Hetq.am Ռեպլիկ «Ազատություն» ռադիոկայանին Ռազմիկ Զոհրաբյանի տված հարցազրույցի առիթով

Ներկա ժամանակաշրջանում Հանրապետությունում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը պայմանավորված է խորհրդարանական, նախագահական, ավագանու (Երևան) և մի շարք այլ ընտրությունների արդյունքներով, որոնց հետևանքով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դարձավ երկրի «ղեկավարող և ուղղություն տվող» գլխավոր ուժը:

«Իշխանության կուսակցության» բացարձակ գերիշխանությունը հասարակական-քաղաքական կյանքում հնարավորություն է տվել նրա «հատկապես առաջատար» որոշ ներկայացուցիչների գրեթե «բռնագրավել» երկրի կառավարման կենսական նշանակություն ունեցող բոլոր կառույցները:

Ծանոթություն.

Երկրի հասարակ քաղաքացու համար դեռևս հանելուկ է մնում' չինովնիկի զբաղեցրած պաշտո՞նն է որոշում նրա կուսակցական պատկանելությունը, թե՞ կուսակցական պատկանելությունն է որոշում նրա զբաղեցրած պաշտոնի աստիճանը: Իրավամբ, ճիշտ էր «կլասիկը». «Ինչ էլ որ անենք՝ ստացվելու է ԽՄԿԿ» (Վ.Ս. Չերնոմիրդին)

Լրացնենք «կլասիկին». «Մեզ մոտ ավելի լավ է, քան ԽՄԿԿ-ում, քանզի կուսակցության մեջ գաղափարախոսական ուսմունքի գերակայության փոխարեն հաճախ նրա կառույցները ամրապնդում ենք ընտանեկան, ցեղային և կլանային շահերով»:

Ընտրություններում «իշխանության կուսակցության» ձեռքբերումները նրա շարքերում առաջ բերեցրին «ներկուսակցական խանդավառություն» և պայծառ ու երջանիկ ապագայի մասին ամբոխահաճո խոստումների հեղեղ, բայց վերադաս չինովնիկերից և ոչ մեկն անգամ չմտածեց երկրի քաղաքացիների առջև իրենց ստանձնած բարոյական պատասխանատվության մասին:

Սակայն Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնության համար իրականությունը շատ ավելի դաժան ստացվեց:

Երկիրը կանգնել է իր պետականությունը կորցնելու վտանգի առաջ մի շարք բարձրաստիճան չինովնիկների տարիներ շարունակ թույլ տված վրիպումների հետևանքով՝ պայմանավորված նրանց պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակով, կուսակցական համերաշխությամբ, պետության և հասարակության հաշվին հարստանալու կորպորատիվ ու ընտանեկան չափազանց շահախնդրական ձգտումով, տիրող ամենաթողությամբ և անպատժելիությամբ:

Թվում էր, թե «իշխանության կուսակցության» նոր որակը առաջ կբերեր մի նոր հայացք՝ երկրում տիրող սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական իրադրության նկատմամբ: Սակայն «իշխանության կուսակցության» (երկրի կառավարման համակարգի) տարբեր մակարդակների ղեկավարների ճնշող մեծամասնությունը, ինչպես որ հեռու էր ժողովրդի կարիքներից, այդպես էլ մնաց նույն մակարդակին: Ավելին, հասարակության և երկրի կառավարման համակարգի միջև առկա անդունդն էլ ավելի խորացավ: Միայն դրանով կարելի է բացատրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանի որոշ խորիմաստ մտքերը, որոնք նա արտահայտել է ս.թ. հուլիսի 23-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ: Նրան մտահոգում էր, թե «Ինչո՞ւ ուղեվարձի թանկացման դեմ ակտիվ բողոքող երիտասարդները չեն հասկանում, որ ինչ այսօր կատարվում է իրականում «սարքվում է Հայաստանի գլխին»։

Գուցե նրա հարցին պատասխանենք հենց իր ոճո՞վ:

«Հայաստանի դեմ երրորդ ուժի կողմից «սարքված» պրոցեսների նպատակն է պարզել, թե ո՞վ և ո՞ւմ կլանն է վերահսկում քաղաքային տրանսպորտի այս կամ այն երթուղին Հայաստանում՝ x ժամին սոցիալական անկայունություն կազմակերպելու համար»:

Կամ մեկ այլ հատված. «Ես չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնելը։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա, ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է»:

Հարգելի պարոն Զոհրաբյան, Դուք, ընդհանրապես, պատկերացում ունե՞ք, թե ինչպե՞ս են ապրում մեր հայրենակիցները 60 կամ 80 հազար դրամով (սա լավագույն դեպքում, երբ ընտանիքի անդամներից մեկն աշխատանք ունի):

Երբեմն հեռուստացույց դիտո՞ւմ եք, որտեղ ցուցադրում են, թե ինչպես են «Նաիրիտ» գործարանի բանվորները 2013 թվականի հուլիսին պահանջում իրենց 2012 թվականի աշխատավարձը:

Երբևէ այցելե՞լ եք Երևանի ծայրամասերը (էլ չեմ ասում սահմանամերձ գյուղերը), որտեղ մարդիկ ապրում են ինչպես գետտոյում՝ առանց ջրի, լույսի, կոյուղու, ճանապարհների, աղբի մեջ և այլն: Տեղյա՞կ եք, որ տեղական ինքնակառավարման ու կենտրոնական (քաղաքի ենթակառուցվածքների համար պատասխանատու) մարմինների հետ նրանց երկար տարիների դատավեճերը գրեթե ոչ մի արդյունք չեն տալիս:

Արդյոք երբևէ եղե՞լ եք հանրակացարաններում, որտեղ բնակվում են փախստականները (խորհուրդ կտամ մենակ չգնալ այնտեղ):

Արդյոք Դուք կամ Ձեր մտերիմները փորձե՞լ եք 80 հազար դրամ աշխատավարձով վճարել և՛ կոմունալ, և՛ առողջապահական ծառայությունների դիմաց՝ դրա հետ մեկտեղ ապահովելով երեխաների կրթությունը:

Գաղափար ունե՞ք այն մասին, որ շատ միայնակ կենսաթոշակառուներ, ովքեր աջակցություն չեն ստանում դրսից, գրեթե կիսաքաղց են և լիարժեք չեն օգտվում կոմունալ ծառայություններից:

Գոնե մեկ անգամ վաղ առավոտյան տնից դուրս եկե՛ք և նայե՛ք այն մարդկանց աչքերին, ովքեր փորփրում են աղբամանները:

Ձեր հարցազրույցում ո՞ր ժողովրդի մասին եք խոսում' հա՞յ ժողովրդի: Եթե նրա մասին է խոսքը, ապա փորձեք խոսել ազատամարտիկների հետ, ովքեր բողոքում են իրենց անօրեն և աղքատ վիճակի մասին: Փորձեք խոսել Սյունիքի մարզի բնակչության հետ, որոնք երկար տարիներ ապրել են վախի մթնոլորտում՝ նախկին մարզպետի և նրա մանկլավիկների ամենաթողության ու անպատժելիության պատճառով: Կամ' «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետի մոտ հավաքված մարդկանց հետ, որոնք լքում են իրենց Հայրենիքը…

Հարգելի պարոն Զոհրաբյան, եթե ցանկանում եք օգնել մեր ժողովրդին և բացառել սոցիալական ցույցերի հնարավորությունը, ինչո՞ւ Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկի, չկազմակերպել ներկուսակցական քննարկում՝ ընտանեկանության և տոհմականության (կլան) զարգացումը պետական կառավարման բոլոր մակարդակներում և ոլորտներում թեմայով:

Օրինակ՝ hetq.am էլեկտրոնային կայքի թղթակիցը պարզել էր, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ընտանեկան-ցեղային բիզնեսը քաղաքային տրանսպորտն է: Որպես հետևանք' ո՞ւմ օգտին պետք է լոբբինգ անի Հ. Նավասարդյանը…

Հարգելի պարոն Զոհրաբյան, երբ Դուք, թեկուզ մեկ քայլ ավելի մոտենաք ճշմարտությանը՝ այն ժամանակ Ձեզ ավելի հարազատ կդառնա այս անհասկանալի երիտասարդության գործունեությունը:

Լևոն Ներսիսյան

Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն