Քաղաքացիական ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը կոչով դիմում է բոլոր հայ մայրերին՝ ի նշան բողոքի տանել ու Երևանի քաղաքապետարանի դիմաց բուրդ լվանալ: Նա ասում է, որ ինքը ցանկացած պահի պատրաստ է իրականացնել այդ գործողությունը, քանի որ երևանցիների հարկերից սնվող կառույցը իր ժողովրդի գումարները անտեղի վատնում է՝ ջրի շիթերով ողողելով տարածքը և դրանով իսկ խանգարելով ակցիա իրականացնող ակտիվիստներին:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Սյուզան Սիմոնյանն ասաց.
«Բուրդ է պետք լվանալ ու չփխել քաղաքապետարանի կողմից բացված հուսահատության առուներում, որպեսզի ցույց տանք դրանով, թե ինչպես ենք նրանց չփխելու, երբ ժամը վրա հասնի: Այս առաջարկս ուղղում եմ Հայաստանի մայրերին: Միանանք և ցույց տանք սրանց մեր ավանդական մեթոդը և այն, որ մենք ուժեղ ենք ու համարձակ, քանզի խոսքը վերաբերվում է մեր զավակների ապագային: Իսկ այդ դեպքում վախն ո՞ւմ շունն է, որ բույն դնի մեր հոգիներում»:
Ակտիվիստը գնահատելով երիտասարդների անցած մի քանի օրերի պայքարը' հայտարարեց, որ այդ պայքարը ինքնին լուսավոր ու պայծառ է, որովհետև այն սկսվել և իրականացվում է երիտասարդների ջանքերով:
«Հպարտ եմ նրանցով և վստահ եմ, որ նրանք դեռ անելու են այն, ինչը չի հաջողվել նախկին սերունդներին, և ինչը կթերանանք անել մենք՝ այսօրվա ավագ սերունդը: Սակայն այդ պայքարը ուներ բազմաթիվ ծալքեր և կողմեր: Ինչպես միշտ ցանկացած ազնիվ նախաձեռնության մեջ ռեժիմը կարողանում է ներդնել իր սպասարկուներին, այս դեպքում' իր երիտխմբերին: Եվ հաղթանակի հենց հաջորդ օրը ապացուցվեց ասածս, երբ շատերը հեռացան հանուն արժանապատիվ կյանքի տարվող պայքարից: Պարզ է, որ ռեժիմը սրանով որոշակի նպատակներ էր հետապնդում: Դրանցից մեկը՝ մոռանալ տալ այն բոլոր բացահայտված հանցագործությունները...Չէ՞ որ հիմա մոռացվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին օֆշորն ու չարաշահումները: Սա ռեժիմն է, և սա ռեժիմի ձեռագիրն է»:
Սյուզան Սիմոնյանը գնահատեց նաև այս ընթացքում ընդդիմադիր գործիչների պահվածքը՝ միաժամանակ հայտարարելով, որ Նախախորհրդարանը, որին ինքը անդամակցում է, ժողովրդի ու ակտիվիստների կողքին է և ունի գործուն մասնակցություն ակցիային:
«Ինչ վերաբերվում է ընդդիմադիր գործիչների գործողություններին, ապա դրանք վաղուց ի վեր նշմարելի չեն: Եվ այդ առումով չեմ կարող որևէ բան ավելացնել, միայն խորհուրդ կտամ իրենց ընդդիմադիր հռչակած գործիչներին կամ կուսակցություններին իրենց գործողություններով չխանգարել քաղաքական-քաղաքացիական նախաձեռնություններին:
Ցանկացած ցնցում կարող է այս ռեժիմին գցել կոմայի մեջ, որից ոչ մի արհեստական շնչառության ապարատ նրան չի կարող դուրս բերել: Այնպես որ ջահելներին կոչ եմ անում փակել համակարգի օդը ամեն օր և ամեն ժամ: Իսկ համակարգը հոգեվարքի մեջ է: Հոգեվարքի մասին արդյոք չի խոսում այս ջրհեղեղը, որը կազմակերպել է խուճապահար քաղաքապետը:
Ո՞ւր է ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը: Դուք տեսնո՞ւմ եք նրան: Ի՞նչ է տվել երկրին նա բացի երեք բառերի ու մատների կոմբինացիաներից '«Առաջ, ապահով և վերջ»: Առաջին երկուսը մենք այդպես էլ չտեսանք, բայց վերջը տեսնում ենք, և այդ վերջը ցույց տալու մեկ այլ ակցիա կառաջարկեի' «Չփխենք միասին» խորագրով: Բուրդ է պետք լվանալ ու չփխել քաղաքապետարանի կողմից բացված հուսահատության առուներում...»:
Քրիստինա Մկրտչյան