Ավստրիացի խաղաղապահների վերջին խումբը չորեքշաբթի գիշերը լքել է Գոլանի բարձունքները և վերադարձել հայրենիք. գրում է RIA Novosti-ն:
44 ավստրիացի զինծառայողներով ինքնաթիռը վայրէջք է կատարել Վիեննայի Շվեհատ օդանավակայանում: Հայրենիք ժամանած խաղաղապահները իրենց պաշտոնապես դիմավորող պաշտպանության նախարարին են հանձնել 40 տարի Գոլանի բարձունքներում ծածանվող ավստրիական դրոշը:
Հիշեցնենք, որ Վիեննան հայտարարել էր Սիրիայի և Իսրայելի միջև ապառազմականացված գոտուց՝ Գոլանի բարձունքներից իր ռազմական ներուժը դուրս բերելու մասին հունիսի 6-ին՝ զգուշանալով Սիրիայում քաղաքացիական պատերազմի ֆոնի վրա իր զինվորներին սպառնացող վտանգից:
Ավստրիայի 380 խաղաղապահի դուրս բերելուց հետո Գոլանում մնացել են միայն Հնդկաստանի և Ֆիլիպինների խաղաղապահ զինվորները: Ավելի վաղ տարածքը լքել էին նաև Խորվաթիայի, Կանադայի և Ճապոնիայի զինվորականները: