Tert.am - ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց տարրական դասարանների աշակերտներին սննդով ապահովելու որոշումը, որի փորձնական ծրագիրը կիրականացվի 2014-2016թթ-ին:

Որոշման նախագիծը գործադիրի անդամներին ներկայացրեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Ծրագրի ռազմավարական նպատակն է՝ աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին ապահովել հավասարակշռված, անվտանգ և որակյալ սննդով»,- ասաց նախարարը:

Ծրագիրը ներկայումս իրականացվում է հիմնականում միջազգային դոնորների միջոցներով և սկզբնական փուլերում ևս հենց նման միջոցների ներգրավում է նախատեսվում: Սակայն մյուս փուլերում արդեն ՀՀ կառավարությունն, աստիճանաբար ստանձնելով ծրագրի իրականացման պատասխանատվությունը, կապահովի դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը:

Հիմնական փորձնական ծրագիրը կմեկնարկի 2014 թվականին Վայոց Ձորի մարզում: Փորձնական ծրագրում կընդգրկվեն Վայոց Ձորի մարզի 42 համայնքների 45 հանրակրթական դպրոցների 186 տարրական դասարանների շուրջ 2200, ինչպես նաև դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված 182 սովորողներ (ընդհանուր թվով՝ 2382 սովորողներ):

Սնունդը կտրամադրվի ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում՝ շաբաթը 5 օր: Տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում ընդգրկված սովորողներին ամեն օր' մինչև ժամը 12-ը կմատուցվի կաթ և թխվածք: Դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը մեկ սովորողի համար կկազմի օրական 140 դրամ, որն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) և թխվածք/բուլկի (60 գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, երեխաներին կարող են հատկացվել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ և այլն:

Հանձնարարականը տրվեց ԿԳ և ֆինանսների նախարարներին' սույն որոշմամբ նախատեսվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարության և փորձնական ծրագրի 2014-2016թթ. միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները ՀՀ պետբյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում:

Միաժամանակ կառավարության որոշման նախագծում կարդում ենք նաև ծնողների՝ ծրագրին ունենալիք ֆինանսական մասնակցությանը վերաբերող մի հատված, որը կասկածներ է հարուցում սննդի՝ անվճար լինելու հանգամանքի առումով:

«Ներդնելով Ծրագրին ծնողների ֆինանսական մասնակցության արդյունավետ մեխանիզմներ, որի փորձն արդեն իսկ կա ՊՀԾ (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր) ծրագրի շրջանակում, հնարավոր կլինի ապահովել դպրոցականների տաք սնունդը և սննդի առավել հավասարակշռվածությունը: Ծրագիրը կընդլայնի ծնող-դպրոց-համայնք համագործակցությունը: Ծնողները և համայնքը մեծ ներգրավվածություն կարող են ունենալ ծրագրում և՛ նյութապես, և՛ ֆինանսապես, ինչպես նաև սեփական աշխատուժի ձևով: Ծնողների և համայնքի մասնակցությունը ծրագրին հանդիսանում է ծրագրի կայունության և արդյունավետության ապահովման հիմնական գործոններից մեկը, որի շնորհիվ դպրոցներում անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում տաք սննդով ապահովելու ոչ միայն տարրական, այլև բարձր դասարանների աշակերտներին»: