Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ գնումների գործընթացներին, պետության կողմից մատուցվող ծառայություններին և համախառն ներքին արդյունքին:
Առաջին հարցը, որին անդրադարձավ վարչապետը, գնումների գործընթացն էր: Նրա խոսքերով' Ֆինանսների նախարարության վերջին շաբաթվա ընթացքում կատարած մոնիթորինգը վկայում է այն մասին, որ կա էական բարելավում գնումների գործընթացում:
«Կա էական տեղաշարժ, բայց դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են, դեռևս կան գերատեսչություններ, որտեղ արձանագրվում են գնումների գործընթացների խախտումներ: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մենք պետք է ոչ միայն մինիմումի հասցնենք այդպիսի դեպքերը, այլ ընդհանրապես պետք է բացառենք: Հոկտեմբերին մենք նորից իրականացնելու ենք ուսումնասիրություններ գնումների գործընթացներում, և խնդրում եմ, որպեսզի նախարարներն իրենց անձնական հսկողության տակ պահեն այս գործընթացը:
Երկրորդը' սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք իրականացնելու ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների մոնիթորինգ: Մոնիթորինգն իրականացնում են ոչ պետական կառույցները, Հ/Կ-ների ներկայացուցիչները, որոնց արդյունքները դառնում են քննարկման առարկա վերահսկողական ծառայությունների կողմից, որից հետո մենք տալիս ենք գնահատականներ: Առաջին հերթին խոսքը գնում է այնպիսի ծառայությունների մասին, որոնց հետ առնչվում են հարյուր հազարավոր քաղաքացիներ և առաջին հերթին հենց դրանով է պայմանավորված վերաբերմունքը պետության նկատմամբ:
Եվ երրորդը' համախառն ներքին արդյունքի գնահատականները մենք արդեն հավաքագրում ենք ըստ գերատեսչությունների: Առանձին խորհրդակցություն կանցկացնենք և կառավարության հերթական նիստերից մեկում կամփոփենք արդյունքները, մեր գնահատականները' նախորդ ամիսների տնտեսական աճի և 2013 թվականին սպասվող տնտեսական աճի վերաբերյալ' ըստ ոլորտների», - ասաց Տիգրան Սարգսյանը: