ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Բակուր Ավետիկյանն իր ծառայողական պարտականությունները կատարելիս տեսել է, որ քաղ. Հ.Մ.-ն թիթեղով ծածկված ցանկապատի հատվածը վերակառուցում է քարե պատով:
Պարզելով, որ վերջինս շինարարական աշխատանքները կատարում է առանց համապատասխան թույլտվության, նշված վարչական իրավախախտման փաստն իր լիազորությունների շրջանակում չարձանագրելու և համապատասխան մարմիններին ըստ ենթակայության չուղարկելու համար, նա միջնորդ Կ.Հ.-ի միջոցով պահանջել և ստացել է կաշառք' գարեջրատանը կազմակերպված հյուրասիրության տեսքով:

Սակայն ոստիկանության աշխատակիցը, չբավարարվելով հյուրասիրությամբ, իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի նույն անգործության համար, դարձյալ նույն Կ. Հ.-ի միջոցով պահանջել է որպես կաշառք իրեն տալ նաև մինչև 100 000 դրամի սահմաններում գումար:

Կաշառքի նոր պահանջ ներկայացնելու հանգամանքն առաջացրել է քաղ. Կ. Հ.-ի զայրույթը, և նա այդ հարցը պարզաբանելու նպատակով գնացել է Բակուր Ավետիկյանի աշխատավայր: Հարցի պարզաբանման կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում Բակուր Ավետիկյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Կարեն Հարությունյանի նկատմամբ' ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը և ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին' առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 և 311 հոդվածների 2-րդ մասերով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: