Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, արդեն 3-րդ օրն է, ինչ Երևանում անցկացվում է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան։ Երեկ ակցիային են միացել նաև Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Ալեն Սիմոնյանը և նրանց ընկերները։

Նրանք իրենց մեքենաներով քաղաքացիներին տեղափոխում էին մայրաքաղաքի տարբեր ուղղություններով։

Այսօր վերջիններիս են միացել նաև Պետրոս Ղազարյանը, Արթուր Իսպիրյանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Լուրեր.com-ի հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ եկել է քաղաքացիներին որևէ կերպ օգնելու: Հարցին, թե ինչպես է վերաբերվում այս թանկացումներին, և թե ակցիաները որքանով օգտակար կլինեն, Փաշինյանն ասաց. «Եկել եմ քաղաքացիական հասարակությանն իմ զորակցությունը հայտնելու և քաղաքացիներին որևէ կերպ օգտակար լինելու: Իսկ Հայաստանում տիրող ընդհանուր սոցիալական վիճակի մասին իմ կարծիքը գիտեք, որևէ նոր բան ավելացնելու չունեմ, գործող իշխանություններից որևէ քաղաքացիակենտրոն քայլ սպասելը անիմաստ է»: