Ազգային ժողովի պետաիրավական, ինչպես նաև եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը հանդես են եկել «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» մասին օրենքի նախագծով, որը պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն՝ ինչպես անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելելու, այնպես էլ այդ հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակները խստացնելու առումով:
Ինչպես Tert.am-ին հայտնեց Դավիթ Հարությունյանը՝ գաղափարը վերցված է ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ այդպես էլ օրենքի տեսք չստացած նախագծից (մանկապիղծների համար պատիժների խստացման առումով), սակայն, նրանց խոսքով՝ կան էական նոր փոփոխություններ:
«Սա զուտ խստացում չէ, նախագծում կան բազմաթիվ հստակեցումներ: Խոսքը վերաբերում է ոչ թե զուտ տերմիններին, այլ համաձայնություններին, որոշակի տարիքից ներքև՝ համաձայնության բացառմանը: Փորձում ենք հաշվի առնել առկա իրողությունները և այլն»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Tert.am-ի հետ զրույցում օրենքի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ «ներկա պատժաչափերն անբարո հանցագործությունների հանդեպ իրավաչափ ու համաչափ չեն և անհրաժեշտություն ու կարիք կար դրանք խստացնել, հանդես ենք եկել այդ նախաձեռնությամբ»: «Ես ինքս կողմ էի ավելի ռադիկալ միջոցների, բայց կոմպրոմիսի արդյունքում հանգեցինք այս տարբերակին»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ օրենսդրական այդ նախաձեռնությամբ Վիկտոր Դալլաքյանն առաջարկում էր քիմիական ամորձատման ենթարկել մանկապիղծներին:
Ի պատասխան հարցի, թե «ռադիկալ» ասելով նկատի ունի Վիկտոր Դալլաքյանի կողմից առաջարկված քիմիական ամորձատո՞ւմը, Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Այո՛»:
Իսկ Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ ավելացրեց.«Այս պահին նախագիծն այդ հարցին պատասխան չի տալիս, քանի որ այն պահանջում է լրացուցիչ որոշակի ուսումնասիրություն: Ինձ համար»:
Դավիթ Հարությունյանի համար հարցականների տեղիք են տալիս ինչպես այդ մեթոդի արդյունավետությունը, այնպես էլ կիրարկման ձևերը:
«Չգիտեմ՝ որքանո՞վ եք տեղյակ՝ քիմիական կաստրացիան ժամանակավոր միջոց է, ինքը հավերժ չէ, իսկ դա նշանակում է, որ անձը անընդհատ պետք է բուժումներ (ներարկումներ ստանա), դա արվում է կամովին, և այլն: Այս բոլոր հարցերը պետք է հստակ պատկերացնել»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս հարցը բավականին ակտիվորեն քննարկվում է, քանի որ անդամ երկրներ կան, որոնցում կաստրացիան իրականացվում է հարկադիր, երկրներ կան՝ կամովի հիմունքներով: Եվ ԵԽԽՎ ընդհանուր տոնայնությունն այն է, որ օրենսդրորեն ամրագրվի, որ քիմիական ամորձատումը կամովի միջոց է:
Ինչ վերաբերում է ամբողջ նախագծին, ապա դրանով նախատեսվում է էապես վերափոխել ՀՀ քրեական օրենսգրքի 18–րդ գլուխը, որով նախատեսված են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները:
Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող նման բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ:
Շարունակությունը` այստեղ: