15-ամյա Հենրիկ Համբարձումյանը արդեն հինգ տարի է, օգնում է մորը և տատիկին՝ մաքրելու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքը: Վերջին տարիներին վաղ առավոտյան պատանին շտապել է ոչ թե դպրոց, այլ աշխատանքի ու մաքրել է նաև այն հիվանդանոցի տարածքը որտեղ գտնվում է այսօր:
Հենրիկը Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն է տեղափոխվել 2 ամիս առաջ, երբ պարզվել է, որ ստամոքսի խոցից բացի, լիմֆոբլաստային սուր լեյկոզ ունի:
«Առավոտյան 4-5-ին էի արթնանում, գնում էի աշխատանքի, 7-ին ավարտում էի», - պատմեց Հենրիկը:
Մայրը՝ Նարինեն փոխանցեց, որ Հենրիկը արդեն 3 տարի է, ինչ դպրոց կամ որեւէ կրթական կենտրոն չի հաճախում, փոխարենը իրեն է օգնում, քանի որ իր մայրը՝ Հենրիկի տատիկը վիրահատությունից հետո այլևս չի կարողանում աշխատել և օգնել ընտանիքին:
Արդեն սկսվել է բուժման երկրորդ փուլը: Որոշ դեղեր հիվանդանոցը տրամադրում է, մնացածը' բավականին թանկարժեք դեղեր, մայրն է գնում․ - «Նշանակվում է դեղը, հետո մեզ տեղյակ են պահում, որ այս դեղը պետք է գնեք: Մեզ ասել են, որ բավականի թանկ է այս բուժումը: Գիտենք, իհարկե, որ բուժումը արտասահմանում ավելի արդյունավետ է, բայց հավաքարարի աշխատավարձով ես հնարավորություն չունեմ իրեն Գերմանիա տանելու, նույնիսկ դեղերը չեմ հասցնում գնել» , - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մայրը:
Լիմֆոբլաստային սուր լեյկոզը արյան չարորակ հիվանդությունների շարքից է, սակայն ժամանակակից բուժական միջոցառումների շնորհիվ հնարավոր է բարելավել հիվանդների ընդհանուր վիճակը:
Ավելի մեծ բաների մասին, քան մեքենաներ վերանորոգող դառնալը, Հենրիկը դեռ չի երազում, ասաց, որ առայժմ չի որոշե: Մայրը, ի տարբերությունը, մեկ ցանկությունը ունի' որ որդին լիարժեք բուժում ստանա:
Ընտանիքին այժմ օգնում է Նարինեի ավագ որդին, ինքը մայրը՝ ևս շարունակում է աշխատել, որպեսզի ինչ-որ գումար վաստակի:
Հենրիկի մորաքույրը նշեց, որ տարբեր կառույցների են դիմել՝ աջակցության նպատակով, դիմել են նաև Առողջապահության նախարարություն, որտեղից նրանց պատասխանել են, թե «քանի որ բավականաչափ գումար չունեն արտերիր ուղարկելու համար, կարող են միայն ՌԴ ուղարկելու երկու տոմսի գումար տրամադրել»:
Նկատենք, որ նախագահի աշխատակազմից 2010-12 թվականներին 31 հասարակական կազմակերպություններ 500 մլն դրամի դրամաշնորհներ էին ստացել, սակայն այդ կազմակերպությունները մինչև այժմ չեն հայտնաբերվել, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները:
Բիոզուգարաններ ձեռք բերելու համար կառավարությունը ծախսել էր 124 մլն դրամ, սակայն այդպես էլ պարզ չէ, թե որքան գումար է մուտքագրվել պետական բյուջե դրանց գործունեության արդյունքում: Հիմա էլ Հայաստանը ծրագրում է տիեզերք ուղարկել սեփական արբանյակը, որը մոտ 250 մլն դրամ կարժենա:
Հարցին, թե արդյոք որեւէ աջակցություն ցուցաբերվում է սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքի երեխային, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատասխանեց․ -
«Աժիոտաժը, որ նման դեպքերում լինում է, ինձ համար մի քիչ հասկանալի չէ, որովհետև տվյալ երեխան գտնվում է մեր անմիջական հսկողության տակ և այն դեղորայքը, որը բժիշկները նրան նշանակել են, մեր հիվանդանոցում կա: Այլ բան է, որ կա վերջին սերնդի ինչ-որ դեղորայք, որը ինչ-որ երկրում նշանակվում է: Մենք չենք կարող գնային առումով աշխարհի հետևից շարժվել»:
«Այստեղ ոչ ոք չի երաշխավորում, որ երեխան լիարժեք կապաքինվի: Մի քանի տեղ դիմել ենք, դեռ պատասխանի ենք սպասում: Գերմանական մի կլինիկայում, օրինակ, շատ լավ բուժում է իրականացվում», - նշեց Հենրիկի մորաքույր՝ Մարինե Համբարձումյանը:
Հենրիկին օգնելու նպատակով բացվել է հաշվեհամար Ինեկոբանկում ՀՀ 2050057830501002 տատիկի՝ Վիկտորիա Համբարձումյանի անունով:
Տեսանյութն` այստեղ: