Մայրաքաղաքի հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների, ինչպես նաև քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերի հարակից հատվածներում «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում շարունակվում են սանիտարական մաքրման աշխատանքները: Շուրջ 400 կամավորների մասնակցությամբ մաքրվել և համապատասխան տեսքի է բերվել Նոր Նորք վարչական շրջանի Հայորդաց տան և Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից անտառպուրակային հատվածը:
Աշխատանքներին միացել էին նաև Երևանի ավագանու անդամներ: Անհրաժեշտ բոլոր գործիքների և այլ պարագաների տրամադրումը հոգացել էր Երևանի քաղաքապետարանը: Ջրցան մոքենաներով կազմակերպվել է նաև տարածքի ոռոգումը: Աշխատանքներին տեղում ծանոթացել ու մաքրմանն անձամբ միացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«Արձագանքելով քաղաքապետարանի՝ «Ավելի մաքուր Երևան» ծրագրին միանալու կոչին այսօր աշխատանքներին մասնակցում են ինչպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ վարչական շրջանի տասնյակ բնակիչներ, այդ թվում՝ երիտասարդներ ու դպրոցականներ, ինչը գործնականում փաստում է մայրաքաղաքի նկատմամբ նրանց սերն ու հոգատարությունը: Մենք նախապես դիմել էինք նաև Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին՝ ակնկալելով նրանց մասնակցությունը: Այսօր միայն Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունն է արձագանքել և ակտիվորեն մասնակցում է ծրագրին»,-ընդգծել է Կամո Արեյանը:
Ավագանու անդամներն իրենց հերթին, կարևորելով նախաձեռնությունը, նշել են, որ քաղաքի մաքրության ապահովումը յուրաքանչյուր երևանցու պարտքն է քաղաքի նկատմամբ և հավելել, որ առաջիկայում ևս իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն նման ծրագրերում: Արդեն հաջորդ շաբաթ «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են նախատեսված Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում: Նշենք, որ հունիսի 22-ից մեկնարկած և շարունակվող ծրագիրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ է իրականացվում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն