Պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի 2 օպերլիազորների դեմ գործով դատաքննությունն ավարտվեց: Իսկ մինչ այդ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում, այսօրվա դատական նիստին հրապարակվեց դատաբժշկական լրացուցիչ փորձաքննության արդյունքները:

Ինչպես առաջնային փորձաքննության, այնպես էլ լրացուցիչ փորձաքննության եզրակացության համաձայն՝ գործով տուժող Ռոբերտ Հովսեփյանի ձախ թմբկաթաղանթի թափածակման վաղեմությունը որոշել հնարավոր չի եղել: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, ծեծի ժամանակ ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Խաչիկ Բախբուդարյանը ձեռքերի ափերով հարվածել է ոստիկանության բաժին բերման ենթարկված Ռոբերտ Հովսեփյանի ականջներին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ձախ ականջի թմբկաթաղանթի տրավմատիկ թափածակում։

Իսկ թե արդյոք տուժողի վնասվածքը կարող էր առաջանալ երկու ձեռքերի ափերով երկու ականջներին միաժամանակյա հարվածի հետևանքով հարցին ի պատասխան փորձագետները եզրակացրել են, որ եթե երկու ձեռքի ափերով նույն ուժով միաժամանակ ականջներին հասցվեն հերմետիկ հարվածներ, ապա կարող են առաջանալ թմբկաթաղանթների երկկողմանի թափածակումներ, իսկ ափերից որևիցե մեկի ոչ հերմետիկության դեպքում կարող է վնասվել միայն մեկ ականջի թմբկաթաղանթը:

Օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց դատարանին՝ գործին կցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2013թ. մայիսի 14-ի դատավճիռը և նույն գործով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով անփոփոխ է թողնվել 1-ին ատյանի դատավճիռը՝ համաձայն որի սույն գործով տուժող Ռոբերտ Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով և դատապարտվել 7 տարվա ազատազրկման:

Հաջորդ օգոստոսի 14-ին կայանալիք նիստին մեղադրող դատախազ Գևորգ Երեմյանը հանդես կգա ճառով, ինչի համար մեղադրող դատախազը դատարանից 10 օր ժամանակ խնդրեց, սակայն դատարանը 7 օր տրամադրեց։

Հեղինակ:
«Փաստինֆո»