Հայաստանում արտագաղթի տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ: Հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով մեր երկրից հեռացել է 39 հազար 897 մարդ: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Զվարթնոց օդանավակայանից մեկնել է 363.009 և ժամանել 330.484 քաղաքացի:
ԳԱԼԱ-ի լրագրողական խումբը եղել է Զվարթնոց օդանավակայանում, զրուցել Հայաստանից հեռացողներից մի քանիսի հետ: Շատերը նշել են, որ սոցիալական պայմաններն են ստիպում հեռանալ Հայաստանից, եղել են քաղաքացիներ, ովքեր հայտնել են, որ ժամանակավոր են մեկնում և որ գումար վաստակելուց հետո անպայման հետ կվերադառնան:
«Տղա ջան, թոռնիկիս եմ ճանապարհում, երկու տարի էլ չէի տեսել, ծնողների հետ ապրում են Ռուսաստանում»,- արցունքները աչքերին մեզ հետ զրույցում նշեց 76-ամյա Սուրեն Հակոբյանը: Նա իր կնոջ հետ եկել էր Զվարթնոց օդանավակայան, որպեսզի Մոսկվա ճանապարհեր իր թոռնիկին: Սուրեն Հակոբյանը պատմեց, որ որդին իր ընտանիքով արդեն 10 տարի է ապրում է ՌԴ-ում: «Էս իշխանությունները չեն ստեղծել այս երկիրը, երկիրը ստեղծողը ես եմ եղել, 40 տարի աշխատել եմ ու հիմա ստանում եմ 40 հազար դրամ թոշակ ու ի՞նչ անեմ դրանով ապրել հնարավոր է: Հերիք չէ՞ գողանան, չափ կա ամեն ինչին»,- նշեց նա:
Ապա 76-ամյա պապիկն իր խոսքը ուղղեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին: «Պարոն նախագահ, այսօր իմ թոռնիկն է հեռանում, բայց վաղը Դուք եք գնալու, ինքը հետ կգա, անպայման կգա»: «Շատ վատ է վիճակը, սոված են մարդիկ, աշխատանք չունեն, հա իմ տղեն էլ Ռուսաստանում տուն չունի, վարձով է ապրում, բայց գոնե սոված չեն, գոնե չեմ տեսնում, որ իմ թոռները սոված են քնում արթնանում»,- շարունակել է Սուրեն Հակոբյանը:
Նա նշել է, որ չնայած որդին բազմիցս է խնդրել ծնողներին տեղափոխվել Մոսկվա, բայց ինքն ու կինը չեն համաձայնվել: «Հնարավորություն կա, ամեն անգամ էլ կանչում են մեզ, բայց ինչի՞ գնամ, հերիք է, հիմա թող իրանք գնան: Հերթը իրանց գնալն է, էնքան են կերել, տռզել են, թող էրթան Հայաստանից հեռու վայելեն»,- ասել է Սուրեն պապին:
Սուրեն Հակոբյանը այդպես էլ չկարողացավ արցունքները զսպել, երբ համբուրեց իր թոռնիկին, նրան հրաժեշտ տվեց, իսկ փոքրիկը չէր հասկանում, թե ինչ էր տեղի ունենում: Նրան գրավել էր տեսախցիկը, որի օբյեկտիվին նայելով՝ փոքրիկը անընդհատ ժպտում էր:
«Ախպեր ջան, գնանք, որ մեր էրեխեքը սոված չլինեն, գնանք, որ կարողանանք նորմալ մարդավարի ապրենք»,- սա արդեն 46-ամյա Կարեն Մարտիրոսյանի խոսքերն էին: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ տարիներ շարունակ մեկնել է ՌԴ արտագնա աշխատանքի: «Ոչ մի անգամ չի եղել, որ 6 ամսից ավել մնամ, կարոտը սպանում էր, չէի դիմանում: Հիմա էլի ստիպված եմ գնում, աղջիկս ինստիտուտ եմ տալու, իսկ ուսում ստանալու համար, գիտեք, գումար է պետք: Չկա, ստեղ գումար հնարավոր չէ աշխատել»,- ասել է Կարեն Մարտիրոսյանը:
Փայլակ Ֆահրադյան