Lragir.am. Բրյուսելում ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո Լիտվայի ԱԳ նախարարը հատկանշական հայտարարություն է արել: Նա ասել է, որ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան Ասոցացման համաձայնագիրը կարող են նախաստորագրել ոչ թե նոյեմբերին Վիլնյուսում, այլ զգալիորեն ավելի շուտ: Իսկ Ուկրաինայի ԱԳ նախարար Կոժարան էլ հայտարարել է, որ իր երկիրն արդեն նոյեմբերին Վիլնյուսում պատրաստ է ստորագրել ասոցացման պայմանագիրը:
Փաստացի, Եվրամիությունը չի բացառում ասոցացման գործընթացի արագացումը: Դա թերեւս կապված է այն մտահոգությունների հետ, որ Ռուսաստանը կարող է մինչեւ նոյեմբեր խանգարել նախաստորագրմանը: Ռուսաստանյան քաղաքագիտական հանրության ակտիվացումը, որն արդեն սպառել է փաստարկների զինանոցը, խոսում է այն մասին, որ Մոսկվան ամեն մի երկրի համար պատրաստում է «տապալման» սեփական սցենարը: Հայաստանի համար դա կարող է լինել թե սադրանքը Ղարաբաղում, թե սոցիալական անկարգությունների խթանումը:
Քանի որ անկարգությունների, բունտերի համար Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները, հենց Հայաստանի իշխանության կողմից, նախաստորագրման տապալումը լիովին իրական է թվում: Եթե իհարկե իշխանությունը զիջումների չգնա հանրությանը:
Զգուշավոր եվրոպացիները թերեւս որոշել են խորամանկ քայլի դիմել՝ նախաստորագրումն իրականացնել ավելի շուտ, «առաջ ընկնելով» Ռուսաստանից:
Ռուսաստանցի քաղաքագետներն իսկապես սպառել են բոլոր փաստարկները: Ներկայում ռուսական մամուլը լի է նյութերով, թե հենց Ռուսաստանին է նախասահմանված աշխարհը «երկնագույն ժանտախտից» փրկելու դերը: Հայաստանում նույնպես կոչեր են հնչում չգնալ դեպի անբարոյական Եվրոպա, եւ միանալ Ռուսաստանին, որը հռչակվել է «Աշխարհի խիղճը»:
Շատերը հարց են տալիս՝ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի հրապարակում ԵՄ հետ պայմանագրի տեքստը: Դժվար թե դա կապված լինի գենդերային խնդիրների մասով Հայաստանի պարտավորությունների հետ: Շատերը ենթադրում են, թե դա կարող է կապված լինել Ղարաբաղի վերաբերյալ անցանկալի ձեւակերպումների հետ, սակայն առավել իրական է թվում այն տեսակետը, ըստ որի տեքստում ամրագրված է ՆԱՏՕ-ի դերը Հայաստանի անվտանգության պաշտպանության հարցում:
Եթե նման կետ իսկապես կա, ապա հայկական իշխանությունը կգերադասի չհրապարակել համաձայնագրի տեքստը, Ռուսաստանի նյարդային արձագանքը չառաջացնելու համար: Թեեւ դա շատ լուրջ հայտ է, որը ենթադրում է ՀԱՊԿ շրջանակում որոշակի պայմանավորվածություններից հրաժարում: Մասնավորապես, անցյալ տարի Հայաստանը համաձայնագիր կնքեց ՀԱՊԿ շրջանակում, ըստ որի սեփական տարածքում «երրորդ երկրների» ենթակառուցվածքներ տեղակայելու համար անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համաձայնությունը: Թեեւ, եթե խոսքը ոչ թե ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների, այլ անվտանգության որոշակի երաշխիքների մասին է, ապա այդ պայմանագիրը դենոնսացնելու կարիք չի էլ զգացվի:
Սեպտեմբերի կեսերին Հայաստանը կընդունի Արեւելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հնարավոր է, այդ հանդիպմանը վերջնական որոշում կկայացվի: Իսկ մինչ այդ, Սերժ Սարգսյանն իր հետ արձակուրդ է տարել Հովիկ Աբրահամյանին, Ավստրիա: Պատրաստվում է ծանր աշնան:
Նաիրա Հայրումյան