Խորհրդարանական ընտրություններին մասնակցած և 3%-ի շեմը հաղթահարած կուսակցություններին պետությունը պետք է նվազագույնը 60-70 հազ. եվրոյին համարժեք գումար տրամադրի: Ցանկալի փոփոխությունների դեպքում կուսակցություններին հատկացվող ընդհանուր գումարը պետք է լինի 2 մլն եվրո: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօր Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է պետության կողմից կուսակցություններին տրամադրված գումարների ավելացման նախագիծը:
«Ընդհանրապես, պետության կողմից կուսակցությունների ֆինանսավորումը ընդունված պրակտիկա է՝ հատկապես եվրոպական երկրներում: Սա ինստիտուցիոնալ կարևորագույն խնդիր է լուծում, որովհետև եթե կուսակցությունը պետության կողմից է ֆինանսավորվում, սկսում է անկախ գործել, տարբեր ֆինանսական աղբյուրներից կախում չի ունենում՝ հատկապես Հայաստանի պարագայում՝ օլիգարխիկ կառույցներից: Երբ կուսակցությունները պետության կողմից են ֆինանսավորվում՝ ի սպաս քաղաքացիների, պետության շահերի են գործում, ոչ թե սպասարկում են օլիգարխների շահը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ ներկայումս «Ժառանգություն» կուսակցությունը պետությունից տարեկան ստանում է 10 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչը, ըստ նրա, բավական չէ անգամ ամբողջ տարվա ընթացքում միայն Երևանում գրասենյակ վարձակալելուն:
«Ընդդիմադիր կուսակցություններն այսօր չեն կարողանում իրենց տրամադրված գումարներով մարզերում գործունեություն ծավալել, որովհետև գրասենյակների համար անհրաժեշտ են գումարներ, այնտեղ աշխատողների համար անհրաժեշտ են գումարներ: Քանի որ այդ գումարները չունեն, չեն կարող այն մեծ ծավալի աշխատանքն իրականացնել, ինչը պետք է: Հենց դրա համար էլ շատ կարևոր է պետության ֆինանսավորումը, իհարկե, ոչ բոլոր այն կուսակցություններին, որոնք գրանցված են պետռեգիստրում»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ սա հնարավորություն է տալիս կուսակցություններին ոչ միայն կայանալ, այլ նաև իրենց առջև դրված պարտականությունները կատարելու հնարավորություն ունենալ:
Ըստ «Ժառանգության» փոխնախագահի՝ պետության կողմից կուսակցությունների պատշաճ ֆինանսավորումն իր հետ բերում է նաև տնտեսության առողջացում:
«Հայաստանում եթե կուսակցությունները ֆինանսավորեին, հատկապես ընդդիմադիրները հնարավորություն կունենային իրենց լծակներն ընդլայնել և վերահսկել ստվերը, ինչն էլ կապահովեր բյուջե ավելի շատ գումարների մուտքը: Այսինքն՝ ծախսվող գումարների նկատմամբ վերահսկողությունը կմեծանար և արդյունքում կօգտվեին քաղաքացիները»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ինքը բազմիցս առաջարկել է, որ պետության կողմից այս կուսակցություններին տրվելիք գումարները բաշխվեն հետևյալ կերպ՝ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը մեկ ընտրողի դիմաց հասանելիք գումարը ավելի քիչ լինի, քան ամենաքիչ ձայներ հավաքված կուսակցությանը:
«Արդյունքում, միևնույն է, ավելի շատ ձայներ հավաքած կուսակցության գումարը ավելի շատ կլինի, բայց այստեղ հավասարակշռություն կմտնի»,- ասաց նա: