Այս պահին Քաղաքապետարանի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան: Քաղաքացիները նստել են շենքի մուտքի առջև: Նրանց հետ հանդիպման է եկել քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, ով նշեց թանկացման պատճառները:
«Թանկացումներ են գնացել տրանսպորտի բնագավառում, թանկացել են մեքենաները, պահեստամասերը, վառելիքը, քսայուղերը»,- ասաց Գևորգյանը:
Իսկ ակտիվիստներից Իզաբելա Աբգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ գումարը, որ ավելացել է՝ 50 տոկոսը, իրականում թալան է:
«Ես հասկանում եմ, որ ոլորտի պատասխանատուները տրանսպորտից չեն օգտվում, և նրանց համար միևնույն է, թե ինչքան կթանկանա, բայց մեզ համար միևնույնը չէ»,-ասաց նա:
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է, քաղաքացիներին է միացել նաև Քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցությունը: