Երբ մարդիկ տեսնում են, որ որևէ նորմ չի գործում, մարդիկ գնում են ներպետական ազատագրական կամ ֆիզիկական պայքարի: Նման գնահատականներ են այսօր հնչեցրել Նախախորհրդարանի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Կոմիտաս 5 հասցեում ընդդեմ «Լիբեր» ընկերության շինարարության դեմ քաղաքացիական պայքարի մասին: Այս հայտարարությունը վկայում է, որ գործ ունենք դինամիկ զարգացող քաղաքացիական անհնազանդության հետ:

Ըստ էության՝ սրանք սոցիալական բունտի տեղային բռնկումներ են: Քաղաքացիների վարքագիծը նման է արդարադատության բոլոր ատյանները սպառած մարդկանց վարքագծի: Հասարակական ակտիվը, դուրս գալով փողոցային պայքարի, ոչ միայն պայքարում է կոնկրետ երևույթի դեմ, այլ հարմար առիթի դեպքում ցույց է տալիս իր հակաիշխանական տրամադրությունները: Մեծ հաշվով, այս ակցիաները հակաիշխանական ցասման լոկալ դրսևորումներ են, որոնք, սակայն, սկսել են դինամիկ զարգանալ:

Քաղաքացիների կողմից ֆիզիկական պայքարի ներքին մղումը այն վտանգավոր սահմանագիծն է, որն անցնելուց հետո պետությունը նետվում է անորոշ քաղաքական և քաղաքացիական գործընթացների հորձանուտը: Եղանով ու բահով փողոց դուրս եկող քաղաքացին կորցնելու ոչինչ չունի, հետևաբար, նման երևույթի առկայության դեպքում, շատ դժվար կլինի հունավորել քաղաքացիների հակաիշխանական տրամադրությունները:

Սա՝ բարի խորհրդի կարգով: Հետո չասեք՝ չենք գիտակցել...

 

 

Վարուժան Բաբաջանյան