Երևանի քաղաքապետարանի որոշումը՝ ուղևորափոխադրումը թանկացնելու մասին, բացարձակ անհիմն է:

«Հայազն» կուսակցությունը հուլիսի 23-ին' ժամը 16:00, հրավիրում է բողոքի ակցիայի՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, որի ընթացքում կտրվի նամակ՝ պահանջագիր, որից հետո երթով կշարժվենք դեպի կառավարություն:

Պահանջագիրը' ստորև:

Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է՝ մասնավորապես, հաշվարկված է ուղևորների՝ իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:
Վստահ ենք, որ Երևանի բնակիչները դեմ չէին լինի ուղեվարձի որոշ թանկացմանը, եթե այն իրոք համապատասխաներ մատուցվող ծառայության որակին: Իսկ երբ սակագնի թանկացման միակ իմաստը առանձին արտոնյալ անձանց համար գերշահույթ ապահովելն է, ապա հանրային բողոքն անխուսափելի է: «Հայազն» կուսակցությունը վճռականորեն միանում է այդ բողոքին:

Պահանջում ենք.

1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը:

2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղևորափոխադրումը՝ շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:

3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը՝ այդ թվում ուշ և պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղևորների նստեցումը:

4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ՝ քարտային վճարումը՝ կիրառելով ավելի ճկուն սակագներ՝ ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:

5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը՝ միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն և արժանապատիվ վարձատրություն՝ աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղևորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղևորների որսի, խախտումների և կոնֆլիկտների:

6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի և դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:

7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները և խստությամբ հետևել դրանց կիրառմանը:

8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո՝ ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում: