«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի հաջող ավարտից հետո, թվում էր, թե հասարակությունը իր ցասումը կարտահայտի նորանոր հորինված ծառայությունների և դրանց սակագների դեմ, օրինակ՝ կանգառային կարմիր գծանշումների և ավտոկայանատեղիների վճարման նոր համակարգերի դեմ: Սակայն առ այժմ այդ հարցի շուրջ կա տարօրինակ հանդարտություն: Տարօրինակ լռություն է ուսման վարձավճարների թանկացման հետ կապված: Տարօրինակ հանդարտություն կար նաև ոչ վաղ անցյալում գազի սակագների բարձրացման շուրջ քննարկումներում: Ինչ-որ փոքրիկ կսմիթներ, քոմենթչիական սմայլիկներ, և, ըստ էության, ոչ մի լուրջ քննարկում՝ բացառությամբ մեկ-երկու նորմալ հրապարակման: Այս ամենին գումարած եռակի եռանդով սեռական հարաբերությունների թեմայի արծարծումն ու զվարճալի տեսանյութերի ծաղկաքաղի տարածումը ինտերնետում՝ ստացվում է մի իրավիճակ, որը բնութագրվում է «մե ծափ, մե ուրախություն» եզրով:
Հիշեցի ժամանակին լսած մի պատմություն, որը տառացիորեն բնութագրում է ներկայիս հոգեբանական իրավիճակը:
Չգիտեմ որ երկրում, չգիտեմ որ թագավորի օրոք, թագավորը ամեն տարի իր հարկահավաքներին ուղարկում է ժողովրդի մոտ՝ հարկ ու տուրքերը հավաքելու: Հարկահավաքների վերադարձից հետո թագավորը նրանց հարցնում է, թե ժողովուրդը ինչպիսի ռեակցիա է տալիս հարկահավաքության պրոցեսին:
- Ձերդ գերազանցություն, ժողովուրդը ամեն անգամ լաց և ողբ է բարձրացնում, սև սուգ է նստում, մեզ էլ է անիծում, իրենց սև բախտն էլ, դիմադրում են, ապստամբում,- պատասխանում են հարկահավաքները: Լսելով նրանց պատասխանը՝ թագավորը հրամայում է ավելի ծանրացնել հարկ ու տուրքերը: Հաջորդ տարի կրկին հարցնում է ժողովրդի՝ հարկերը վճարելու տրամադրվածության մասին և ստանալով նույն պատասխանը՝ կրկին հարկերը կրկնապատկում է: Եվ այսպես մի քանի տարի: Վերջապես մի օր հերթական հարկահավաքությունից վերադարձած պաշտոնյաները, պատասխանելով թագավորի նույնատիպ հարցին, պատասխանում են.
- Ձերդ գերազանցություն, ժողովուրդը մեզ տեսնելով՝ սկսեց ուրախանալ, երգել, պարել, ուրախությունից ճչալ:
- Եթե սկսել են ուրախանալ և պարել՝ այլևս այդ շրջանները հարկահավաքության մի գնացեք, որովհետև այլևս վճարելու ոչինչ չունեն և հուսահատությունից այլ բան չեն կարող անել, քան ծիծաղելն ու ուրախանալը,- հրամայում է թագավորը...
Հիմա այս ֆեյսբուքյան ծափ-ուրախությունը մի տեսակ չարագուշակ է հնչում...
Վարուժան Բաբաջանյան