Lragir.am. Մեծ Բրիտանիայի վերլուծական ինստիտուտները եւ կենտրոնները կարեւոր դեր են խաղացել Հայաստանում քաղաքական մտքի ձեւավորման,առաջնահերթ քաղաքական խնդիրների ու գլոբալ նախագծերի ընկալման հարցում:
Chatham House-ը՝ Արտաքին քաղաքականության թագավորական ինստիտուտը, IISS-ը՝ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը, Արտաքին քաղաքականության կենտրոնը, Եվրոպական ռեֆորմների կենտրոնը, RUSI-ը, Control Rick-ը, SOIK-ը, Օքսֆորդի, Քեմբրիջի, Էդինբուրգի եւ Մանչեսթերի համալսարանների, Լոնդոնի քաղաքականության եւ տնտեսության դպրոցի փորձագետները երկար տարիներ հայ քաղաքագետներին ու վերլուծաբաններին պատրաստակամորեն տրամադրում էին խորհրդատվություն տարբեր հարցերի վերաբերյալ:
Ներկայում Մեծ Բրիտանիայում վերլուծական միտքը ճգնաժամի փուլում է, եւ բրիտանացի քաղաքագետների ու վերլուծաբանների հանրությունը որոշակի առումով գտնվում է շփոթվածության մեջ, նախեւառաջ՝ ֆինանսական պատճառներով:
Առանձին փորձագետներ եւ ամբողջ ստորաբաժանումներ, իրենց ղեկավարության հետ համաձայնեցված, գերադասում են ֆինանսավորում գտնել «կողքից», ընդ որում, առավել մատչելի աղբյուրներ են համարվում նավթ արտահանող երկրները, այդ թվում Ադրբեջանը:
Եթե քիչ թե շատ ուշադիր հետեւենք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից անգաժավորված բրիտանացի փորձագետների գործունեությանը, կարելի է բովանդակալից եզրակացություններ անել թուրք-ադրբեջանական լոբբինգի նպատակների ու խնդիրների վերաբերյալ:
Chatham House-ի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրերի ղեկավար Ջեյմս Նիքսին ներկայացնում է ոչ միայն Ադրբեջանի շահերը, այլեւ կարողացել է Chatham House-ի ղեկավարությանը համոզել իրեն «պատվիրակել» Ինստիտուտի ողջ գործունեությունը, որն այս կամ այն չափով կարող է շոշափել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը:
Այդ խնդիրների մեջ է մտնում Ինստիտուտի փորձագետների շփումների վրա վերահսկողությունը հետեւյալ թեմաներով. Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան: 10 տարի առաջ դա լիովին անթույլատրելի կլիներ Մեծ Բրիտանիայի համար, որտեղ մշակվել է պահվածքի որոշակի ոճ ու էթիկա ակադեմիական եւ քաղաքական շրջանակներում:
2009 թ. Ջեյմս Նիքսին եռանդուն հակազդում էր հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վերլուծական շրջանակներում դրական գնահատականների տարածմանը: Այդ նույն ժամանակ, Լոնդոնում թուրքական դեսպանատան բարձրաստիճան աշխատակիցը երդվում էր բոլոր սրբերով, որ Թուրքիան կապ չունի Նիքսիի այդ ջանքերի հետ, եւ դա թերեւս ադրբեջանցի «եղբայրների» ձեռքի գործն է:
Ներկայում Նիքսին հանդես է եկել Եվրամիության հետ Հայաստանի ասոցացման սպասվող նախաստորագրման կապակցությամբ, կասկած հայտնելով, թե դա հնարավոր է: Նրա հիմնական փաստարկն այն է, որ Ռուսաստանը գործադրելու է ճնշում եւ ուժային հնարքներ:
Նա գտնում է, որ Երեւանն առայժմ վերջնական որոշում չի ընդունել Եվրամիության հետ հարաբերությունը խորացնելու եւ Ռուսաստանի հետ Մաքսային միություն մտնելու միջեւ ընտրության վերաբերյալ: Երեւում է, նա տեղեկատվություն ստանում է Բաքվից: Նա նշում է, որ Եվրամիության համաձայնագիրը նախատեսում է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների պարտավորություններ, ինչը կառավարությունը, հնարավոր է, դեռ չի ցանկանում իրագործել: Մաքսային միությունն, ընդհակառակը, չունի որեւէ պայման, փոխարենը հավանական է կտա կարճաժամկետ տնտեսական օգուտներ:
Եվրոպական միությանն ինտեգրվելու հարցում հասարակական աջակցությունը Հայաստանում երեւում է աճում է: Ռուսաստանի հանդեպ աննախադեպ ալիքը՝ կապված գազի գնի, Հարությունյանի գործի եւ Ադրբեջանին զեն վաճառելու հետ, կարող է նշանակել նշանակալի փոփոխություն հանրային տրամադրություններում: Դրանցից մեկը, ասում է Նիքսին, Սերժ Սարգսյանին հարկ է ուշադրության առնել:
«Այս կիսավտորիտար պետությունները հասարակական կարծիքի ջերմաստիճանն ընկալում են շատ լուրջ, եւ չէին ցանկանա դրա սահմաններից շատ անցնել: Եւ ստանալ չափազանց շատ մտրակ, չափազանց շատ պատիժներ Ռուսաստանից, չափազանց շատ նվաստացումներ: Ես կարծում եմ, պարոն Սերժ Սարգսյանի համար քաղաքական տեսակետից չափազանց անխոհեմ կլիներ», ասում է Նիքսին:
Այսպիսով, նպատակն ամեն գնով Արեւմտյան հանրությանը Հայաստանի ինտեգրումը թույլ չտալն է: Հայաստանում մեծ Բրիտանիայի դեսպանատանը չէր խանգարի հետաքրքրվել սեփական երկրի առաջատար Ինստիտուտի այս աշխատակցի փաստարկների էությամբ:
Պետք է նշել, որ Ռեգնում ծառայությունը, որն առաջատար դեր է խաղում տարածաշրջանային, այդ թվում հարավկովկասյան ուղղությամբ Ռուսաստանի քարոզչական համակարգում, չհապաղեց ընդգծել Ջեյմս Նիքսիի այդ հայտարարությունները: Այսինքն, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ թուրք-ադրբեջանական լոբբիի շահերը միացան: Եւ երեւում է ոչ առաջին անգամ:
Ավելի վաղ Ռեգնումը հրապարակել էր մի նյութ, որում ասոցացման մասին պայմանագրի նախաստորագրման հնարավորությունն իբր կասկածի է ենթարկում Բրյուսելի Եվրոպական քաղաքական կենտրոնի Թուրքիայի եւ Արեւելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Ամանդա Փոլը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ամանդա Փոլը սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի քաղաքական եւ վերլուծական շրջանակների հետ եւ, իհարկե, Թուրքիայի շահերի վերաբերյալ դիրքորոշումները հասկանալի են: Lragir.am-ում իմ հրապարակումից հետո ես Ամանդա Փոլից ստացել եմ հետեւյալ հաղորդագրությունը.
Dear Professor Muradyan,
I hope that this message finds you well? I just came across the following link, which is a commentary by you referring to a piece (which by the way I have not yet seen) which I give focus to Armenia’s Association Agreement with the EU and Russia’s relations. http://www.lragir.am/index/eng/0/comments/view/30434
First of all I am very disappointed by the words you use to described me – particularly labeling me as part of the “Turkish lobby” or “Turkish agent”. This a false statement, one only as to look at the articles I have written related to Turkey – including in the context of Turkey-Armenia rapprochement – to understand this. I am more so disappointed because I have enjoyed our discussion in Brussels during your last visit and the previous one before that.
As regards Russia, it has been widely acknowledged, including in EU circles and in the media, that Russia is pressing Armenia not to sign Association Agreement/DCFTA with the EU. I did not make up this information. And as I have said many times, I dearly hope Armenia will proceed to signature as it will be highly beneficial for the country.
Please, if you have a copy of the article that you refer to in your comments, I would very much appreciate to receive it so I can read it.
With many thanks in advance
Best regards
Amanda
Amanda Paul
Policy Analyst & Programme Executive
EU’s Eastern Neighbourhood, Russia, Turkey and Eurasia Region
European Policy Centre (EPC)
Residence Palace
Rue de la Loi 155
1040 Brussels
Tel : 32 2 231 03 40
Fax : 32 2 230 74 72
Mobile : 32 499 31 6868
Նամակում Ամանդա Փոլն ասում է, որ հիասթափված է այն խոսքերից, թե ինքը «թուրքական լոբբիի» մաս է: «Դա կեղծ պնդում է, բավական է միայն նայել հոդվածները, որ ես գրել եմ կապված Թուրքիայի մասին, այդ թվում Թուրքիայի ու Հայաստանի մերձեցման համատեքստում, դա հասկանալու համար: Ես առավել եւս հիասթափված եմ, քանի որ ես հաճույք էի ստանում մեր քննարկումից Բրյուսելում վերջին այցի ժամանակ, եւ դրանից առաջ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ԵՄ շրջանակներում եւ ԶԼՄ-ներում մեծ տարածում է գտել այն, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ թույլ չտալու Ասոցիացիայի մասին համաձայնագրի ստորագրումը: … Ինչպես ասել եմ բազմիցս, հույս ունեմ, որ Հայաստանը ձեռնամուխ կլինի ստորագրմանը, քանի որ դա շատ օգտակար կլինի երկրի համար:
Խնդրում եմ, եթե ունեք հոդվածի պատճենը, որի մասին հիշատակել եք մեկնաբանության մեջ, երախտապարտ կլինեմ, եթե ստանամ այն, որպեսզի կարդամ», գրել է Փոլը:
Ինչ ասվել է՝ ասվել է, եւ փորձագետները պետք է հասկանան, որ մեծ պատասխանատվություն են կրում սեփական խոսքերի համար: Բայց ոչ միայն եվրոպական անգաժեմենտն է շտապում կասկածի ենթարկել Արեւմտյան հանրությանը Հայաստանի ինտեգրման հեռանկարը: Ամերիկյան Ժառանգություն հիմնադրամի Արեւելաեվրոպական եւ էներգետիկ ծրագրերի ղեկավար Արիել Կոենը, որը վաղուց յուրային տղա է Բաքվում, հետեւյալ կերպ է արտահայտվել.
«Ռուսաստանի եւ Հայաստանի պատմական բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը ոչ մի տեղ չեն կորել, եւ ըստ ամենայնի չեն կորչի: Իսկ բարձր պրոֆեսիոնալ հայ դիվանագետները, ամենայն հավանականությամբ, կարող են ապահովել Եվրոպայի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների բալանսը»: Կոենն այդ մասին խոսել է ադրբեջանական վեստի.ազ գործակալությանը տված հարցազրույցում:
«Ռուսաստանի համար շատ կարեւոր է ցույց տալ, որ նա պաշտպանում է իր հաճախորդներին եւ չի թողնում նրանց նեղացնել: Դա ցույց են տալիս նաեւ Գյումրիում ռուսական զորքի մասին պայմանագիրը, Երեւանի եւ Մոսկվայի միջեւ սերտ հարաբերությունները եւ, իհարկե, խոսակցություններն այն մասին, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Եվրոպական միությանը», ասել է ամերիկացի քաղաքագետը:
Կոենը նշել է, որ Երեւանը նույնպես ցանկանում է հավասարակշռել, ցանկանալով Եվրոպայի հետ ինտեգրումը: «Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նա հեռացել է Մոսկվայից: Կարծում եմ, հայ դիվանագետները պրոֆեսիոնալ են, եւ հնարավոր է դա նրանց կհաջողվի: Հատկապես հաշվի առնելով մեծ սփյուռքը եւ Ռուսաստանում, եւ Եվրոպայում», ասել է փորձագետը:
Ընդ որում, Կոենը ընդգծել է, որ Հայաստանի պատմական, ռազմական կապերը Ռուսաստանի հետ, նրա խոր անվստահությունը Թուրքիայի հանդեպ, Ադրբեջանի հետ թշնամությունը նրան ստիպում են ռազմավարական հարաբերության մեջ գտնվել Ռուսաստանի հետ: Բացի այդ, այդ դաշինքը Ռուսաստանին տալիս է Թուրքիայի եւ Իրանի հետ սահմաններին մուտք:
Ամերիկացի քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանը նախօրոք որոշված դիրքորոշում ունի տարածաշրջանում: Ռուսաստանին ձեռնտու չէ Հարավային Կովկասում մշտական խաղաղությունը: Այդ դեպքում Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական դերը կնվազի: Այդ պատճառով, Ռուսաստանին ձեռնտու է Հարավային Կովկասի երկրների միջեւ լարվածության առկայությունը: Մոսկվայում կան ուժեր, որոնք Հարավային Կովկասում լարվածության բացակայությունը համարում են բացասական Ռուսաստանի համար, գտնում է Կոենը:
Այսպիսով, գլխավոր փաստարկը հետեւյալն է՝ որքան էլ Արեւմուտքը փորձի աբսորբացնել Հայաստանը, չի հաջողվի նրան դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից, այսինքն՝ սպասումները դրական չեն: Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում լարվածությամբ, եւ Արեւմուտքը բազմաթիվ խնդիրներ կունենա «հայկական նախագծում»:
«Հայկական նախագծում» Արեւմուտքին վախեցնում են Ռուսաստանով: Ընդ որում, Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի ղեկավարները որոշել են աջակցել Ջեյմս Նիքսիին, ըստ ամենայնի՝ հիմարությունից:
Ինչպես տեսնում ենք, հայ պրոռուսական քաղաքագետներին օգնության են հասել անգլոսաքսոնական աշխարհի հզոր վերլուծական ուժերը, բայց խնդիրն այն է, որ անգաժեմենտը էժանագին բան է, որը ոչ մեկին չի հետաքրքրում: 


Իգոր Մուրադյան