ԳԱԼԱ-ն զրուցեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ' իմանալու համար արդյոք Մոսկվայում վթարի հետևանքով կալանավայրում հայտնված մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանը ունի՞ Հայաստանից մեկնած փաստաբանի կարիք, քանի որ կան փաստաբաններ, ովքեր իրենց պատրաստակամությունը հայտնեցին մեկնել Ռուսաստան և պաշտպանել Հարությունյանին:
Անդրեասյանը գտնում է, որ Հարությունյանը Հայաստանից մեկնած փաստաբանի կարիք չի զգում. «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի այստեղից մեկնած փաստաբանը պաշտպանի Հրաչյա Հարությունյանի շահերը դատարանում, որովհետև նույնիսկ ամենապրոֆեսիոնալ փաստաբանը այնքան էլ իրազեկ չի կարող լինել ՌԴ-ի սահմանադրությունից ու օրենքներից, ինչպես այնտեղի փաստաբանը կարող է լինել: Եվ հետո այնպիսի փաստաբանական թիմ է հավաքվել, որ իսկապես կարող են օբյեկտիվ պաշտպանել Հարությունյանի շահերը դատարանում»:
Օմբուդսմենը իհարկե ուրախ է, որ հայտնվել են փաստաբաններ, ովքեր պատրաստ են Հարությունյանի շահերը պաշտպանել, բայց կոչ է անում օգնել նաև մեր երկրում գտնվող այն քաղաքացիներին, որոնք ունեն փաստաբանի աջակցության կարիք.
«Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք նման բարի և պատրաստակամ փաստաբաններ, սակայն ուզում եմ ասել, որ մեր երկրում էլ հազարավոր նման դեպքեր են լինում, և շատ քաղաքացիներ հայտնվում են նման իրավիճակներում, ուստի եթե իրենք այդքան բարի, պատրաստակամ են և ունեն ազատ ժամանակ, լավ կլինի, որ օգնեն նաև մեր երկրում ապրող քաղաքացիներին»:
Հիշեցնենք, որ Հարությունյանի փաստաբանական թիմին ավելացել է ևս մեկ փաստաբան' մեր հայրենակից Ռուբեն Մարգարյանը, ով ՌԴ-ում հայտնի փաստաբաններից է և կգլխավորի փաստաբանական կոլեգիայի աշխատանքները: ՄԻՊ-ը ընդգծեց, որ պարբերաբար զրուցում է փաստաբանների հետ և տեղեկանում գործի ընթացքին, սակայն շատ բաներ չի կարող հրապարակել՝ ելնելով նախաքննության սկզբունքներից:
Սեդա Ղուկասյան