Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ ակամա պատճառ հանդիսացող բեռնատար ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանից արդեն մի քանի օր ընտանիքը լուր չունի: Ինչպես ԳԱԼԱ-ին փոխանցեց նրա դուստր Լիլիթ Հարությունյանը' այս ամբողջ ընթացքում չի հաջողվել ընտանիքի անդամներից ու բարեկամներից ինչ-որ մեկին նույնիսկ հեռախոսով Հրաչյա Հարությունյանի հետ զրուցել՝ չնայած որ դեպքին հաջորդող օրերին տարբեր խոստումներ եղան այդ մասին:

Լիլիթ Հարությունյանն ասաց, որ փաստաբանի հետ եւս նրանց զրուցել չի հաջողվում:

«Մենք փաստաբանի հետ անցած շաբաթ հանդիպեցինք, երբ նա Հայաստանում էր, ՄԻՊ գրասենյակն էր նախաձեռնել, մենք հույսեր կապում ենք Ռուբեն Մարգարյանի հետ, նույնիսկ մտածում ենք, որ հնարավոր է արդարացնեն հայրիկին: Բայց միայն խնդիրն այն է, որ մեզանից ոչ ոք չի խոսել նրա հետ, նրա ձայնը չենք լսել եւ սպասողական ու անհանգիստ վիճակում ենք»,-ասաց Լիլիթ Հարությունյանը:

Նա ասաց նաեւ, որ Հրաչյա Հարությունյանի եղբայրը մեկնել է Մոսկվա, որպեսզի հանդիպի նրա հետ, սակայն եղբորը տեսակցել ոչ մի կերպ չի հաջողվում:

«Հորեղբայրս այնտեղ է, բայց նա չի կարող ոչ մի կերպ հանդիպել, հանդիպումը չի ստացվում, տեղյակ չեմ նաեւ՝ նա հանդիպե՞լ է արդյոք փաստաբանին, բայց մենք անհանգիստ ենք հենց նրա համար, որ զրուցել անգամ չի հաջողվում»:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասով, եւ նա ներկայումս գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 15-ին Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է Նոր Մոսկվայում 18 հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով, դատարանի դահլիճ էր բերվել կանացի ծաղկավոր խալաթով, ինչը ՌԴ սահմանադրության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի համապատասխան դրույթներով մարդու արժանապատվությունը նսեմացնող հանգամանք է, որն արժանացավ հայ հասարակության դժգոհությանը:

Քրիստինա Մկրտչյան