յսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Կառավարությունը «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2016 թ. օգոստոսի 15-ը: Ընկերությունը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում նախատեսում է կառուցել շուրջ 10.7 հազար քառ. մետր մակերեսով վարունգի և լոլիկի ջերմոցային տնտեսություն, որը հագեցած կլինի ոլորտում հայտնի հոլանդական սարքավորումներով: Կատարվելու է մոտ 660 մլն դրամի ներդրում, որից հետո հնարավոր կլինի տարեկան արտադրել շուրջ 700 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Վրաստան, Ռուսաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ: Կստեղծվի ավելի քան երկու տասնյակ աշխատատեղ:Այնուհետև կառավարությունը հաստատել է «Ատ-մետալս» ՍՊԸ-ին վերաբերող իր նախորդ' 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշման փոփոխությունը և լրացումը' լրացնելով և հստակեցնելով ներմուծվող ապրանքների ցանկը: Ընկերությունը նախատեսում է կազմակերպել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրի ուսումնասիրություն, հանքաքարի վերամշակում' ոսկու և արծաթի ստացման համար: «Ատ-մետալսը» ընթացիկ տարում մտադիր է բացել 75, հաջորդ տարի' 105 աշխատատեղ:

Ամսական միջին աշխատավարձը կհասնի 270 հազար դրամի: