Lragir.am. Մաշտոցի պուրակում քաղաքացիական ակտիվի ու Հանրային խորհրդի հանդիպումը արժանացել է հետաքրքրական մեկնաբանությունների, մասնավորապես Վազգեն Մանուկյանի ներգրավվածության մասով, ով Հանրային խորհրդի նախագահն է:
Հետաքրքրական էր, որ Վազգեն Մանուկյանն արձագանքեց տրանսպորտային խնդիրների քննարկումը Մաշտոցի պուրակում անցկացնելու ակտիվիստների կոչին: Արձագանքն իհարկե միարժեք չէ, այսինքն Մանուկյանի այցը պուրակ ուներ մեկանգամյա բնույթ, քանի որ նա կոչ արեց առավել հանգամանալից քննարկումները անցկացնել «սեղանի շուրջ, թուղթ ու գրիչով»: Բայց այն, այդուհանդերձ, ունի հետաքրքիր շերտեր, կամ կարող է ունենալ:
Եթե ընդհանրապես մերժվեր քաղաքացիների կոչը կամ հորդորը, ապա դա իհարկե եւս մի հարված կլիներ առանց այդ էլ ոչ այնքան բարվոք վարկ ունեցող Հանրային խորհրդին: Այդ իմաստով, տրամաբանական է, որ Վազգեն Մանուկյանը պետք է ինչ որ կերպ գտներ ակտիվիստներին դրական արձագանքելու տարբերակ:
Մյուս շերտը գուցե այն է, որ Վազգեն Մանուկյանը բավական ամբիցիոզ մարդ է: Դա շատ դեպքերում դրական ծառայություն է մատուցում անհատին, իսկ երբեմն էլ նրան տանում է սխալ ճանապարհով: Օրինակ, 1998 թվականից հետո Վազգեն Մանուկյանին զգալիորեն շեղեցին ամբիցիաները, թույլ չտալով նրան դադար վերցնել դրա համար ամենաանհրաժեշտ պահին: Ներկայում, Վազգեն Մանուկյանը գուցե հավակնություն ունի օգտագործել իրավիճակը քաղաքական ռեաբիլիտացիայի համար՝ երբ հիմնական գրեթե բոլոր քաղաքական դերակատարները բավականին վարկաբեկել են իրենց:
Չի բացառվում, որ այդ հավակնությունը ներկայում փորձում է օգտագործել նաեւ Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանին հորդորելով առավել ակտիվ շփումներ ունենալ հասարակության հետ, նրա միջոցով պահելով այսպես ասած հասարակության հետ շփման մի գիծ, որը Սարգսյանին կարող է պետք գալ ներիշխանական ուժերի հետ իր հարաբերություններում: Այդ առումով, Վազգեն Մանուկյանը կարող է արժեքավոր գործոն լինել նաեւ այն պատճառով, որ հանդիսանում է Հայաստանի այն քիչ քաղաքական գործիչներից մեկը, որը պրակտիկայում ապացուցել է բարդ վիճակում արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունը:
Հայաստանի պետական շինարարության գործում՝ դեռեւս 88-ի շարժման տարիներից, Վազգեն Մանուկյանի ներդրումը մեծ է, իսկ որոշ դեպքերում՝ գուցե բացառիկ: Միայն 1992 թվականին պաշտպանության նախարար եղած ժամանակահատվածը՝ երբ պատերազմի ծանր ժամանակաշրջանում ստանձնելով նախարարի պաշտոնը, նա կարողացավ բեկում մտցնել իրավիճակի մեջ, եւ հայկական կողմը սկսեց մեկը մյուսից տպավորիչ հաջողությունների հասնել, արդեն իսկ բավարար է նրա կազմակերպական եւ կառավարման ունակությունների դրական գնահատականի համար:
Ի դեպ, պետք է նաեւ նկատել, որ այդ ժամանակաշրջանում կարողացավ մինչ այժմ գրեթե բացառիկ որոշում կայացնել նաեւ նախագահ Տեր-Պետրոսյանը՝ պաշտպանության նախարարությունը վստահելով ընդդիմադիր Վազգեն Մանուկյանին: Գուցե Տեր-Պետրոսյանն այդտեղ առաջնորդվում էր բացառապես իշխանական շահի հաշվարկով՝ եթե պարտություն լինի, իսկ դա այդ ժամանակ ամենահավանական ելքն էր թվում, ապա պատասխանատվությունն առնվազն կկիսվի ընդդիմության հետ՝ թուլացնելով իշխանությանը մեղադրելու հիմքերը, իսկ եթե լինի հաղթանակ, ապա վերջին հաշվով հաղթանակի առնվազն կեսն այսպես թե այնպես կլինի իշխանությանը: Բայց, փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանը գնաց այդ որոշմանը եւ վստահեց կարեւոր մի ոլորտ, բարդագույն ժամանակահատվածում, ընդդիմությանը:
Հետագայում, ավելի հանդարտ ժամանակներում, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը որեւէ ոլորտում ընդդիմությանը չեն տվել ինքնադրսեւորվելու հնարավորություն, թեեւ անհրաժեշտությունը՝ գոնե այդ նվազագույն մասով, եղել է ոչ պակաս, քան պատերազմի տարիներին:
Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին ոչ թե նախարարություն վստահեց, այլ Հանրային խորհուրդ, որը սակայն կարող է ստանալ առավել կարեւոր եւ նշանակալից դերակատարություն՝ դե ֆակտո, քան որեւէ նախարարություն: Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն այցելել էր Հանրային խորհուրդ՝ մինչեւ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, եւ կոչ արել լինել առավել աշխույժ: Վազգեն Մանուկյանը գուցե այդ աշխուժությունն է դրսեւորում:
Ստեղծվել է հետաքրքիր մի վիճակ, երբ բոլորը փորձում են ի նպաստ սեփական շահի ու հաշվարկի օգտագործել իրավիճակը: Ինչ որ առումով դա օբյեկտիվ վիճակ է եւ այդպես է ամենուրեք, ու դա է նաեւ զարգացման գրավականներից մեկը՝ պարզապես նայած, թե ինչ կանոնների շրջանակում է տեղի ունենում այդ ամենը: Սերժ Սարգսյանը փորձում է իր հաշվարկի համար Վազգեն Մանուկյանին օգտագործել, Վազգեն Մանուկյանը փորձում է իր հաշվարկի համար օգտագործել ակտիվիստներին ու քաղաքացիական ալիքը: Քաղաքացիական ալիքն ու ակտիվիստներն էլ երեւի պետք է կարողանան Վազգեն Մանուկյանին օգտագործել իրենց հաշվարկների համար, գուցե անուղղակի օգտագործելով նաեւ Սերժ Սարգսյանին:
Սեւ-սպիտակի դիմակայությունը Հայաստանում ունենալով երկու տասնյակ տարիների պատմություն, բացի տապալումներից, որեւէ այլ արդյունքի չբերեց: Վերջին տապալումը հանգեցրեց նաեւ տասը զոհի:
Խնդիրն այն չէ, որ սեւերը լավ էին խաղում, իսկ սպիտակները՝ վատ:
Խնդիրն այն է, որ Հայաստանում առկա համակարգը, դրա պատմությունն ու արմատները, բնույթը այնպիսին են, որ սեւ-սպիտակ հակադրությունը միշտ պարտվում է համակարգին: Դրան նպաստող գործոն է նաեւ այն, որ Հայաստանում բավական փոքր է բնակչության թիվն, ու մասսսայական էֆեկտները այդ դեպքում այդքան էլ չեն աշխատում: Սեւից ու սպիտակից հրաժարվելն ամենեւին չի նշանակում հրաժարվել սկզբունքներից: Հակառակը՝ դա նշանակում է ընդլայնել սկզբունքները պաշտպանելու, սպասարկելու, առաջ մղելու հնարավորությունն ու գործիքները:
Հասարակական-քաղաքական կյանքը զարգացած աշխարհում առաջ է գնացել հենց այդ տրամաբանության շրջանակում, գտնելով օգտագործվելու վախի եւ օգտագործելու ինքնավստահության ճշգրիտ համամասնություն ստանալու բանաձեւը: Այդ բանաձեւն է ներկայում առաջատար ու տեխնոլոգիական հասարակություններին ու հասարակարգերին բերել հաջողություն, օժտել խնդիրներ լուծելու գործիքներով: 


Հակոբ Բադալյան