ԳԱԼԱ-ն օրեր առաջ անդրադարձել էր գյումրեցի Լյովա Սիմոնյանին, ով իր կյանքի ավելի քան 33 տարին անցկացրել է տարբեր կալանավայրերում: Դուրս գալով կալանավայրից՝ նա ճամպրուկներով ներկայացել էր ԳԱԼԱ հեռուստաընկերություն՝ հայտարարելով, որ ոչ մի հարազատ ու ընկեր չունի, ոչ էլ բնակարան կամ կեցության վայր:

Այսօր, երբ նա արդեն մի սենյակ է ստացել Գյումրու քաղաքապետարանից եւ փորձում է աշխատանքի անցնել որպես աղբատար ավտոմեքենայի վարորդ, հայտարարում է, որ երբեք չի գնալու այլեւս կալանավայր, փոխելու է իր կյանքը եւ ապացուցելու է, որ կյանքն իրեն հանցագործ սարքեց, բայց ինքը չմնաց հանցագործ:

Կալանավորը, ով նաեւ Ռուսաստանի խիստ ռեժիմով կալանավայրերում է երկար ու ձիգ տարիներ անցկացրել, այսօր մամլո ասուլիս էր հրավիրել: Բացի նրանից, որ ներկայացրեց, թե ինչ փոփոխություներ են արձանագրվել իր կյանքում՝ կալանավայրից դուրս գալուց հետո, նա նաեւ ուշագրավ որոշակի մանրամասներ ներկայացրեց՝ անազատության մեջ անցկացրած տարիների մասին: Պատմեց, որ ինքը 8 ամիս ազատազրկման վայրում անցկացրել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարների հետ, որոնց մեջ է եղել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը, Աշոտ Մանուչարյանը, Վազգեն Մանուկյանը եւ այլոք:

Իսկ մինչ այդ Լ. Սիմոնյանը լրագրողներին ներկայացրեց իր կենսագրությունը:

«Ես ուսանել եմ Պլեխանովի անվան համալսարանում, երկու տարի սովորել եմ, 1977թ-ին երբ Մոսկվայում «Ասալա» շարժման անդամները պայթեցրին Մոսկվայի մետրոպոլիտենը, այդ ժամանակ հարձակում սկսվեց հայերի դեմ: Ինձ եւ իմ նման եւս 40 հայ ուսանողի բռնեցին ու տարան, հետո ինձ մեղադրեցին, որ իբր նեգր ուսանող եմ սպանել եւ 13 տարվա ազատազրկման դատապարտեցին, որից հետո ես իսկական հանցագործություն կատարեցի՝ բանտում մարդ սպանելով»:

Այդ ընթացքում նախկին կալանավորը պատմեց, որ շուրջ 8 ամիս նա կալանավայրում եղել է «Կռունկ» կոմիտեի անդամների հետ:

«1978 թ-ին Լեւոն Տեր- Պետրոսյան, Վ. Մանուկյան, Մանուչարյան, Բաբայան...նրանք «Կռունկ» կոմիտեի անդամներն էին: Իմ թվարկած 4 անձնավորությունների հետ 8 ամիս ես նստել եմ «Մատրոսսկայա տիշինա» բանտում:

Նրանց երբ բերեցին, ես արդեն մեկ տարի ու կես այնտեղ էի: Այն ժամանակ ուզում էին կոտրել նրանց կամքը, ստորագրել տալ, որ հրաժարվում են Ղարաբաղի «Կռունկ» կոմիտեի մտքից, ՀՀ առաջին նախագահին 1978 թ-ի սեպտեմբերի 29-ի, լույս 30-ի գիշերը ուզում էին «վնասել» ռուսները՝ պրես կամեր կոչված տեղը, եւ ես, արդեն այդ ժամանակ գաղութում հեղինակություն ունեցող անձ, փրկել եմ նրա կյանքը: Այնպես որ ՀՀ անկախության ջատագովներին, անկախ Հայաստանը ստեղծողներին ես եմ փրկել ու հպարտ եմ դրա համար»,-հայտարարեց Լ. Սիմոնյանը: Ապա հուզվեց՝ հայտարարելով, որ նրան ՀՀ քաղաքացիներն ու իշխանությունները անարգում են: Շատ դժվարությամբ է աշխատանք գտել ու մեծ սիրով պատրաստվում է աշխատել:

Նա պատմեց նաեւ, որ կալանավայրից դուրս գալուց հետո նրան ՀՀ-ում անընդհատ «գլխին սարքել ու հանցագործ են որակել»՝ ուղարկելով կալանավայր, այս ընթացքում նաեւ նրա բնակարանն են խլել: «Ձեզ համար տարօրինակ չէ, որ դրանից հետո հինգ անգամ ինձ բռնում է նույն ոստիկանը՝ Յաշա Խաչատրյանը, ու հինգ անգամ նույն բանի համար՝ պլան դանակ-պլան դանակ...Այդ ընթացքում՝ իմ բանտում եղած ժամանակ, իմ Մանուշյանի վրա գտնվող (4-րդ թաղամաս, 1-ին շենք) բնակարանը անցնում է Յաշա Պողոսյանի սիրուհուն՝ Սյուզան Մուրադյանին»:

Նախկին կալանավորը պատմեց, որ դա եղել է այն ժամանակ, երբ ինքը կալանավայրում է եղել եւ կալանավայրից նամակ է գրել ՀՀ նախագահին, որից հետո հետաքննություն է սկսվել, բայց գործը լուծվել է ոչ հօգուտ իրեն:

Լ. Սիմոնյանը առայժմ անձնագրային խնդիրներ է լուծում եւ փորձում է ձեռք բերել Գյումրիի գրանցում: