Irakan.info. ՀՀ իշխանություններն այնքան են ուզում իրենք իրենց հավատացնել, թե երկրիս բնակչությունն իրենցից գոհ է, որ արդեն անցել են տարատեսակ բեմադրություններ անելուն: Բացի ապահով Հայաստանի «Հայլուրային» իմիտացիաներն իշխանությունները որոշել են նաեւ վերականգնել հին ու բարի երիտասարդական հավաքները, որտեղ հնարավոր է ուղեղի մասսայական լվացում կազմակերպել: Խոսքն, իհարկե, «Բազե»-ի մասին է, որն այս դեպքում ստեղծված պայմաններում առնվազն զավեշտ է հիշեցնում իր բովանդակությամբ:

Այսօր «Բազե» ճամբարում իշխանական «ոչ պաշտոնական» հանդիպումներ կազմակերպելը երիտասարդության մի մասի' վարձավճարների բարձրացման դեմ պայքարի ֆոնին, առնվազն հենց զավեշտ էլ կարող ես որակել: Սա էժանագին մի հակակշիռ է, որ անում են իշխանությունները, որպեսզի նույն ուսանողությունը հանկարծ չարթնանա թմբիրից: Հասկանում եք, երիտսարդների մի խումբ պայքարում է վարձավճարների բարձրացման դեմ, իսկ մեկ այլ խումբ դափնեպսակներ է տալիս այդ վարձավճարները բարձրացնողներին, մի մասը պայքարում է իրենց իրավունքների համար, մյուս մասը՝ աղուհացով դիմավորում այդ իրավունքները խախտողներին….

Կարող էր չէ պարզապես երիտասարդության հավաք լինել առանց հատուկ ՀՀԿ-ական շեշտադրման: Լավ, դեռ շեշտադրումը ոչինչ, բայց որ այս բազեականներից ոչ մեկ ոչ մի անգամ իրեն ու իր հետ հանդիպման եկած իշխանավորին հարց չի տալիս իշխանությունների վարած քաղաքականության մասին, դա արդեն մտորելու տեղիք է տալիս: Եվ հարց է առաջանում ինչի՞ համար են այս հանդիպումները երիտասարդների հետ թեկուզ «Բազեի» շրջանակներում, եթե նույն հանդիպումների ժամանակ երիտասարներից եւ ոչ մեկը ոչ մի պաշտոնիայի չի հարցնում, օրինակ, «ինչո՞ւ են բարձրացնում վարձավճարները, ինչո՞ւ եք, պարոն Սարգսյան Տիգրան, այնպես անում, որ իմ կուրսընկերն ընտանիքի հետ մեկնի Հայաստանից' դրսում ավելի լավ ապագա գտնելու հույսով…»: Գուցե այս բազեկաններին ընտրում են կանխատեսելիության սկզբունքով. այստեղ հավաքում են միանգամայն անվտանգ երիտասարդների, կամ էլ գուցե «Բազեն» վերածել են բուհերի ուսխորհուրդների վերապատրաստման մի տեղի, որտեղ սովորում են ավելի լավ օճառվել, եւ ինչպես օգտագործել ՈՒԽ նախագահ լինելը՝ առաջ գնալու համար...:

Այդպիսի տխուր նախադեպ իրականում կա: Այսօրվա ՀՀԿ-ական այլեւս նախկին ջահելներից ոմանք իրենք էլ հենց ՈՒԽ-ների միջոցով են ճանապարհը հարթել դեպի այսօրվա քաղաքականություն' ապացուցելով, որ եթե լավ օճառվես, բոլոր դռների արանքներից կարող ես ներս սողոսկել: Նույնը փորձում են անել նաեւ մյուս ուսանողները, ովքեր այսօր «Բազեում» երջանիկ դեմքով պաշտոնյաներին են ընդունում:

Հասկանում եք' միանգամայն տարբեր իրականություն ու հակազդեցություն են փորձում նույն «Բազեով» ստեղծել. տեսեք, այնքան լավն ենք, որ այսօր մեզ աղուհացով են դիմավորում, ինչ լավ են մեզ ընդունում, ինչքան են մեզ սիրում երիտասարդները, իսկ ինչ-որ մի խումբ՝ մեկ երկու հոգուց բաղկացած, ելել, վարձավճարների համար են պայքարում…:

Ահա, «Ապահով Հայաստան»-ի երիատասրդները: Մինչդեռ այս երիտասարդ «բազեները», որոնք թիթեռնիկի թռիչք էլ չունեն դե, որպես թեկուզ ՀՀ քաղաքացի, անազատություն, կուսակցականություն, ավելին, միակուսակցականություն են քարոզում: Կեցցե՛ Խորհրդային միությունը…

Մյուս կողմից, սակայն, այս երիտասարների մեծամասնությունն այնպես չէ, որ խելագարվում է ներկա իշխանությունների համար: Ուղղակի այս լոլոները լսելն իրենց' բազեական ճամբարում գտնվելու գինն է: Ինչ վատ է որ. թող մի երկու պաշտոնյա էլ խոսեն, իրենք, միեւնույնն է, դրանից չեն տուժում: Բացի դա, ինչպես ասում են՝ «չեղած տեղը կաղամբն էլ միրգ է», իսկ այսօրվա պայմաններում, երբ ուսանողներից քչերը կարող են մեկնել ինչ-որ տեղ հանգստի, «Բազեն» իսկական «մրգի» տեղ կգնա:

Հ.Գ. Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վերջապես բարեհաճել է հանդիպել երիտասարդներին, ովքեր բողոքում են ուսման վարձավճարների բարձրացման դեմ: Աշոտյանը բավականին փորձեր արել է և շարունակում է նույն ոգով շոու կազմակերպել՝ համոզել, թե վարձավճարների բարձրացումը կարեւոր է լավ կրթություն ստանալու համար: Այնինչ նույն Աշոտյանն ինքը ու այն համակարգը, որին հնազանդվում է ինքը եւ դրա մի մասը կազմում, բազմիցս ապացուցել են, որ Հայաստանում լավ կրթությունը լավ ապագայի երաշխիք չէ: Առաջ գնալու միակ, ապահով ու իրական երաշխիքն իշխող կուսակցությանը հնարավորինս լավ, ոչ, շա~տ լավ օճառվելն է… Ֆեյսբուքի «արեւ»:

Արտակ Քաջար