«Հայ ազգային կոնգրես» կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանի թույլ արտաքին դիվանագիտության հետևանքն է այն, որ տարբեր օտարերկրյա պաշտոնյաներ իրենց թույլ են տալիս Հայաստանի հարցով տարբեր հայտարարություններ անել։ Ընդհանուր առմամբ՝ նախկին ԱԳՆ աշխատակիցը նշում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից կարելի է դատողություններ անել և տեսնել, որ իրականում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։
«Մեր արտգործնախարարության պաշտոնյանները չեն ներկայացնում մեր առաջնահերթությունները։ Նույն Շավարշ Քոչարյանը (Արտաքին գործերի փոխնախարար) հայտարարեց, թե մենք երբեք չենք ցանկացել մտնել Եվրամիություն։ Նման կարգի հայտարարություն չպետք է արվի նման մակարդակով, չի կարելի երբեք սահմանափակել մեր արտաքին հնարավորությունները, գործունեության ուղղությունները, այդ հարցում իսկապես խնդիր կա»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։
Վլադիմիր Կարապետյանին նույնիսկ թվում է, թե մեր իշխանությունները կորցրել են իրենց արժանապատվությունը։ «Արժանապատվություն մեր իշխանությունների մոտ կարծես գոյություն չունի։ Թուրքիայի ԱԳՆ-ն այնպիսի հայտարարություն է անում, որ ես չեմ պատկերացնում, ո՞նց կարելի է դրանից հետո լռել։ Աղվան Հովսեփյանին տեղն են դնում, և մերոնք լռում են։ Եթե դու քեզ այդպես ես պահում, ուրեմն ցանկացած ձևով քեզ ցանկացածը կարող է ճնշել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները»: Ինչին ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե «որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»:
«ԱԳ նախարարը կա, և այն արձանագրությունը, որ մենք ստորագրեցինք Թուրքիայի հետ և այդ հայտարարությունը, որ հիմա արվում է... մենք ունենք ողջ-առողջ նախարար, բայց արի ու տես՝ Աղվան Հովսեփյանն է իրեն թույլ տալիս մի այնպիսի հայտարարություն անել, որ լրիվ մտնում է այդ ոլորտի մեջ, իսկ դա ցույց է տալիս, որ մեզ մոտ ոչ մի բան համակարգված չի և աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախ ձեռքը»,- նշեց նա։
Անդրադառնալով այն պնդումներին, թե Հայաստանի՝ ԵՄ կողմնորոշման դեպքում, այն է՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում, Ռուսաստանից ճնշումներ կա՞ն Հայաստանի նկատմամբ, ՀԱԿ անդամը նշեց, որ ինքը նման ճնշումներ իրականում չի տեսնում։
«Ավելի հեշտ բան չկա, քան քննադատել այլ պետությանը։ Դուք տեսեք՝ դա ինչի հետևանքով է լինում. իհարկե, քո երկրի թուլության։ Ինչ վերաբերվում է զենքի տրամադրմանը Ադրբեջանին, ապա այստեղ մեր հատուկ ծառայություններն ավելի վաղ պետք է դրա մասին իմանային, աղմուկ բարձրացնեին և փորձեին նույն լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների միջոցով կանխել: Ոչ մի բան չեն արել: Դրանից կարելի է եզրակացնել, որ պետական հատուկ ծառայություններն էլ կարծես չեն կատարում իրենց պարտականությունները»,- նշեց նա։
Հարցին, թե, այդուհանդերձ, Հայաստանի մոտ ստացվու՞մ է վարել կոմպլեմենտար քաղաքականություն՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ թեև հայտարարում են, բայց իրականում անհասկանալի է, թե, ի վերջո, ի՞նչ քաղաքականություն են վարում։
«Ժամանակին ինստիտուցիոնալ հիմքերի վրա էր դրված, և բացատրում էին, թե ինչ ենք անում, ոնց ենք անում և ինչ հետևանքի քաղաքականություն է։ Հիմա կա՞ որևէ բացատրություն, Դուք գիտե՞ք՝ Էդիկ Նալբանդյանն ինչ քաղաքականություն է վարում։ Եթե Շավարշ Քոչարյանը կանգնում և ասում է, որ մենք ԵՄ երբեք չենք ուզեցել մտնենք»,- ասաց նա։
Իսկ հարցին, թե, այդուհանդերձ, այն պնդումները, որ ԱԳՆ-ին հաջողվեց ԵՄ դիրքորոշումը մեղմել, և եթե նրանք ավելի վաղ նշում էին «կամ-կամ»-ի սկզբունքը, հիմա արդեն համաձայն են «և-և»-ին, պատասխանեց. «Ճիշտ է, հա, մեղմացվել է Եվրոպայի տեսակետը, որը ցույց է տալիս, որ ԵՄ գործընկերները հույս ունեն, որ բոլոր այն խոչընդոտները, որոնք կխանգարեն Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, վերացվեն։ Ես կարծում եմ, որ որքան պարտավորություն վերցնում են այս իշխանությունները, բոլորը ձախողել են, պրոգրես պարտավորությունները չեն կատարել, մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, այսինքն՝ եթե համարում են, որ չկատարելով ստանձնած պարտավորությունները պետք է շարունակեն հարաբերությունները խորացնել, ուրեմն, կարծում եմ, իրենք օգտվում են այն հանգամանքից, որ Եվրոպան ամեն կերպ ուզում է ստորագրել»,- նշեց նա։
Իսկ թե ո՞րն է Եվրոպայի շահը, ՀԱԿ անդամը հայտնեց, թե կարծում է, որ այս 4-5 տարվա բանակցությունների հանգրվանն է և տրամաբանական ավարտը։ «ԵՄ-ն կարևորում է ստորագրումը, և դրանով է պայմանավորված, որ մի քիչ էլ աչք են փակում այն լուրջ խախտումերի, ոչ հետևողական պահվածքի վրա, որ արձանագրում է այս իշխանությունը»,- ասաց նա։