ԳԱԼԱ. «Ադրբեջանի' պատերազմի պատրաստվելու մասին պաշտպանության նախարարի հայտարարությունը նորություն չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Գնալով այդ հայտարարությունները դառնում են ավելի կոշտ, վերջին հայտարարությունը, որը արվել է, դա Բաքվի շքերթի ժամանակ էր, որտեղ խոսքը գնում էր ադրբեջանական տարածքների ազատագրման մասին՝ առանց հստակեցնելու, թե ինչի մասին է խոսքը, իսկ երբ Ալիևն է խոսում, խոսում է նաև Երևանի կամ ինչպես ինքն է ասում՝ «Իրիանի խանության», Զանգեզուրի մասին և այլն»:
Ըստ Արա Պապյանի՝ ակնհայտ է այն, որ հակամարտությունը հռետորաբանության առումով թևակոխում է նոր փուլ, և ինչքան էլ մենք փորձում ենք ցույց տալ, որ այն Ղարաբաղ-Ադրբեջան մակարդակի վրա է, արդեն հայտարարություններից ելնելով՝ ընկալվում է որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտություն: Իրավիճակը սրված է նաև այն առումով, որ որոշակի լարվածություն կա հայ- ռուսական հարաբերություններում. «Որպես մեղավոր ես համարում եմ Ռուսաստանին»,- ասում է քաղաքագետ Արա Պապյանը:
Անկախ այն հանգամանքից, թե ինչով էր պայմանավորված զենքի վաճառքը, Արա Պապյանը համարում է, որ դա վայել չէ դաշնակից պետությանը: Վերլուծելով վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները՝ քաղաքագետ Արա Պապյանը կարծիք է հայտնում, որ ամենից վտանգավոր շրջանը Հայաստանի համար լինելու է 2014 թ.-ը:
«Ադրբեջանը չի կարող այնպիսի գերակշռություն ունենալ ռազմական- քաղաքական առումով, որ հաղթանակ տանի, պարզապես հնարավոր պատերազմը շատ ավելի ծանր հետևանք կունենա ամբողջ տարածաշրջանի համար, հետևաբար մեր խնդիրն է խաղաղ ճանապարհով հարցի լուծումը»,- ասում է քաղաքագետ Արա Պապյանը: «Հող՝ խաղաղության դիմաց». այդ սկզբունքը, ըստ քաղաքագետի, սխալ պատկերացման հետևանք է Ադրբեջանի կամ թուրքական մեծ քաղաքականությանը. «Այսինքն՝ եթե մենք զիջում ենք տարածք, ոչ թե մոտեցնում ենք խաղաղությունը, այլ՝ հակառակը»:
Բանակցային գործընթացը, ըստ Արա Պապյանի, իրեն ամբողջությամբ սպառել է, սակայն նա համարում է, որ այլընտրանք ևս չկա. «Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, ավելի լավ է բանակցություններ, քան գնալ պատերազմի, քանի որ այս պատերազմը չի լինելու 90-ական թթ. պատերազմի նման, այս պատերազմը լինելու է ավելի դաժան, քանի որ մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ ուժեր կներգրավվեն»:
Լյուդմիլա Գարեգինյան