ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբ», եղբորորդի Վարդան Հակոբյանի բնակության վայրում և աշխատավայրում կատարված խուզարկությունները, ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, անուղղակիորեն առնչվում են Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Անդրանիկ Զատիկյանի հանկարծակի մահվան հետ: Ինչպես հայտնի է, բուն մահվան փաստով հարուցված գործը կարճվել էր, սակայն փոխարենը գործ էր հարուցվել Անդրանիկ Զատիկյանին թմրամիջոցներ իրացնող անձին հայտնաբերելու համար: Այդ գործի շրջանակներում էլ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վարկածներից մեկը եղել է այն, որ թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին թմրամիջոցներ է իրացրել Վ.Հակոբյանը: Ի դեպ, Վարդան Հակոբյանի մյուս եղբայրը' Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի մյուս եղբոր' Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:
Այսօր խուզարկություններ են կատարվել Վ.Հակոբյանի հորը՝ Սիմոն Հակոբյանին,պատկանող տարածքում, Վ.Հակոբյանի տանն ու աշխատավայրում: Մեր ունեցած տեղեկություններով, թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, փոխարենը հայտնաբերվել են ՏՕԶ տեսակի փամփուշտներ և մեծ քանակությամբ գումար' մի քանի միլիոն դոլար և դրամ: