Lragir.am. Քաղաքացիական համընդհանուր ոգեւորությունը կամաց-կամաց զիջում է տեղը աշխատանքի նոր փուլին: Համենայն դեպս, պայքարի ելած երիտասարդները տրանսպորտի ուղեվարձը հետ բերելուց հետո, նոր պահանջներ են դնում քաղաքապետարանի չինովնիկների առաջ՝ բարձրացնելով նրանց քայլերի իրավականության խնդիրը:
Այդ տեսանկյունից, քաղաքացիական ալիքն ուներ մի բաղադրիչ, որի հետագա աշխատանքը եւս կարեւոր է: Խոսքը հայտնի մարդկանց դիրքորոշման, մասնակցության մասին է: Շոու-բիզնեսի աստղերը, հեռուստահաղորդավարները, դերասաններ, այլ հայտնի մարդիկ միացել էին քաղաքացիական պայքարին, հանդես էին գալիս իրենց նախաձեռնություններով: Իր ծավալով, դա աննախադեպ մասնակցություն էր, թեեւ նրանցից շատերը նախկինում էլ ակտիվ են եղել այս կամ այն հարցում:
Բայց, ներկայում, մասնակցության աննախադեպ ծավալը նաեւ առաջ է բերել սոցիալական պատասխանատվության, քաղաքացիական պատասխանատվության աննախադեպ մակարդակ: Պատասխանատվության իրացումն արդեն ենթադրում է ոչ թե արձագանք առիթներին կամ պատճառներին, այլ նաեւ նախաձեռնողականություն:
Իսկ դա էլ ենթադրում է, որ ուղեվարձի թանկացման որոշման դեմ պայքարի ելած հայտնի անձինք իրենց քաղաքացիական ակտիվության հարցում արձագանքողից պետք է դառնան նախաձեռնող: Խոսքը միայն բացօթյա, փողոցային ակցիաների մասին չէ, այլ պարզապես կրեատիվ քայլերի, որի օգնությամբ նրանք կարող են հասարակության ուշադրությունը գրավել այս կամ այն սոցիալ-իրավական խնդրի հանդեպ:
Նրանցից շատերը գերզբաղված մարդիկ են, սակայն պակաս զբաղված չեն այն մարդիկ, ովքեր պայքարը դարձրել են իրենց գրեթե ամենօրյա կենսակերպ: Իսկ հայտնիների դեպքում խնդիրն ընդամենը այն է, որ նրանց կամովին ստանձնած սոցիալական պատասխանատվության նոր մակարդակը պետք է պահել ժամանակ առ ժամանակ, բայց կայուն պարբերականությամբ այս կամ այն հանրային կարեւոր, հիմնարար նշանակություն ունեցող խնդրի վերաբերյալ դրսեւորվող դիրքորոշմամբ, ակցիաներով: Առավել եւս, որ հայտնիներն այդ հարցում անկասկած երբեք մենակ չեն մնա, եւ հանրային նշանակության ու ճշգրիտ, դիպուկ թիրախավորված նախաձեռնությունները կստանան լուսավոր երիտասարդության օպերատիվ աջակցությունը:
Այդ շերտի սոցիալական պատասխանատվության խնդիրը շատ կարեւոր է հասարակական, պետական կյանքի առողջացման տեսանկյունից: Կոնկրետ առիթով նրանք իրացրին այդ կարեւոր պատասխանատվությունը՝ եւ կարծեք թե բավական բարձր մակարդակով, բայց թյուր կլինի մտածել, որ պատասխանատվության նպատակը զուտ ուղեվարձն էր: Պատասխանատվության նպատակն ավելի լայն է թե տարածության, թե ժամանակի մեջ: Կարեւորության գիտակցումը թերի, պռատ կլինի, եթե լիարժեք չպատկերացվի նաեւ նպատակը: Իսկ դրա պատկերացման լիարժեքությունը կերեւա այդ մարդկանց հետագա գործունեությունից:
Խոսքն անհատական գործունեության մասին չէ, քանի որ նրանցից շատերը միշտ էլ ակտիվ են եղել հանրային հարցերում, արտահայտվել են թե ուղղակի խոսքով, թե ստեղծագործական աշխատանքի միջոցով: Խոսքը տվյալ դեպքում այդ սեգմենտի հավաքական պատասխանատվության մասին է:
Հետագա պասիվությունն իհարկե հանցանք կամ մեղք չի լինի, բայց ուղղակի ափսոս կլինի այն մեկնարկը, որ նրանք տվեցին, եթե հետո արագ ու կտրուկ արգելակեն:  

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ