնահատեն: Նախարարությունը չի բացատրել, թե ինչ է լինելու գնահատման արդյունքում, Կինոկենտրոնի հայտերի մեծ մասը հում է եղել, մասնակիցները՝ անտեղյակ «փիչինգի», ֆիլմի գաղափարով հրապուրելու կանոններին: Ի վերջո, հյուրերի նյարդերը չեն դիմացել, ու ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆ ընդհատել են:
Բայց ինձ ապշեցրեց ոչ թե էս անորոշ պայմաններով հապճեպ ու ծածկադմփոցային մրցույթը, այլ՝ որ փոխվարչապետ Բյուլենթ Արընչի մակարդակով Թուրքիան անցյալ տարի հայտարարել է, որ ֆիլմ են նկարելու 1915-ի մասին, որպեսզի աշխարհին ցույց տան «իրականությունը», իսկ Հայաստանի մշակույթի նախարարությունը 2013-ի ամռանը դեռ հայտերով է զբաղված: Որպեսզի ոչ մասնագետների համար պարզ լինի, բացատրեմ, որ մինչև 2015-ը մնացած երկու տարին ժամանակ չէ լուրջ ֆիլմի համար: Պատմական թեմայով սցենար գրելու համար վեց ամսից մի տարին համեստ ժամկետ է: Գումարած դերաբաշխումը, տեղանքի ընտրությունը, ներքնահարդարանքը, հագուստները… հանած պետական ֆինանսավորման հետ կապված մեր բյուրոկրատական քաշքշուկն ու համաֆինանսավորում գտնելու բարդությունը:
Որպեսզի քննադատությամբ չսահմանափակվեմ, անեմ նաև «կառուցողական» առաջարկներ: Վերոհիշյալ իրական կամ ենթադրական հանձնաժողովը որպես առաջին քայլ պետք է ընտրած լիներ դասական գրական ստեղծագործություններ ու դրանք սցենարի վերածելու մրցույթ անցկացներ. երկու գիրք ե՛ս թվեմ՝ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» օրագրությունը, որը մեծ գրողի անապատային աքսորի մասին է, ու Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» վեպը, որ բեսթսելեր է եղել Ամերիկայում: Որպես երկրորդ քայլ՝ դրամաշնորհ պետք է սահմանվեր հայաստանցի ու արտասահմանցի հեռանկարային հեղինակների համար, որպեսզի առնվազն մեկ-երկու երաշխավորված որակ ունեցող սցենար պատրաստվեր: Հետո նույն կարգի աշխատանք պետք է արվեր կինոընկերությունների ու բեմադրիչների հետ: Ինչպես նաև առանձին մրցույթ՝ նոր հեղինակների համար:
Բայց չի արվել, ու ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու շարունակությունը: Վերջանալու՞ է կառավարության «իտալական գործադուլը», երբ որ մարդիկ գնում են աշխատանքի, բայց գործ չեն անում: Ֆիլմ նկարվելու՞ է «ատկատների», «օֆշորների», քաղաքացիների հետ հաշվեհարդար տեսնելու արանքում: Նկարվելիքը լինելու է «Գարեգին Նժդեհ» անճարակ նախընտրական ֆիլմի նմա՞ն, որտեղ ամոթխածորեն թաքցվում էր, օրինակ, որ գլխավոր հերոսը Սյունիքը փրկել է հենց Կարմիր բանակից: Երբ որ նկարվի, հանդիսատես հավաքելու են դպրոցներում կամավոր-պարտադիր տոմսեր բաժանելու միջոցո՞վ, թե՝ ով եկավ-եկավ: Ու ի՞նչ հրաշք է կատարվելու, որ Ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու համար նախատեսված փողերը չուտեն ԻՐԱՆՔ, իսկ կինոդահլիճում նստած ամաչենք մենք:  

Վահրամ Մարտիրոսյան