2011 թվականի փետրվարի 12-ին Խոջալուի զորամասերից մեկում մահացած զինծառայող Թորգոմ Սարուխանյանի գործով տուժող կողմը թեև պատշաճ կարգով դիմել էր, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանը իրենց ներկայացնի դատավճիռը, սակայն նա այդպես էլ չի ներկայացրել դատավճռի պատճենը և հետագա ընթացքի համար խնդիրներ է առաջացրել տուժող կողմի համար:
Մասնավորապես նրանք չեն կարողացել ճիշտ ժամանակին վերաքննիչ բողոք ներկայացնել, բայց ոչ իրենց մեղքով: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:
«Երբ որ վերաքննիչ դատարանին հայտնեցինք, որ ապօրինի ձևով դատավորը չի տրամադրել վճռի պատճենը, դատավորը որոշեց մեզ երկու շաբաթ տալ և տրամադրել պատճեններ: Երկու շաբաթ անց, երբ որ մենք 10 էջանոց միջնորդագիրը ներկայացրինք դատարանին, դատարանը հրաժարվեց մեր միջնորդությունն ընդունել' հայտարարելով, որ օրենքով սահմանված ժամկետն անցել է: Ես իմ բողոքը հայտնեցի այդ կապակցությամբ՝ ասելով, որ դրա մեղավորը ոչ թե մենք ենք, այլ իր գործընկերը: Դատավորն էլ ասաց՝ օրենքը կա օրենք: Դուք բողոք գրեք դրա դեմ, միգուցե մենք հարգենք ձեր բողոքը և ընդունենք: Երբ որ մեր բողոքը ուղարկեցինք, դրանից հետո եկավ պատասխանը, որ մեր բողոքը չի հարգվել, քանի որ ժամկետը ուշացրել ենք: Իսկ դատավորը տուժող կողմի բողոքը մերժելու և գործը վարույթ չընդունելու որոշման մեջ ոչ մի բառով չէր անդրադարձել բուն պատճառների, որոնք ստիպել էին մեզ ուշացումով ուղարկել»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Նա այս որոշումը անվանել է միանշանակ հանցավոր որոշում, և իրենք արդեն բողոք են ուղարկել վճռաբեկ դատարան:
Այնուհետև Մարտիրոսյանն ասել է, որ թե Թորգոմ Սարուխանյանի գործով, թե 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի, թե 2012 թվականին մահացած Ալբերտ Ադիբեկյանի գործով դատարանի նույն կազմը երեք գործով էլ որոշում էր կայացրել գործերը քննել վճռաբեկության կարգով:
«Սա նշանակում է, որ պետք է նոր վկաներ չհրավիրվեին, չպետք է ապացույցներ հետազոտվեին, չպետք է նոր փորձաքննություն կատարվեր, այսինքն որևէ գործողություն վերաքննիչը չի կատարում, իր վրա է վերցնում վճռաբեկ դատարանի ֆունկցիան և փակում է գործը: Երեք զինվորական սպանությունների գործով վերաքննիչ դատարանը հանցավոր ձևով կոծկեց նախաքննության կատարած հանցանքները' շարունակելով առաջին ատյանի դատարանների ապօրինի գործողությունները: Սպանությունների երեք գործով էլ նույն դատակազմն էր, դատավորներն էին փոխվել, և երեք գործերն էլ արագ կոծկեցին: Վճռաբեկության կարգով քննվում են այն գործերը, որոնցով բողոք չի ներկայացվում, մինչդեռ այդ գործերով մեր բողոքները բազմակողմանի քննվել է առաջին ատյանի դատարանում: Սակայն և առաջին ատյանում, և վերաքննիչում դատարանը գործում է նույն մարմնի ցուցումով: Մենք գալիս ենք այն եզրակացության, որ բոլոր գործերը կոծկվում են հենց նախագահականից եկող հրամանով»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Նա այս եզրահանգման է եկել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թորգոմ Սարուխանյանի և Արտակ Նազարյանի գործով իրենք տասնյակ փաստեր են ներկայացրել «նախագահին»' կատարված հանցագործությունների շուրջ:
Լիլիթ Թադևոսյան