Տեղեկատվական անվտանգության մասնագետ Խալիլ Շրիթեհը Facebook սոցիալական ցանցում խոցելիություն է հայտնաբերել, որը թույլ է տալիս ցանկացած օգտատիրոջ էջին գրառում անել, և իր ասածն ապացուցելու համար նա հաղորդագրություն է թողել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի էջին, գրում է РИА Новости գործակալությունը՝ TechCrunch-ին հղումով։

Facebook-ի օգտատերերը կարող են կարգավորումներում նշել, թե ովքեր իրավունք ունեն իրենց «պատին» հրապարակումներ անել։

Նախնական հաղորդագրության մեջ, որը մասնագետն ուղարկել է Facebook-ին, նա ցույց է տվել, որ կարող է հղում տեղադրել Ցուկերբերգի ընկերուհիներից մեկի էջին, որը սահմանափակել է հրապարակումներ անելու հնարավորությունը՝ այն բաց թողնելով միայն ընկերների համար։ Իսկ Շրիթեհը նրա ընկերների թվում չի եղել։ Դրանից հետո սխալը չի շտկվել։

Հաքերն ավելի ուշ գրառում է կատարել Մարկ Ցուկերբերգի էջին։ «Ների՛ր, որ խախտել եմ քո «պատի» մասնավորությունը։ Ես այլ ելք չունեի բոլոր այն նամակներից հետո, որոնք ուղարկել եմ Facebook-ի թիմին»,-գրել է նա։

Մի քանի րոպե անց Facebook-ի աշխատակիցները կապվել են մասնագետի հետ։

Որպես կանոն՝ ցանցահեններն առնվազն 500 դոլար են ստանում ցանցի թերությունները բացահայտելու համար։ Սակայն Շրիթեհը պարգևատրում չի ստանա, քանի որ սխալները մատնանշելու համար պետք է օգտագործել փորձնական հաշիվները, այլ ոչ թե այլ օգտատերերի իրական էջերը՝ առանց նրանց թույլտվության։
Բացի այդ, նրա հաղորդագրությունը մանրամասներ չի պարունակել։