Irakan.info. Այսօր կյանքի արագընթաց ռիթմը փոխել է հատկապես անչափահասի առօրյան, ու եթե նա աչքից հեռու է, ապա նրա ընդօրինակած կամ աստիճանաբար ձևավորվող վատ սովորությունները դառնում են բնավորություն, իսկ հետո' ճակատագիր: Ժամանակից շուտ ինքնուրույնության «համը» ճաշակած դեռահասը գուցե իր շրջապատում համարվի աչքաբաց, ճարպիկ, «սատանի ճուտ», սակայն չգիտակցված քայլերի արդյունքում նա մշտապես կհայտնվի «կյանքի հատակում», եթե մերժի իրեն օգնության մեկնած ձեռքը:

1990-ականներին մեր ապրած դառը կյանքը ոմանց հոգում մթագնեց արժանապատիվ ապրելու գիտակցումը: Մարդկային աղետ համարվող մուրացկանությունը դարձավ զբաղմունք, աշխատանք և տարիք ու սեռ, ահել ու ջահել չէր հարցնում: Այն ինչ-որ տեղ արդարացած էր, քանի որ գոյատևելու խնդիր կար: Հետո կյանքն աստիճանաբար բարելավվեց, աշխատանք ու ապրուստ եղավ, մարդիկ արտաքնապես ու հոգեպես փոխվեցին, սակայն գայթակղիչ «աշխատանքի» սիրահար մարդկանց մի ստվար զանգված չկարողացավ կամ չկամեցավ ձերբազատվել մուրացկանությամբ գոյատևելու սովորույթից:

Նայեք ձեր շուրջը. նրանք ամենուր են' փողոցում, մետրոյում, գետանցումներում, ավտոկայանատեղիներում, անգամ թակում են դուռդ' գումարի կամ սննդի խնդրանքով: Մերժել չես կարող, քանի որ, եթե խիղճ ունես, հաստատ օրվա մեջ հազար անգամ մեղադրելու ես քեզ, հատկապես երբ լսում ես իրենց կյանքի մասին հորինած լալագին սցենարները: Սակայն հանդուրժելով ավելացնում ես մուրացիկների քանակը, համառությունն ու… «նագլիությունը»:

Ցավ ես ապրում հատկապես անչափահաս մուրացիկների համար, ովքեր գործում են ծնողի, ազգականի կամ թե «թաղի տղու» պահանջով, իսկ վաղը նույն մարդկանց պահանջով կդիմեն նաև հանցագործության' չմտածելով, որ հետագայում շատ են զղջալու: Օրերս մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում (Թումանյան փողոց, Մաշտոցի պողոտա, կայարանամերձ տարածք) հանդիպեցի 10-12 անչափահաս մուրացիկների: Նրանցից ամենափոքրը 5 տարեկան էր և Թումանյան փողոցում հայտնվել էր 8 և 11 տարեկան «եղբայրների» հետ:

Բավականին լավ հագնված և բջջային հեռախոսով «զինված» տղաները գերազանց ստում էին, տատիկի և բաժանված ծնողների մասին հնարովի պատմություններով հույս ունեին ավելացնել «հանգանակած» գումարի չափը: Իսկ հիմա, երբ գազն ու էլեկտրաէներգիան էլ ավելի թանկացրին «կյանքի գինը», համեմատաբար աճել են նաև մուրացիկների մաթեմատիկական հնարամտությունները, և ոչ միայն դա:

Մուրացիկ երեխաների մի խումբ էլ գործում է Սովետաշենի գերեզմանոցի տարածքում' ուտելիքի և գումարի ակնկալիքով, իսկ մերժվելու դեպքում ցուցաբերում են դաժանություն' ապականում են գերեզմանը, կոտրում ծաղիկները, քանդում գերեզմանաթումբը' տասնապատկելով հարազատի շիրմին այցելության եկած հարազատի վիշտը:

Երբ մի առիթով ԱԺ մի պատգամավորի հարցրի, թե արդյոք իրեն մեղավոր զգու՞մ է մուրացիկ դեռահասի կամ թե աղբարկղը քչփորող մարդու հանդիպելիս, պատասխանեց. «Ոչ: Մի օր ես նրանցից մեկին 5000 դրամ տվեցի, իսկ հեռանալուց հետո երբ հետ նայեցի, նա շարունակում էր քչփորել աղբարկղը: Իսկ չեմ խղճում, քանի որ նա այդ տեսակից է, դա իր համար աշխատանք է, կյանքի իմաստ»:

Ու քանի դեռ կա այսպես մտածող պաշտոնյա, անհոգ մանկավարժ, դեռահաս մուրացիկին հաճախ չնկատող ոստիկան, մեր շուրջը շարունակելու են բազմանալ խեղաթյուրված մանկություն ապրող ցինիկ, կոպիտ, ագրեսիվ դեռահասներ, ովքեր վաղը համալրելու է թմրամոլների, հարբեցողների, հանցագործների ու արվամոլների շարքերը:

Անուշ Ներսիսյան